Այսօր նոյեմբերի 9-ի լույս 10-ի մղձավանջային առավոտն է...
Բայց 2021-ի...
Եվ եթե ինչ որ բան է փոխվել, ապա միայն այն, որ փողոցում ընդվզած ժողովուրդ չկա, իսկ լեռներում էլ կամավորների հոսքը բարակել է, ու...
Ցավը, ամոթը, պրկված նյարդերը, շտապողականությունը...
Այս ամենը ոչ միայն մնացել են, այլ ավելի սաստկացել...
Գաղափարակիր զորավարների, և անձնազոհ կամավորների, արյան գնով Արցախ ազատագրող ազգը երկնեց անգաղափար բանակ, ում ինքնագովեստով տարածաշրջանի լավագույնն էինք կոչում...
Արգելում էինք բանակի խնդիրներից խոսել, և բանակում ազգային գաղափարախոսության բացակայության մասին սեփական օձիքը պատռող գոռոցները Ձայն բարբառո հանապատի էին հնչում...
Դեռևս, արդեն նախորդ դարձած ապրիլյան քառօրյայից աղաղակները զորակոչի ոչ թե իսպառ բացակայության, այլ քաոսայնության մասին, որն իր հերթին ցանկացած լուրջ վտանգ խուճապի էր վերածելու, նույնպես լսելի չէր մեծամտության ու ինքնագովեստի խրոնիկ ախտով, և ինքնապարգևատրման մոլուցքով սեփական կրծքերը զարդարած մեդալների ու շքանշանների դատարկազրնգոցներից խլացած գերագույն գլխավորների ու ուսկեուսադրավորների համար, ում միայն շքանշաններն ու ուսադիրներն էին ոսկեզօծ, իսկ հոգիներն ու մտքերը ժանգոտած, ու փթախտի ճիրաններում նեխված...
Իրական հերոսները ազգինն էին, իսկ պալատը զբաղված էր ինքնապարգևատրման, և պալատին միայն բրեժնևյան ջերմեռանդ համբույրներն էին պակասել, որոնք միգուցե և վերածվել էին երկրի վայ տերերի անդրկուլիսյան, խնամիահարսանեկան շնորհավորանքների պաչ-պռոշտիների:
Իսկ ներկայիս գերագույն, գլխավորը, ով նվիրյալների, Անկախ Հայրենիք կերտող Մովսես Գորգիսյանների գլխավերևում ծածանվող Հայոց եռագույնը գուլպայի վերածած ոտատակ էր տալիս, ու բազմահազար ամբոխի ուշաթափության հասնող հիացմունքի էր արժանանում:
Ասելիքը շատ է, շատախոսության աստիճան...
Ցավն է խոսեցնում, և հորդում են ազգային ցավից, մրմուռից ծնվող բառերը...
Կարսի անկման ժամանակ գնդապետ Մազմանովն ինքնասպան եղավ, իսկ Հադրութը հանձնող գնդապետը պարգևատրվեց ազգային հերոսի(չգիտեմ որ ազգի, և չգիտեմ ինչ հերոսության) կոչումով և գեներալի ուսադիրներով, և նախարարի պաշտոնով...
Երևի հրամանները ճշգրիտ կատարելու համար...
Բոլորս գիտենք, որ մեր նահատակների կեսից ավելին անօդաչու թռչող սարքերի զոհ են դարձել: Բայրաքթար կոչվող հրեշածին թուրքը մեռավ, բայց հրեշը՝ բայրաքթար կոչվող անօդաչու հրեշը հո չմեռա՞վ:
Եվ պարտության նշանաբան դարձած երկրի ղեկավարը փոխանակ հրամաններ արձակի, թե ինչպես ժողովուրդը պաշտպանվի անօդաչուներից, որի վտանգը ոչ միայն իսպառ չի վերացել, այլ ավելի սաստկացել է, այս պարտության խորհրդանշանը հորդորում է բարեկամություն թուրքերի հետ:
Նեոբոլշևիզմի հոտ է բուրում:
Նախորդ դարի հայ բոլշևիկները ցեղասպանված ազգին հորդորում էին չպաշտպանել Հայրենիքը, այլ բացել դռները թուրքի առջև, որովհետև այս թուրքերը ընդամենը մի քանի տարի առաջ մեզ ցեղասպանող թուրքերը չեն, այլ կարմիր թուրքերը, որոնք գալիս են մեզ փրկելու(կարմիր գառան մորթի հագած գորշ գայլերը):
Պարոնայք նեոբոլշևիկնե՛ր, բայրաքթարներով բզկտված Եռագույնն այլևս անզոր է ծածկել, քողարկել Ձեր մարմնի իրական բոլշևիկյան կարմիր լաթն ու Ձեր հոգիներում շողշողացող կիսալուսինը:
Հայոց ռազմի մարգարեն՝ ով Ձեր կողմից ֆաշիստ է պիտակավորվում, Գարեգին Նժդեհն ասում է, որ.
Մահ չկա տիեզերքում, մեռածն է մեռնում:
Դուք ում վրա եք բայրաքթար-յաթաղան բարձրացնում, անմահ Հայ ազգի՞:
Հոգով մեռյալներ...
Հիշեցնում եմ Մելիք Ֆռանգյուլի գերեզմանը...
Դա է Ձեր բաժինը...
Ձեզ Կարմիր լաթի, կամ կիսալուսնի պալատներում նույնիսկ ծաղրածուի դերը չեն վստահում...
Մի օր, մի օր երբ ոչ թե ուշքի կգաք, կսթափվեք, կամ դարձի կգաք, այլ երբ կարմիր պատյանով յաթաղան-կիսալուսինը Ձեր վզին կմոտենա, երանի կտաք անմահներին... Բայց այլևս չեք խուսափի Մելիք ֆռանգյուլի ճակատագրից...
Սա սպառնալիք չէ...
Բնավ, սա իրերի, դեպքերի զարգացման նախազգուշացում է...
Հնարավոր չէ մարել այն, ինչն էությամբ անմարելի է.
Հայու ոգին...
Այ իրենից պիտի որ վախենաք, և այն ժամանակ մեռնելուն էլ երանի կտաք, քանի որ Ձեզ այլևս պատվով մեռնել տրված չէ: Դա ճիվաղների համար անընկալելի ու անիրատեսական է:
Ազգ Հայոց, ել օրհասակռվի, ինքնության, Ազգային ինքնաճանաչման, Ազգային արժանապատվության, և մի քանի ընկեցիկի պիղծ ձեռքերով մեր ճակատին դաջված ամոթի խարանը մաքրելու: Մենք ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց Անկախություն էինք երկնում, Սարդարապատում շանսատակ տալով վեզ անդամահատող, մեզ հաշմող թուրքին:
Մենք կրկին կարող ենք Անկախություն կերտել, և ոչ այն անկախություն կոչվող կեղծ ու սին պետությունը որ հիմնադիր կոչվող նախագահի կողմից վաղուց է խժռվել...
Ել Ազգ իմ, ել Հայոց հզոր ոգի, ել այն փոսից, որի մեջ Մսրա Մելիքն էր դավադրաբար Սասնա Դավթին գցում...
Դու կաս Ազգ իմ, և ավելիոգով զորեղ, և հոգով ավելի արժանապատիվ, քան էիր...
Հայ մտավորական, Հայ միտք ու Հայ խիղճ, մերօրյա Ձենով Օհան, ձայն տուր Դավիթ Ազգիս Հայոց, սթափեցրու, համոզիր, որ ինքն ընդամենը փոսում է, բայց ոչ մեռած, և որ Քո հորից ծնված մերօրյա Մսրա Մելիքը նենգ, բայց անպարտ չէ...
Ել Դավիթ Ազգ Հայոց, և անգամ եթե երկու զարկդ բաշխես Մսրա Մելիքապաշտ քրոջն ու Քեզ ՙՙստնտուՙՙ դարձած Մսրա տիրուհուն(Էրատո), պիտի հասկանա աշխարհը, ու Մելիքը Մսրա, որ քառսուն գազ հորում լինի, թե քառսուն ջաղացի քարի տակին...
Կելնի իր դեմ Սասնա Դավիթ, կելնի իր դեմ Թուր կեծակին...
Եվ Խաչ պատերազմին, մըր մեր աջ բազկին, որ զարկ չառնի Հայ ազգին...
Ել Ազգ հայոց, Թամբքը սադաֆի, կապիր վըր մեջքին Քուռկիկ Ջալալու, կապիր բազպան Խաչը պատերազմի, վերցրու Թուրը Կեծակի ու հեծնիր Քո հրեղեն ձին ու Ի ՄԱՐՏ...
Սա էլ հո ես չեմ ասում, սա մեծ Հայ ազգի էպոսն է ասում.
Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման:
Գագիկ Գինոսյան
Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից, ազատամարտում Լեոնիդ Ազգալդյանի «Ազատագրական բանակ» ջոկատի մարտիկ, 1992 թվականից՝ «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի անդամ, հասարակական, մշակութային գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր