Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ մեկ դար առաջ ութդարյա մաքառումից հետո ձեռք բերված անկախությունը փլվեց բոլշևիկների ու քեմալականների ոտքի տակ, օրվա հայ քաղաքական էլիտային դրա համար այսօր մի շարք պատմաբաններ, քաղաքագետներ մեղադրում են արևմտամետ լինելու, Սևրի պայմանագրին ու դրա հեղինակ երկրներին հավատ ընծայելու, տարածաշրջանային ուժերի դասավորվածությունը չհասկանալու և ժամանակին «չկարմրելու», այսինքն՝ խելամիտ դիվանագիտություն չբանեցնելու և երկրում ժամանակին խորհրդային կարգեր չհաստատելու մեջ: Հանիրավի չեն այդ մեղադրանքները:
Հիմա՝ մերօրյա քաղաքական «անտերուդուսության» պայմաններում, երբ թվում է, թե ամեն հնարավոր սխալ արդեն գործվել է, «ո՛չ անցյալ, ո՛չ ներկա» նշանաբանով առաջ են վազում քաղաքական չհիմնավորված հավակնություններով առլեցուն մի խումբ արկածախնդիրներ՝ արժանավոր զավակունք Քաջն Նազարի, որոնց ամբողջ խոսույթն այն է, որ Արևմուտքը պիտի գա, մեզ փրկի սև և սպիտակ թուրքերից, հատկապես՝ սպիտակ թուրքից: Դարձյալ նույն կրավորական հոգեվիճակն է՝ ուրիշը պիտի գա, փրկի, մենք միայնակ չենք կարող, ու էս մեր հերոսներն, ընկած, մի հանգի Նժդեհ է, որ ցիտում են, ասես՝ մեծբրիտանական ամբողջ նավատորմը եկել, բարձրացել էր Սյունաց լեռներ և օգնում էր Նժդեհին ու Լեռնահայաստանին:
Ինչևէ, վերադառնանք մեր ոչխարներին, ավելի ճիշտ՝ ծռերին: Վխտում են փողոցներով՝ իրենց գլխին հավաքելով դյուրահավատ ու թերահավատ մարդկանց, ու պետությունների դրոշների դաս հիշեցնող մի շքերթ է ծայր առնում դեպի այս կամ այն երկրի դեսպանատուն՝ երեսին թքելու կամ ճակատ համբուրելու նպատակով: Եվ հպարտ ու վեհորեն փողփողեցնում են դրոշները՝ ԱՄՆ-ի, որի Վիլսոնյան իրավարար վճռի արևով պատրաստ են երդվել մեր հերոսները՝ մոռանալով, որ այդ վճռի իրագործման համար ԱՄՆ-ը մատը մատին չտվեց, Մեծ Բրիտանիայի՝ մոռանալով նրա կեցվածքը Հայոց ցեղասպանության ողջ ընթացքում, ընդհուպ՝ մինչև Ցեղասպանության կազմակերպիչներին Մալթայում պատսպարելն ու փրկելը. իսկ ինչո՞ւ, մտածե՞լ եք, Ֆրանսիայի՝ մոռանալով Կիլիկիայի անխոս հանձնումը Քեմալին՝ հայերով հանդերձ, որոնք, բնականաբար, կա՛մ կոտորվեցին, կա՛մ, լավագույն դեպքում, գաղթեցին:
Հասկանալի է, որ նրանց հետևից քայլարշավող ոչ բոլորն են պարտավոր տեղյակ լինել, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սերբիան մենակ մնաց Ավստրոհունգարիայի դեմ, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Չեխոսլովակիան՝ Հիտլերի դեմ: Սրանք Արևմուտքի տված խոստումների «կատարման» դասական օրինակներ են: Խոստումներ, որոնցով ապրում ու շնչում են մեր հերոսները: Ուսանելի է նաև ԱՄՆ-ի դաշնակից Վրաստանի օրինակը օգոստոսյան հնգօրյա պատերազմի ժամանակ:
Ինչևէ, այս շարքը շատ երկար է, անցնենք բուն թեմային, այն է՝ երեք հարց՝ ուղղված բևեռականներին, նույն իրենք՝ Սասնա ծռեր:
1. Դուք համոզվա՞ծ եք, որ ԱՄՆ-ը պատրաստ է զոհել ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ Թուրքիայի շահերը՝ հանուն Հայաստանի: Չնայած այսօրվա ռուս-թուրքական հեղհեղուկ ու անհաստատ սիրախաղին, թե՛ Թուրքիան և թե՛ ԱՄՆ-ը քաջ գիտակցում են, որ վաղ թե ուշ Թուրքիան վերադառնալու է Արևմուտքի տաքուկ ու իր համար մշտաբաց գիրկը:
2. Գոյություն ունի՞ որևէ փաստաթուղթ կամ այլ փաստ, համաձայն որի՝ Արևմուտքը պարտավոր է կամ գոնե լուրջ ցանկություն ունի, կամ գոնե ազգային շահ ունի մեր տարածաշրջանում և պարտրաստ է օգնություն տրամադրել Հայաստանին (Վիլսոնյան մանդատը այսպես էլ մնաց գետնին):
3. Եվ եթե հանկարծ պարզվի, որ, այնուամենայնիվ, այդպիսի շահեր կան, ի՞նչ տրամաբանությամբ պետք է օգնություն ցուցաբերի (հատկապես՝ հիմա) իրենից լուրջ ուժ չներկայացնող Հայաստանին, այլ ոչ, ասենք, այս պահին ավելի հզոր ու խոստումնալից դաշնակից Ադրբեջանին:
Եվ հիշեք, այնուամենայնիվ, որ եթե լինեին իրական և լուրջ շահեր, Արևմուտքը վաղուց արդեն այստեղ ներկա կլիներ:
Այս հարցերի խելամիտ պատասխանները կուզենայի լսել, եթե, իհարկե, կան դրանք, այլ ոչ թե զգացմունքաշաղախ գոռգոռոցներ՝ ուղղված տարածաշրջանում հեգեմոն ճանաչված երկրին:
Տիգրան Չանդոյան