Սիւնիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021 թ. նոյեմբերի 11-ից յայտարարւած ադրբեջանական, այսպէս կոչւած, սահմանային ու մաքսային վերահսկողութիւնը, եւ դրան հետեւած իրադարձութիւնները մէկ անգամ եւս փաստեցին, որ 44-օրեայ պատերազմը տարածաշրջանում ամբողջութեամբ փոխել է ուժերի յարաբերակցութիւնը։
Տարածաշրջանը, ուր Հայաստանն է գտնւում, գլխիվայր փոխւել է։ Փոխւել է ի վնաս եւ ի դժբախտութիւն Հայաստանի։ Փոխւել են խաղի կանոնները Հարաւային Կովկասում, իսկ Հայաստանի դերակատարութիւնը իջել է՝ հաւասարւելով գրեթէ զրոյի։ Միջպետական յարաբերութիւններում Հայաստանը սուբիեկտից (գործօն) վերածւել է օբիեկտի (գործիք): Միջազգային յարաբերութիւններում պետութեան կշիռը բառի ամենաբուն իմաստով մանրադրամի է վերածւել, ուրիշները կարող են նրա վերաբերեալ որոշումներ կայացնել առանց պաշտօնական Երեւանի հետ քննարկելու, իսկ շնորհիւ անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդմանը, անվտանգային մթնոլորտ գրեթէ գոյութիւն չունի:
Երկու կարծիք լինել չի կարող. նոյեմբերի 9-ին ստորագրւած կապիտուլիացիոն յայտարարութիւնից յետոյ ոչ միայն չի վերացել նոր պատերազմի վտանգը, այլ, ընդհակառակը նոր մակարդակի է բարձրացւել:
Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրաւորւած ու նպատակային գործողութիւնները, սկսած թուրք զինւորականների առաւել շեշտաւորւած ներկայութիւնից Ադրբեջանում, մինչ մէկը միւսի յետեւից զօրավարժութիւնների կազմակերպումը, որոնց յաճախ մասնակցում են նաեւ երրորդ երկրի, որոշակիօրէն՝ Պակիստանի զօրամիաւորումները, յստակ մեսիջներ են առ այն, որ Անկարան ու Բաքուն մտադիր չեն բաւարարւել ձեռք բերածով, եւ ցանկանում են վերցնել աւելին։ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից հնչող ուղերձները, թէ Հայաստանը պէտք է վերջ տայ թշնամութեանը, չմտածի ռեւանշիզմի մասին, համակերպւի կապիտուլիացիայի հետ ու անվերապահ կատարի իրենց պահանջները, տեղաւորւում են հէնց այդ մտադրութեան տրամաբանութեան սահմաններում:
Պարզամտութիւն կը լինի ենթադրել, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց պահանջների հարցում կանգ կառնեն, եւ հերթականը ստանալուց յետոյ չեն անցնի միւսին: Հասկանո՞ւմ է սա արդեօք ՀՀ գործող իշխանական վերնախաւը, թէ՞ ոչ, հարցին դժւար է դրական պատասխան տալ։ Յամենայնդէպս իշխանութեան վարքագծից պարզորոշ երեւում է, որ դա մեղմ ասաց, այնքան էլ չի հետաքրքրում իրենց:
Պատերազմի աւարտից եւ կապիտուլիացիայի մասին յայտարարութեան ստորագրումից անցել է ուղիղ մէկ տարի: Թւում էր, թէ այս մէկ տարւայ ընթացքում, ՀՀ գործող իշխանութիւններն առաջինը պէտք է գործնական քայլեր ձեռնարկէին յաղթահարելու հայութեան մօտ համատարած դարձած հոգեբանական ընկճւածութեան վիճակը: Սակայն, իշխանութիւնները կատարում են ճիշտ հակառակը՝ հայ հասարակութեան մօտ աւելի խորացնելով անկարողութեան ընկալումն ու պարտւածի բարդոյթը:
Թշնամու հերթական պահանջը կատարելուց յետոյ, իշխանութեան տարբեր տրամաչափի եւ նշանակութեան ներկայացուցիչները փորձում են առաւել ընդգծւած ու շեշտաւորւած ներկայացնել հասարակութեան մօտ իրենց ձեւաւորած պատկերացումն այն մասին, թէ պէտք է զիջենք, համակերպւենք, քանի որ նոր պատերազմն աւելի կործանարար հետեւանքներ կարող է ունենալ։
Փաստօրէն, նոր պատերազմի ֆոբիան, նրանք դարձրել են հանրութեանը հոգեբանօրէն ճնշելու եւ թշնամուն արւող հերթական զիջումն արդարացնելու հիմնական միջոց, որը կոլապսի մէջ է պահում հասարակութեանը՝ թոյլ չտալով, որ համարժէք ու համաչափ արձագանգի տեղի ունեցող իրադարձութիւններին:
Եւ իզուր չէր, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից մաքսային վերահսկողութիւն սահամանելուց յետոյ, Նիկոլ Փաշինեանը ՀՀ կառավարութեան նիստի ընթացքում հերթական զիջումը փորձում էր արդարացնել՝ նշելով, որ եթէ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների եւ բեռների նկատմամբ որեւէ սահմանային հսկողութիւն չիրականացւէր, ապա դրա գինը կը լինէր «միջանցքային տրամաբանութիւնը» (խօսքը «Զանգեզուրի» միջանցքի մասին է):
Այսինքն՝ տեսէ՜ք-տեսէ՜ք, մենք հերթական զիջումն անում ենք ռազմական հնարաւոր էսկալացիայի վտանգը կանխելու եւ աւելի մեծ կորստից խուսափելու համար: Մինչդեռ ամենաանզէն աչքով անգամ կարելի է տեսնել, որ սա եւս մէկ քայլ էր հանրութեանը բթացնելու եւ հետագայ զիջումների, այդ թւում՝ թշնամուն «Զանգեզուրի» միջանցքը տրամադրելու նպատակով նախապատրաստելու համար:
Չմոռանանք, որ ամէն հերթական զիջումից յետոյ, Անկարան ու Բաքուն բաց չեն թողնում հնարաւորութիւնը՝ խօսելու «Զանգեզուրի» միջանցքը բացելու իրենց մտադրութեան մասին: Սա է նրանց վերջնանպատակը, որին քայլ առ քայլ մօտենում են, շնորհիւ ՀՀ գործող իշխանութիւնների յանցաւոր անգործութեան:
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ