կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-15 13:35
Քաղաքական

«Դրօշակ»ի առաջնորդող. Իսրայելի դերակատարությունը 44-օրյա պատերազմի օրերին և ոչ միայն (հոդված 2)

«Դրօշակ»ի առաջնորդող. Իսրայելի դերակատարությունը 44-օրյա պատերազմի օրերին և ոչ միայն (հոդված 2)

2019 թ. Գոդ Նիսանովն ու Զարախ Իլիևը բացում են «Մոսկվայի լեռնային հրեաների միություն» կենտրոնը: Ձախից երկրորդը Իլիևն է, երրորդը` Նիսանովը

Թուրք-իսրայելական համագործակցությունն` ընդդեմ
ընդհանուր թիրախների

«Դրօշակ»-ի նախորդ համարի «Առաջնորդողում» անդրադարձել էինք Իսրայելի դերակատարությանը Արցախի դեմ 44-օրյա պատերազմում և ընդհանրապես Ադրբեջանի անկախացումից հետո այս երկու երկրների քաղաքական ու հատկապես ռազմական գործակցությանը։ Փաստերն անառարկելիորեն վկայում են, որ այս ողջ ընթացքում Իսրայելը ոչ միայն եղել է պատերազմող Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարներից մեկը, այլև իր ներգրավվածության չափով կարող է համարվել տվյալ հակամարտության մասնակից՝ ընդդեմ իր ազատության համար պայքարող արցախահայության։ Հրեաները Ադրբեջանին ցուցաբերել ու ցուցաբերում է նաև լոբբիստական օժանդակություն տարբեր երկրներում և մասնավորապես ԱՄՆ-ում ու Ռուսաստանում։

Իրականում այս համագործակցությունն ավելի ընդգրկուն է, և դրա գլխավոր մասնակիցներից մեկն էլ Թուրքիան է։ Ինչ վերաբերում է թուրք-իսրայելական համագործակցությանը, ապա Արցախի դեմ ագրեսիային մասնակցությունը դարձել է այս երկու երկրների միջև եղած լարվածության հաղթահարման, փոխհարաբերությունների ակտիվացման գործոններից մեկը։ Ավելին, «Newsru.co.il»-ի վկայությամբ, իսրայելացի լրագրող Բարաք Ռավիդը «Axios» ամերիկյան պարբերականում, հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին, գրել է, որ այժմ Թուրքիայի և Իսրայելի բանակցություններում որպես միջնորդ հանդես է գալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նշվում է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իսրայելի արտգործնախարար Գաբի Աշկենազիի զրույցի մասին, որի ընթացքում շեշտվել է, որ, Բաքվի կարծիքով, Իսրայելի և Թուրքիայի համար բարենպաստ ժամանակ է երկխոսություն սկսելու համար:

Պատահական չէ, որ, 44-օրյա պատերազմից շատ չանցած, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե եկել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պահը։ Նույն՝ 2020 թ. դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում Թուրքիայի նախագահը նաև ասել է. «Հետախուզության ոլորտում Իսրայելի հետ մեր հարաբերությունները երբեք չեն դադարել»։ Ի դեպ, այս փաստը ինչ-որ չափով հաստատում է և այն ենթադրությունը, որ տասնամյակի չափ ձգված թուրք-իսրայելական լարվածությունը, որի գլխավոր պատճառներից մեկն էլ իբրև թե հանուն ողջ իսլամական աշխարհի պաշտպանության Թուրքիայի կեցվածքն էր, մասնավորապես՝ Իսրայելի հասցեին պարբերաբար հնչող կոշտ հայտարարությունները Պաղեստինի ժողովրդի իրավունքների մասին, չուներ լուրջ և խորքային բնույթ։

Միաժամանակ՝ Անկարան զգուշանում էր Իսրայելի հետ հարաբերությունների ջերմացումից, որպեսզի դրանով լարվածություն չստեղծեր Թեհրանի հետ հարաբերություններում։ Արցախի դեմ նոր ագրեսիան, սակայն, այնքան մեծ խաղ էր, որի համար Թուրքիան խաղասեղանին էր դրել քաղաքական մեծ խաղադրույքներ։ Էրդողանը հաշվարկել էր նաև, որ հաջողության դեպքում զգալիորեն կմեծացնի Թուրքիայի ազդեցությունը Ռուսաստանի վրա։ Հիմքեր կան պնդելու, որ դա նրան հաջողվել է, թեև խաղը թելադրողը մնացել է Ռուսաստանը։ Վերջին հանգամանքը որոշակիորեն սահմանափակել է նոր ձևավորվող կոնֆլիկտային տարածաշրջանում Թուրքիայի, ինչպես և Իսրայելի մանևրելու հնարավորությունները, բայց և այնպես, այսօրվա աշխարհի ամենանախաձեռնող ու համարձակ քաղաքական գործիչը՝ Էրդողանը, երբեք կանգ առնողը կամ սեփական ագրեսիվ ծրագրերից նահանջողը չէ։ Որ դա այդպես է, ցայտուն կերպով երևում է մեր սահմաններում ու Արցախի շուրջ թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նախաձեռնություններից ու հավակնություններից։

Ռուսաստանը իր խաղաղապահներով դեռ երկար ժամանակ կարող է «սանձերն իր ձեռքում պահել», ինչին հակակշռելու համար Թուրքիան և Ադրբեջանը կարող են միջնորդության խնդրանքով դիմել Ամերիկայի հրեա լոբբիստներին։ Այդ լոբբին մեծ հաջողությամբ գործեց արցախյան վերջին պատերազմի օրերին։ ԱՄՆ-ի Քուինսի քաղաքի պետական կառավարման ինստիտուտի քաղաքական դիտորդ Էլդար Մամեդովի խոսքերով. «Ղարաբաղյան պատերազմում իսրայելական լոբբին ԱՄՆ-ում կարողացավ չեզոքացնել հայկական ազդեցիկ սփյուռքի ազդեցությունը, ինչը մեծապես նպաստեց Ադրբեջանի հաղթանակին»: Ըստ Մամեդովի՝ իսրայելական լոբբիստներին հաջողվել է ընդունելի դարձնել այն թեզը, թե Հայաստանը Իրանի դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ Իսրայելի։ Ի դեպ, այս թեզը միաժամանակ պատրվակ պետք է ծառայեր իրանցի ազերիների պանթուրքիստական շրջանակների ակտիվացման համար, ինչը և որոշ չափով տեղի ունեցավ։ Կարելի է հիշել պատերազմի օրերին նրանց բարձրացրած աղմուկը իբրև թե Իրանի տարածքով Հայաստան մտնող ռուսական և իրանական զենքի համար։ Կարելի է նաև ենթադրել, որ Իրանի պանթուրքիստների աշխուժացումը որոշակի ազդեցություն ունեցավ հարևան Իրանի արդեն նախկին իշխանությունների վրա, որոնք հենց իրենց երկրի շահերի տեսանկյունից դրսևորեցին ճակատագրական անվճռականություն։

Վերադառնանք, սակայն, մեր հիմնական ասելիքին։ Ամերիկայում հրեական լոբբիի ջանքերով թուրք-ադրբեջանական տանդեմի նոր հաջողությունների համար անհրաժեշտ է, որ Էրդողանը բարելավի հարաբերությունները Ջո Բայդենի հետ։ Այդ բարելավման նշանները դեռևս չեն զգացվում, դեռ ավելին՝ վերջին շրջանում ԱՄՆ-ն, Ֆրանսիան և անգամ Թուրքիայի ավանդական բարեկամ Միացյալ Թագավորությունը առանձնաբար ռազմաքաղաքական համագործակցության սերտացմանն ուղղված համաձայնագրեր են կնքում ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Հունաստանի հետ, որի հարաբերությունները Թուրքիայի հետ ներկայումս սրվում են։

Իսրայելին էլ չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ Սպիտակ տան նոր ղեկավարը, մերժելով իր նախորդի քաղաքականությունը, կարծես թե վերադառնում է իր կուսակից նախագահ Օբամայի որդեգրած՝ Իրանի հետ հարաբերությունների մեղմացման քաղաքականությանը։ Միջուկային գործարքի շուրջ վերագործարկելով նախկին գործընթացները, բարելավելով հարաբերությունները Իրանի հետ՝ ԱՄՆ նախագահը կարող է ստեղծել տարածաշրջանում Թուրքիայի աճող ազդեցությանը հակակշռող ևս մեկ լծակ։

Մյուս կողմից, Մերձավոր Արևելքից և Աֆղանստանից զորքերը դուրս բերելով, Ամերիկան թուլացնում է իր ազդեցությունն այս տարածաշրջանում, ինչին զուգահեռ՝ իր ազդեցությունն է մեծացնում Իսրայելը։ Վերջին շրջանում նրան հաջողվել է բարելավել հարաբերությունները մի քանի արաբական երկրների հետ, հատկապես նրանց, որոնք վատ հարաբերություններ ունեն Իրանի հետ։ Այստեղ ևս բացվում են Թուրքիայի հետ համագործակցության լայն հորիզոններ, և այդ ուղղությամբ նրանք կատարում են ընդառաջող քայլեր։ Արցախյան պատերազմը ակնառու և հաջող օրինակ է, թուրք-իսրայելական համագործակցության` ընդդեմ ընդհանուր թիրախների։

ՌԴ քաղաքական էլիտան, ադրբեջանա-հրեական կլանը,
Հայաստանը և Արցախը

Ի տարբերություն Հայաստանի՝ անցած տասնամյակներին Ադրբեջանը բազմաձև ու բազմամակարդակ ակտիվ աշխատանք է իրականացրել ամբողջ աշխարհում։ Այդ աշխատանքների շրջանակներում է նաև դիվանագիտական-լոբբիստական գործունեությունը։ Իսկ թե դրանք Ադրբեջանն ինչ մեթոդներով է իրականացրել, եղել են բազում բացահայտումներ ու հրապարակումներ։
Երևի ոչ մի երկրում ադրբեջանցիները այնպիսի հզոր տնտեսական հնարավորություններ չունեն, ինչպես Ռուսաստանում։ Այդ հնարավորությունների առյուծի բաժինը կապվում է Ադրբեջանից Ռուսաստան ներգաղթած լեռնային կամ աշկենազի հրեաների հետ։

Ռուսաստանյան անկախ հետաքննող լրագրողների «Proekt.media» միավորումը 2020 թ. դեկտեմբերի 18-ին հրապարակել է «Ադրբեջանի տարին Ռուսաստանում. Գոդ Նիսանովի դիմանկարը, մարդ, ով գիտի՝ ինչպես ընկերանալ և առևտուր անել» վերնագրով հետաքննությունը: Հետաքննության թեման ՌԴ մայրաքաղաքում Ադրբեջանից սերված հրեական կլանի՝ գլխավորապես տնտեսական ոլորտում գործունեությունն է, որի աչքի ընկնող դեմքերից մեկը Գոդ Նիսանովն է: «Գոդ» բառը, որը ռուսերեն նշանակում է «տարի», որպես բառախաղ է գործածվել վերոնշյալ նյութի վերնագրում՝ այդպիսով ակնարկելով նաև 2020 թ. պատերազմի և նշյալ կլանի անտեսանելի ազդեցության մասին:

Գոդ Նիսանովի և ադրբեջանական տարածքում ապրած աշկենազի հրեաների ունեցած կապերը Ռուսաստանի քաղաքական բարձր շրջանակների հետ կարո՞ղ էին արդյոք ազդեցություն ունենալ Ռուսաստանի կրավորական դիրքորոշման վրա Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին։ Կարո՞ղ էր այդ դիրքորոշման վրա որոշակի ազդեցություն ունենալ այն հանգամանքը, որ ռուսաստանցի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ կամ նրանց զավակները ներգրավված են Ռուսաստանում, գլխավորաբար Մոսկվայում գործունեություն ծավալող ադրբեջանական ծագմամբ հրեաների բիզնեսներում, իսկ նրանց ընտանիքները օգտվում են այդ առատաձեռն ու Ռուսաստանը շատ սիրող գործարարների բազմաբնույթ ծառայություններից։

Վերադառնանք Գոդ Նիսանովին և Ռուսաստանում գործունեություն ծավալած ադրբեջանական ծագմամբ մյուս հրեա գործարարներին։

Ըստ «Forbes»-ի տվյալների՝ Գոդ Նիսանովը երկար տարիներ եղել է Ռուսաստանի ամենահաջողակ գործարարներից մեկը։ Նրա կարողությունը 2021 թ. կազմել է 3,3 մլրդ դոլար։
Նիսանովը պատանի տարիքում է տեղափոխվել Մոսկվա ադրբեջանական Կրասնայա Սլոբոդա (ներկայումս՝ Քիրմիզի Քասաբա/Qırmızı qəsəbə) ավանից, որը հիմնականում բնակեցված է լեռնային հրեաներով: Մոսկվայում նա իր մշտական գործընկեր Զարախ Իլիևի հետ սկսել է հայտնի Չերքիզևսկյան շուկայում զբաղվել առևտրով:

Պետք է նշել, որ լեռնային հրեաները միշտ ակտիվ մասնակցություն են ունեցել մոսկովյան առևտրին: Չերքիզևսկյան շուկայի սեփականատերը Նիսանովի հայրենակից Թելման Իսմայիլովն էր, որը նույնպես լեռնային հրեա էր, բայց Բաքվից: Գոդ Նիսանովի բազմամյա գործընկեր Զարախ Իլիևը նույնպես բիզնեսը սկսել է Չերքիզևսկյան շուկայում:

Գենադի և Սոլոմոն Մանաշիրով եղբայրները Մոսկվայի բազմաթիվ առևտրի կենտրոնների սեփականատերերն էին, որոնցից էին «Պրաժսկի պասսաժ»-ը, «Արմադա»-ն, «Կոլումբուս»-ը և այլն: Լեռնային հրեա Թաիր Գիլալովը Իզմայլովսկու շուկայի համասեփականատեր էր, նրա որդիները՝ Ակիֆը և Զաուրը, Մոսկվայում մի քանի առևտրային համալիրներ ունեին:

Հայտնի «Ելիսեևսկի» մթերային խանութի սեփականատերը ադրբեջանցի մեկ այլ լեռնային հրեա էր՝ Յակով Յակուբովը, ով մամուլում ստացել էր «Տվերսկայայի տերը» տիտղոսը։ Յակուբովը «լավագույն տների» անշարժ գույքի ամենամեծ ցանցի տերն էր համարվում: Նա նաև հայտնի է նրանով, որ սեփական եռահարկ «պալատ» է կառուցել խորհրդային ժամանակներից հայտնի «VDNKh»-ի (Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես) կենտրոնում: Նրանք, ովքեր հասցրել էին մեծ բիզնեսի աշխարհ մտնել ելցինյան ամենաթողության տարիներին և հետագայում էլ իհարկե չէին փայլել ազնիվ գործելակերպով (բացառությամբ Նիսանովի և Իլիևի), վատ վերջ են ունեցել։

«Նիսանովը անզուսպ կիրք է տածում առևտրի կենտրոնների նկատմամբ»,- ասել է Ռուսաստանի կառավարության նախկին անդամներից մեկը: «Proekt»-ի թղթակցի հարցին, թե ով է պաշտպանում Գոդ Նիսանովին, երբ վերջինս բիզնեսում դժվարություններ է ունենում, կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան պատասխանել է. «Նրանք շատ կարևոր մարդիկ են»:

Միլիարդատեր Նիսանովի բիզնեսը Մոսկվայում (proekt.media)

«Proekt»-ը հաշվել է «Կիևսկայա պլոշչադ»-ին (Կիևյան հրապարակ) պաշտոնապես պատկանող ընկերություններում մոտ 40 հիմնադիրների անուններ: Ընթերցելով այդ անունները՝ կարելի է այն տպավորությունը ստանալ, թե Ադրբեջանի Կրասնայա Սլոբոդա բնակավայրի յուրաքանչյուր բնակիչ մասնակցում է «Կիևսկայա պլոշչադ»-ի բիզնեսին: «Կիևսկայա պլոշչադ»-ը Ռուսաստանի առևտրային անշարժ գույքի շուկայում ամենախոշոր վարձակալն է (rantie), իսկ ըստ «Forbes»-ի «Ռուսաստանի անշարժ գույքի թագավորներ» վարկանիշի՝ 2017 թ. վերջին նրա եկամուտը կազմել է 1,5 մլրդ դոլար:

Նիսանովի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից է Էլման Բայրամովը: Նրան է պատկանում «Մոսասերվինզավոդ» ընկերությունը, որն արտադրում է կոնյակ, պորտվեյն և օղի: Բայրամովը նաև Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովի ընտանիքի անդամ է. գործարարի դուստրն ամուսնացած է քաղաքական գործչի որդու հետ:

Ադրբեջանական հետքը և քաղաքականությունը

2014 թ. «Արխնաձոր» շարժման համակարգող Անդրեյ Նովիչկովը հրապարակում է «Atlantic Aeronautic» ընկերության կողմից Մոսկվայի Տվերսկայա-Յամսկայա 1-ին պատմական հուշարձանի ավերման մասին նյութեր: «Atlantic Aeronautic» ընկերությունը գրանցված է Ադրբեջանում` Բաքվի Լև Տոլստոյի 170 հասցեում, որտեղ գտնվում է «PASHA Insurance» ընկերության գրասենյակը, որն էլ «PASHA Holding»-ի՝ Ադրբեջանի նախագահի ընտանեկան ընկերության մաս է: Քանդումից մեկ տարի անց Մոսկվայի քաղաքային սեփականության դեպարտամենտի` կառուցապատող «Atlantic Aeronautic»-ի դեմ հայցադիմումում Ադրբեջանի նախագահի դուստրը՝ Լեյլա Ալիևան, ուղղակիորեն նշվում է որպես պատասխանող:

Ադրբեջանի նախագահի դստեր բիզնեսը նույնպես առնչվում է Գոդ Նիսանովին: Նա է ֆինանսական օգնություն ցուցաբերում Ալիևային Ռուսաստանում: «MFK» ընկերությունը, որը «Կիևսկայա պլոշչադ» խմբի անդամ է, հանդես է եկել որպես երաշխավոր «Atlantic Aeronautic»-ի կողմից` առնվազն 400 միլիոն ռուբլի վարկի դիմաց: Բացի այդ` Նիսանովի հետ կապված «Akkord Spetsstroy» ընկերությունը վերակառուցել է Ադրբեջանի տաղավարը «VDNKh»-ում (տաղավարը կառավարում է «Բաքվի բիզնես կենտրոնը», որը կապված է Լեյլա Ալիևայի հետ): «Akkord Spetsstroy»-ի հիմնադիրներն էին Իլգար Հաջիևը և երկու տղամարդ, որոնց անուններով նախկինում գրանցված էին «Կիևսկայա պլոշչադի» բիզնեսները: Հաջիևը նշում է, որ «Akkord Spetsstroy»-ում իրենք ներկայացնում էին Նիսանովին:

Ադրբեջանի ղեկավարության հետ սերտ հարաբերությունների միջոցով Նիսանովը ներգրավվել է միջազգային քաղաքականության ոլորտ: 2020 թ. ամռանը` հայ-ադրբեջանական նոր հակամարտության բռնկման ժամանակ, «Food City»-ի շուկան դարձել էր այն վայրը, որտեղ հաշիվներ են մաքրվել, և ուր պարզապես այլևս թույլ չէին տալիս մուտք գործել հայ առևտրականներին՝ իրենց բեռնատարներով:

Նիսանովի գործընկեր Իլգամ Ռահիմովը ադրբեջանական «Մուսավաթ» թերթին տված հարցազրույցում պարծեցել է, որ իրենց կողմից հայերին հասցված վնասը կազմել է «հարյուրավոր միլիոն» դոլարներ:

Նրա խոսքերով` ռուսաստանցի պաշտոնյաները կապ են հաստատել իր հետ, սակայն ինքը և Նիսանովը նրանց ասել են. «Մի՛ խառնվեք այս գործին»: Որոշումը ուրախություն է առաջ բերել ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների շրջանում: Հայ դիվանագետներին, որոնք գնացել էին բանակցելու, «Վիտյազ» մասնավոր անվտանգության ընկերության պահակները վտարել են տարածքից:

Ըստ «vlasti.info» լրատվամիջոցի 2021 թ. մայիսի 31-ի հաղորդագրության` Մեծ Բրիտանիայում ապաստանած նույնպես լեռնային հրեա օլիգարխ Թելման Իսմայիլովը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին: Նամակում նա մանրամասն նկարագրել է Կրասնայա Սլոբոդա ավանի օլիգարխների սխեմաները, մասնավորապես պատմել այն մասին, թե ինչպես է Գոդ Սեմյոնովիչ Նիսանովը միատեղել քրեականներին օլիգարխներին և իշխանությանը:

Ի դեպ, Ռուսաստանի` ադրբեջանական ծագմամբ լեռնային հրեաների գերազդեցիկ կլանի գործունեության և այլ, այդ թվում` քաղաքական ու քրեական ոլորտներում համագործակցության կամ ազդեցության մասին կան փաստացի տվյալներ, որոնք թույլ են տալիս Մեծ Մերձավոր Արևելքի որոշ տարածաշրջաններում ընթացող իրադարձություններում ևս, այդ թվում` պատերազմական, տեսնել նրանց «հետքերը»:

«Դրօշակ» թիվ 11 (1660), նոյեմբեր 2021 թ.