կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-19 16:58
Հասարակություն

Անտոն Քոչինյանի մտորումները Ադրբեջանին կցված հայապատկան տարածքների վերաբերյալ

Անտոն Քոչինյանի մտորումները Ադրբեջանին կցված հայապատկան տարածքների վերաբերյալ

Հայաստանի պատմության թանգարանում պահվող՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի անձնական արխիվից ներկայացնում ենք ևս երկու փաստաթուղթ, որոնք լույս են սփռում ազգային զարթոնքի տարիներին տիրող քաղաքական մթնոլորտի վրա: Առաջին փաստաթուղթը գրված է Ա. Քոչինյանի ձեռքով և ներկայացնում է նրա մտորումները 1920-21 թթ. նորաստեղծ Ադրբեջան պետությանը կցված՝ պատմական Հայաստանի տարածքների և այնտեղ ապրող բնիկ հայության ճակատագրի վերաբերյալ: Մյուս փաստաթուղթը, որը գրվել է Ադրբեջանին մաս կազմած հայաբնակ տարածքների հայության կողմից, վկայում է այն մասին, որ 1960-ական թթ․ ազգային զարթոնքի նախաշեմին հայ հանրությունը քաջ գիտակցում էր «պատմական անարդարության սրբագրման» անհրաժեշտությունը, հոգեբանորեն պատրաստ էր այդ հարցը բարձրացնելուն և իր արդարացի պահանջի համար հասցեատեր էր համարում ԽՍՀՄ ղեկավարությանը: Այլ հարց է, որ ԽՍՀՄ-ն իր ամբողջատիրական համակարգով ի զորու չէր լուծելու ազգային-տարածքային խնդիրները, թեկուզև այն պարզ պատճառով, որ ազգերի խառնարան հիշեցնող այդ ահռելի կայսրությունում (որտեղ 200-ից ավելի ազգ ու ազգություն էր ապրում) նման հարցի թեկուզև արդարացի լուծումը կարող էր «դոմինոյի էֆեկտ» առաջացնել՝ կայսրության համար կործանարար հետևանքներով:

Փաստաթղթից տեղեկանում ենք, որ 1960-ական թթ․ առաջին կեսին Բաքվում մոտ 200 հազար հայ է ապրել, որոնք իրենց մաշկի վրա զգացել են ազգային խտրականության դրսևորումները, ինչպես Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանին պատկանող այլ տարածքներում բնակվող հայությունը (Նախիջևանի համար կարելի է դա չասել, քանի որ այդ տարիներին այն գրեթե ամբողջությամբ հայաթափվել էր): Ինքնըստինքյան ծագում են բազմաթիվ հարցեր: Մասնավորապես, երբ վերջին տասնամյակներին Ադրբեջանն այդքան հետևողականորեն թմբկահարում էր միջազգային ատյանների դռները՝ հիշեցնելով Ղարաբաղից տեղահան եղած ազգակիցների ճակատագրի մասին, ինչո՞ւ որպես հակակշիռ չէր բարձրացվում Ադրբեջանի տարածքում ապրող հայության հարցը, որն իր թվաքանակով մի քանի անգամ գերազանցում էր Ղարաբաղի տարածքում նախկինում բնակված ադրբեջանցիներին: Ի՞նչ եղան այդ հարյուրհազարավոր հայերը, ո՞վ զբաղվեց նրանց ճակատագրով: Իսկ այսօր որևէ մեկը մտահոգվա՞ծ է հադրութցիների, շուշեցիների ճակատագրով… Անպատասխան հարցեր, որոնք հերթական անգամ մտահոգվելու տեղիք են տալիս այս փաստաթղթին ծանոթանալիս։

Սեդա Գալստյան

×××
Անտոն Քոչինյան
Փաստաթուղթը (ռուսերեն) պահվում է ՀՊԹ-ում՝ մմ 18816 համարի ներքո։ Թարգմանությունը՝ Սեդա Գալստյանի

Վերջին տասը տարիներին ավելացել է Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի քաղաքներից ու գյուղերից եկող հայտարարությունների և նամակների թիվը՝ հասցեագրված Հայաստանի ԿԿ Կենտկոմին, ԽՄԿԿ Կենտկոմին, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությանը նախկին հայկական հողերի և դրանց՝ Հայկական ԽՍՀ-ին վերադարձի հարցի առնչությամբ: Այդ նամակների հեղինակները աշխատավորության տարբեր խավերի ներկայացուցիչներ են՝ բանվորներ, կոլտնտեսականներ, ծառայողներ, ուսանողներ, դասախոսներ, ինժեներա-տեխնիկական աշխատողներ, գիտության և մշակույթի աչքի ընկնող գործիչներ, գրողներ, հին կոմունիստներ: Այդ հայտարարություններից և նամակներից շատերը ստորագրված են մարդկանց մեծաթիվ խմբերի կողմից։

Այդ հարցը սրվեց հատկապես վերջին երկու-երեք տարիներին, երբ Հայաստանում գիտության և մշակույթի բազմաթիվ աչքի ընկնող գործիչներ, գրողներ, ուսանողներ, բանվորներ ոչ միայն գրավոր, այլև բանավոր հասարակական և կուսակցական կազմակերպությունների ժողովներում պարբերաբար և հետևողականորեն սկսեցին առաջ քաշել նախկին հայկական հողերի և դրանք Հայաստանին վերադարձնելու հարցը: Սկսեցին տարածվել թռուցիկներ, որոնցում առաջ էին քաշվում տարածքային հարցերը լենինյան ազգային քաղաքականության սկզբունքով լուծելու պահանջներ, և որոնք պարունակում էին այդ հարցերի լուծման լոզունգով աշխատավորների ցույցեր կազմակերպելու կոչեր:

Մեր կողմից ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ նման գործողությունները կանխելու ուղղությամբ, ազգաբնակչության շրջանում անցկացվում են հատուկ բացատրական աշխատանքներ այդ հարցերի շուրջ, մոբիլիզացվում է կուսակցական և կոմերիտական ակտիվը՝ զանգվածային ցույցերը կանխելու նպատակով: Սակայն այդ հարցն այժմ էլ շարունակում է մնալ նույնքան սուր՝ շիկացնելով քաղաքական մթնոլորտը Հայաստանում:

Նշված հայտարարություններում և նամակներում, ինչպես նաև իրենց բանավոր ելույթներում աշխատավորները առաջ են քաշում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Նախիջևանի ԻՍՀ-ի՝ Հայաստանի հետ վերամիավորման հարցերը: Հայկական ԽՍՀ-ի հետ այդ տարածքների վերամիավորման անհրաժեշտությունը աշխատավորության ներկայացուցիչները հիմնավորում են նախ և առաջ նրանով, որ Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի ԻՍՀ տարածքները հայկական պետականության կազմավորման առաջին իսկ օրից էին Հայաստանի բաղկացուցիչ մասը և ներառված էին այն մարզերի կազմում, որոնք ձևավորում էին պատմական Հայաստանի կորիզը: Այդ տարածքների՝ Հայաստանին պատկանելու մասին վկայում են բազմաթիվ պատմական փաստաթղթեր և նյութական մշակույթի հուշարձաններ:

Աշխատավորության ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց համար անհասկանալի են այն պատճառները, համաձայն որոնց՝ դարեր շարունակ անվիճելի հայկական այդ տարածքները Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումից հետո անջատվեցին Հայաստանից ու ընդգրկվեցին հարևան հանրապետության կազմում։ Նրանք իրենց վրդովմունքն են արտահայտում այն բանի առնչությամբ, որ Լեռնային Ղարաբաղը, աշխարհագրորեն լինելով Հայաստանի շարունակությունը, որտեղ մինչ օրս էլ բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են, միացվեց Ադրբեջանին՝ չնայած այն բանին, որ Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մեկ օր անց (1920 թ. նոյեմբերի 30) հանդիսավոր հռչակագրով պարտավորվեց Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրամադրելու լիակատար ինքնորոշում: Ընդ որում, նշում են, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Հայաստանին նախկինում երբեք կասկածի տակ չի դրվել, և միայն Հայաստանում և Ադրբեջանում դաշնակների ու մուսավաթականների տիրապետության ժամանակ է, որ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը դարձել են այդ երկրների միջև վիճաբանության օբյեկտ, ինչն արևմտյան իմպերիալիստների կողմից օգտագործվել է երկու հարևան ժողովուրդների միջև թշնամանք սերմանելու համար:

Լեռնային Ղարաբաղի մասին Խորհրդային Ադրբեջանի հռչակագիրը այդպես էլ չկենսագործվեց, և այդ տարածքը՝ իր հայ բնակչությամբ, միակողմանիության կարգով, ինչպես գրում են բազմաթիվ հայտարարությունների հեղինակները, առանց որևէ օրինական հիմքի, մտավ Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ որպես ինքնավար մարզ: Հօգուտ այդ ակտի բերվող միակ փաստարկն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը տնտեսապես հակված էր դեպի Ադրբեջանը, որն այդ ժամանակ տնտեսապես շատ ավելի զարգացած էր, քան քայքայված ու թույլ Հայաստանը:

Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին «տնտեսապես հակվածության» փաստարկը ներկայումս, ինչպես նշվում է նամակներում, հայտարարություններում և ելույթներում, կորցրել է իր հիմքը: Նախ՝ Հայաստանը վերջին 40-ից ավելի տարիների ընթացքում դարձել է տնտեսապես և մշակութապես Խորհրդային Միության ամենազարգացած հանրապետություններից մեկը: Երկրորդ, որ ոչ պակաս կարևոր է, եթե ոչ ավելի կարևոր, Լեռնային Ղարաբաղի՝ ինքնավար մարզի կարգավիճակով Ադրբեջանի կազմում գտնվելու 43 տարիների ընթացքում նրա տնտեսությունը, ի տարբերություն խորհրդային այլ հանրապետությունների և մարզերի տնտեսությունների, որևէ զգալի աճ չի գրանցել, իսկ վերջին տարիներին այն լճացման և անգամ քայքայման վիճակում է: Ադրբեջանի կազմում գտնվելու ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղը, չնայած իր բարենպաստ բնական պայմաններին, ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ տնտեսապես թույլ զարգացած ագրարային մարզ: ԼՂԻՄ-ում չկա ոչ մի խոշոր արդյունաբերական ձեռնարկություն ոչ միայն ծանր արդյունաբերության, այլև թեթև և անգամ սննդի արդյունաբերության ոլորտում: Վերջապես՝ նամակների ու հայտարարությունների հեղինակները որպես Լեռնային Ղարաբաղի տնտեսության լճացման ու քայքայման աղաղակող փաստ նշում են այն իրողությունը, որ ԼՂԻՄ-ի բնակչությունը ոչ միայն չի աճել, այլև նվազել է (1939 թվականից մինչև 1964 թվականը բնակչությունը նվազել է 5,5 %-ով):

Այսպիսով, այս հարցը բարձրացնելով, մարդկանց կարծիքով, Ադրբեջանի ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի մնալը չի կարող արդարացվել որևէ տնտեսական հղումով:

ԼՂԻՄ-ի տնտեսության նման լճացումն ու հետամնաց վիճակը աշխատավորության բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց նամակներում ու հայտարարություններում բացատրում են Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից խտրական քաղաքականությամբ ինչպես մասնավորապես Ղարաբաղի հայերի, այնպես էլ ընդհանրապես Ադրբեջանի ԽՍՀ տարածքում ապրող բոլոր հայերի նկատմամբ: Ընդ որում, բերում են հետևյալ փաստերը, որոնք հաստատում են Ադրբեջանում ապրող հայերի հանդեպ խտրականությունն ու անբարյացակամ վերաբերմունքը: Այսպես, չնայած այն բանին, որ Բաքվում ապրում է 200 հազար հայ, փակվել է հայկական դրամատիկական թատրոնը, պարբերաբար կրճատվում է հայկական դպրոցների թիվը, որպես կանոն, հայերը չեն նշանակվում ինչ-որ չափով նշանակալի պաշտոնի ինչպես կուսակցական, խորհրդային ապարատում, այնպես էլ գիտական և մշակութային հաստատություններում և այլն:

Նամակների և հայտարարությունների հեղինակները գրում են, որ ԼՂԻՄ-ում չեն ստեղծվում պայմաններ՝ բնիկ ժողովրդի ազգային մշակույթի զարգացման համար: Ավելին՝ նրանք վրդովմունքով նշում են, որ մարզում խոչընդոտում են տեղի բնակչության մշակույթի զարգացումը (փակվում են մինչ այդ լույս տեսնող ամսագրերը, բացակայում է մարզային հրատարակչությունը, չեն ցուցադրվում ֆիլմեր հայերենով, տեղի ազգության լեզուն դուրս է թողնվել ինչպես գործածությունից, այնպես էլ մարզի հասարակական-քաղաքական կյանքից և այլն):

Նամակների և հայտարարությունների հեղինակներն առանձնակի վրդովմունքով են գրում այն մասին, որ այժմ, երբ զարգանում են մշակութային կապերն անգամ արտասահմանյան երկրների հետ, Լեռնային Ղարաբաղի աշխատավորները իշխանությունների կողմից խոչընդոտների են հանդիպում Հայաստանի հետ մշակութային կապերի պահպանման գործում, որը Լեռնային Ղարաբաղի հետ կապված է բնակչության էթնիկ կազմով և ազգային մշակույթով: Բանը հասել է այնտեղ, որ ԼՂԻՄ-ի բնակչությանը խոչընդոտում են լսել Հայկական ԽՍՀ ռադիոհաղորդումները:

Նամակների և հայտարարությունների հեղինակները գտնում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության հանդեպ նման անհանդուրժելի խտրական վերաբերմունքին վերջ դնել կարելի է միայն աղաղակող պատմական անարդարությունը վերացնելով, այն է՝ Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելով, որի հետ այն կապված է անքակտելի ազգային ընդհանրությամբ: Նրանք նշում են, որ տարածքային առումով Լեռնային Ղարաբաղը հարում է Հայկական ԽՍՀ-ին, քանի որ այն արհեստականորեն անջատված է Հայաստանից միայն փոքրիկ միջանցքով: Այսպիսով, ըստ նամակների և հայտարարությունների հեղինակների, Լեռնային Ղարաբաղի՝ Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորման անհրաժեշտությունը թելադրված է ինչպես ազգային, քանի որ ազգային ու մշակութային առումներով ԼՂԻՄ-ը ամբողջություն է կազմում Հայաստանի հետ, այնպես էլ տնտեսական ընկալումներով, քանի որ Հայաստանի հետ վերամիավորումը դուրս կհաներ Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը այն լճացումից ու քայքայված վիճակից, որում այն եղել է Ադրբեջանի կազմում գտնվելու 43 տարիների ընթացքում:

Ինչ վերաբերում է Նախիջևանի ԻՍՀ-ին, ապա նամակների և հայտարարությունների հեղինակները նշում են, որ ինչպես պատմական փաստաթղթերը, այնպես էլ նյութական մշակույթի հուշարձանները վկայում են, որ այդ տարածքը բուն հայկական հող է, որը մտնում է պատմական Հայաստանի միջուկի մեջ: Այս երկրամասի հայ բնակչությունը, ըստ նույն հեղինակների, նախկինում օտարերկրյա զավթիչների կողմից հալածանքների ենթարկվելու պատճառով ստիպված է եղել լքել հայրենի բնակավայրերը, ինչի հետևանքով բնակչության թիվը զգալիորեն կրճատվել է: Սակայն դեռևս ցարիզմի ժամանակ՝ 1917 թ. նախաշեմին, հայերը կազմում էին ներկայիս Նախիջևանի ԻՍՀ բնակչության զգալի մասը: Նախիջևանի երկրամասի պատկանելությունը հայկական տարածքին ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում՝ նշում են նամակների և հայտարարությունների հեղինակները: Հայտնի է, որ Նախիջևանը միացել է Ռուսաստանին Էրիվանի հետ միաժամանակ՝ 1828 թ., և 19-րդ դարի առաջին կեսին մտել է Ռուսական կայսրության Հայկական մարզի, իսկ հետո՝ Երևանի նահանգի մեջ: Նախիջևանի տարածքը աշխարհագրորեն գտնվում է Հայաստանի ներսում և անվիճելիորեն տնտեսապես կազմում էր Հայաստանի հետ մի ամբողջություն: Նախիջևանի գավառի՝ Հայաստանին պատկանելության վիճելիությունը արհեստականորեն առաջ քաշվեց Թուրքիայի իշխող շրջանակների կողմից, որոնք 1918-1920 թթ. բռնի զավթեցին այդ տարածքը: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մեկ օր անց հենց Խորհրդային Ադրբեջանի կառավարությունն էր, որ հանդես եկավ հանդիսավոր հռչակագրով, որում հռչակում էր այն մասին, որ Նախիջևանի գավառի տարածքը Խորհրդային Հայաստանի անբաժան մասն է: Խորհրդային Ադրբեջանի կառավարության այս ակտը, որը հրապարակվեց Ադրբեջանի ԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ ընկ. Նարիմանովի ստորագրությամբ, Ռուսաստանի հարավի արտակարգ կոմիսար ընկ. Օրջոնիկիձեի կողմից բնորոշվեց որպես «մեծագույն կարևորության ակտ»։ «Սա պատմական ակտ է,- գրում էր Օրջոնիկիձեն,- որը մարդկության պատմության մեջ իր նախադեպը չունի»: Այդ մեծագույն պատմական ակտը, որը կոչված էր դառնալու երկու հարևան ժողովուրդների միջև եղբայրական բարեկամության անկյունաքարը և ծառայելու ազգային-տարածքային հարցերի լենինյան լուծման օրինակ, ինչպես նշում են նամակների և հայտարարությունների հեղինակները, այդպես էլ չգործադրվեց: Նաև նշվում է, որ Նախիջևանի տարածքը մտավ Ադրբեջանի կազմ՝ հակառակ Խորհրդային Ադրբեջանի կառավարության հանդիսավոր հռչակագրի, միայն Թուրքիայի պնդմամբ, մի բուրժուական պետության, որն Անդրկովկասում իր սեփական շահերն էր հետապնդում և ոչ մի ընդհանուր բան չուներ խորհրդային հանրապետությունների ժողովուրդների շահերի հետ: Այն բանից հետո, երբ Նախիջևանի գավառի տարածքը մտավ Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ, գրում են նամակների և հայտարարությունների հեղինակները, սպասելի էր, որ Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունները, ելնելով լենինյան ազգային քաղաքականության սկզբունքներից և ԽՍՀՄ Սահմանադրության դրույթներից, կապահովեն Նախիջևանի ԻՍՀ տարածքում ապրող բոլոր ազգությունների իրավահավասարությունը, սակայն դա տեղի չունեցավ:

Նամակների և հայտարարությունների հեղինակների խոսքերով՝ Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ մտնելուց անմիջապես հետո Նախիջևանի բնիկ բնակչությունը՝ հայերը, ենթարկվեցին խտրականության, ինչը հանգեցրեց նրան, որ նրանք սկսեցին պարբերաբար լքել իրենց բնակավայրերը և վերաբնակվել այլ հանրապետություններում: Նման հակալենինյան խտրական քաղաքականության հետևանքով վերջին 45 տարիների ընթացքում Նախիջևանի ԻՍՀ-ում հայ բնակչության թիվը կտրուկ նվազել է: Նամակների և հայտարարությունների հեղինակներն առանձնակի վրդովմունքով են գրում, որ Նախիջևանում ոչնչացվում են հայկական հնագույն մշակութային մեծագույն արժեքները, քանդվում են ճարտարապետության և արվեստի բացառիկ ստեղծագործությունները:

Նախիջևանի ԻՍՀ-ի ընդհանուր տնտեսական վիճակն էլ չի վկայում այն մասին, որ նա շահել է Ադրբեջանի կազմի մեջ արհեստականորեն մտցվելուց, քանի որ Նախիջևանի տնտեսությունը Ադրբեջանի ԽՍՀ կազմում գտնվելու 42 տարիների ընթացքում որևէ էական զարգացում չի գրանցել: Նշվում է, որ Ադրբեջանի համար Նախիջևանի ԻՍՀ-ն հեռավոր լքված ծայրամաս է: Բացի այդ, տարածքային առումով, Նախիջևանի ԻՍՀ-ն կազմում է Արարատյան դաշտավայրի, այսինքն՝ Հայաստանի կենտրոնական մասի շարունակությունը, որի հետ այն կապված է հաղորդակցության հարմար ուղիներով: Բազմաթիվ նամակների և հայտարարությունների հեղինակները գտնում են, որ եկել է 1921 թ. թույլ տրված աղաղակող անարդարությունը վերացնելու և Խորհրդային Ադրբեջանի կառավարության հանդիսավոր դեկլարացիան կյանքի կոչելու ժամանակը: Նամակների և հայտարարությունների հեղինակների կարծիքով՝ Նախիջևանի ԻՍՀ-ի՝ Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտնելը կնպաստի երկրամասի տնտեսության արագ զարգացմանը և կբխի նրա բնակչության շահերից: Ըստ նամակների և հայտարարությունների հեղինակների՝ այդ հարցերի լուծումը կլինի լենինյան ազգային քաղաքականության նոր հաղթանակը, որը բոլոր ժողովուրդների համար կապահովի ինքնորոշման իրավունք և ազատ ազգային զարգացում:

Սրանք են այն հարցերը, որոնք առաջ են քաշված աշխատավորության հայտարարություններում և նամակներում:

ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ, ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ընկեր Ն. Ս. Խրուշչովին`
ԼՂԻՄ-ի, Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի, Խանլարի, Դաշքեսանի և
Շահումյանի շրջանների հայ աշխատավորներից

Մենք՝ ներքոստորագրյալներս՝ Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կոլտնտեսականները, բանվորներն ու ծառայողները, ինչպես նաև Շամխորի, Խանլարի, Դաշքեսանի, Շահումյանի շրջանների հայ ազգաբնակչությունը, մեր կյանքի ծանր պայմաններից հուսահատության հասած, որոշեցինք դիմել Ձեզ՝ արդարության և պաշտպանության համար:
Անհիշելի ժամանակներից Քուռի, Արաքսի և Սևանա լճերի միջև ընկած մեր հողերը, որոնք պատմականորեն հայտնի էին «Արցախ» անվամբ, միշտ եղել են Հայաստանի անբաժան մասը: Մենք չենք սխալվել՝ կարծելով, որ լենինյան ազգային քաղաքականությունը կհաղթանակի, և հայերով բնակեցված Ղարաբաղի տարածքը կհանձնվի Խորհրդային Հայաստանին: Եվ, իրոք, 1920 թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանն ընդունեց հռչակագիր, որի համաձայն՝ Ղարաբաղն ու Նախիջևանը տրվում էին խորհրդայնացված Հայաստանին: Սակայն այդ արդար, լիովին եղբայրական որոշումն ի կատար չածվեց: 1921 թ. մարտին, Թուրքիայի հետ պայմանագրի համաձայն, Նախիջևանը մտավ Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ, Ղարաբաղի լեռնային մասին 1923 թ․ տրվեց ինքնավարություն Ադր. ԽՍՀ սահմաններում, իսկ Շամխորի, Խանլարի, Դաշքեսանի և Շահումյանի շրջանները, որոնց բնակչության մոտ 90 տոկոսը կազմում էին հայերը, ուղղակի մտան Ադր. ԽՍՀ-ի մեջ: Այդպիսով Ղարաբաղի հայերը հեռացվեցին Հայկական ԽՍՀ-ից, իսկ ինքնավարությունը չէր ներառում բոլոր հայկական շրջանները: Ինքնավար մարզի իրավունքները աստիճանաբար կրճատվեցին, իսկ ներկայումս հավասարվել են զրոյի: Ադրբեջանի ԽՍՀ հայ բնակչության հանդեպ կիրառվում էր սահմանափակումների և կյանքի առավելագույնս անբարենպաստ պայմանների ստեղծման զուտ ազգայնական քաղաքականություն:

Բերենք մի քանի օրինակներ.

1. Ստեփանակերտի հացի գործարանը ենթարկվում է Աղդամին՝ 40 կմ հեռավորության վրա գտնվող ադրբեջանական շրջկենտրոնին: Աղդամի շրջանից կազմակերպվում է Ստեփանակերտին հացի մատակարարումը, պլանավորվում ալյուրի առաքումը, հացի թխումն ու տեսակավորումը:
2. Մարզի մարզային առողջապահության բաժինը ենթարկվում է Աղդամին: Մարզի դեղատները նույնպես ենթարկվում են Աղդամին։ Ստացվում է, որ ողջ առողջապահական համակարգը կախված է Աղդամից:
3. Շինարարական վարչությունը ենթարկվում է Մինգեչաուրին, որը Ստեփանակերտից հեռու է 120 կմ: Լավագույն մեխանիզացիան ու մեքենաները գնում են Մինգեչաուր, իսկ անպիտան, շարքից դուրս եկած մեքենաները բաժին են հասնում Ստեփանակերտին:
4. Մարզի մետաքսի կոմբինատը (մարզի միակ հզոր ձեռնարկությունը), որն ունի 3000 աշխատող, դրեցին Ստեփանակերտից 160 կմ հեռավորության վրա գտնվող Նուխայի համապատասխան ցածր հզորության ձեռնարկության ենթակայության տակ: Մի շարք գյուղերում՝ Խնձրիստան, Սեյդիշեն, Ղիշլաղ և այլն, գործող մետաքսի ոլորման կոմբինատները պարզապես փակվեցին:
5. «Սոյուզպեչատ»-ի մարզային բաժինը 1962 թ. մայիսից տեղափոխեցին Աղդամ, իսկ աշխատակիցները մնացին առանց աշխատանքի: Աղդամը որոշում է, թե մենք ինչ կարդանք։
6. Ստեփանակերտի ցեմենտ-բետոնի գործարանը ենթարկվում է 60 կմ հեռավորության վրա գտնվող Բարդայի շրջանին, որը ոչ մի կապ չունի գործարանի հետ:
7. «Թարթառ» հէկ-ի շինարարության խնդիրը ներառված էր հետպատերազմական հնգամյակի մեջ, սակայն միչև օրս լիովին կատարված չէ: Մինգեչաուրի շինարարությունը պատճառ եղավ «Թարթառ» հէկ-ի համակարգի սառեցման, այնինչ Մինգեչաուրը չի կարող լուծել այն խնդիրները, որ դրված են հէկ-ի առջև:
8. Վերջին հնգամյակում մարզի բազմաթիվ օբյեկտների շինարարությունը իրականացված չէ: Ներկայումս նույնպես ոչինչ չի արվում դրանց գործարկման ուղղությամբ:
9. 7-ամյա պլանով նախատեսված Ստեփանակերտի ավտովերանորոգման գործարանը, չնայած բազայի և որակավորված կադրերի առկայությանը, կառուցեցին Կիրովաբադում:
10. Անցած 40 տարիների ընթացքում չի կառուցվել գոնե մեկ կիլոմետր ավտոճանապարհ գյուղերի և մարզկենտրոնի միջև, և չեն բարեկարգվել եղածները:
11. Ոչ մի հիմնավոր բան չի արվել գյուղատնտեսության զարգացման համար: Չկա այգիների մակերեսների, տեխնիկական և ցանքային մշակաբույսերի բերքատվության աճ: Անասնապահությունը անկում է ապրում: Լեռնային Ղարաբաղի որոշ գետերի վրա ոռոգման համար կառուցված ջրամբարներից օգտվում են միայն ադրբեջանական գյուղերը, Լեռնային Ղարաբաղի կոլտնտեսությունները զրկված են իրենց գետերի ջուրն օգտագործելուց: Հին ժամանակներից Լեռնային Ղարաբաղը հայտնի է թթի այգիներով՝ թթաստաններով։ Այդ այգիները ներկայումս օգտագործում են սպիրտի, դոշաբի պատրաստման, ինչպես նաև վառելիքի և շինարարական նյութերի համար: Որպես արդյունք՝ թթաստանները ոչնչանում են: Մարզը, նրա ընդերքակլիմայական պայմաններն ուսումնասիրված չեն, չկա միկրոշրջանների մասնագիտացում:
12. Կրթությունն ու մշակույթը անկում են ապրում: Ստեփանակերտի երկամյա ուսուցչական ինստիտուտը վերացվել է, փակվել է երաժշտական դպրոցը:

Ինքնավար մարզի և նրա հայ ազգաբնակչության դեմ անօրինական, վնասակար հրահանգների թվարկումը կարելի է շարունակել, սակայն նշված կցկտուր տվյալներն էլ բավարար են բնութագրելու մարզի բնակչության ծանր վիճակը: Ուղղակի վարվում է ազգայնամոլական, պանթյուրքիստական քաղաքականություն, որը լիովին ընդունելի է հանրապետության ղեկավարության կողմից: Այդ քաղաքականությունը ինքնավար մարզից դուրս հայկական շրջաններում՝ Շամխորի, Շահումյանի, Խանլարի, Դաշքեսանի, ավելի տհաճ ձևեր է ընդունում: Մեր դրությունն ավելի վատ է, քան 1918-1920 թթ․՝ թուրք-մուսավաթական և անգլիական օկուպացիայի ժամանակ: Լեռնային Ղարաբաղը բնակեցվում էր ադրբեջանցիներով: Փորձեր էին արվում ժողովրդի դժգոհությունը վերացնելու, սակայն անթույլատրելի միջոցներ էին կիրառում դրա համար: Օրինակ՝ Բաղիրովը Ստեփանակերտում պարտակտիվին առաջարկում էր՝ ով ճիշտ չի համարում Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելը, թող լքի դահլիճը: Հասկանալի էր՝ ինչով կավարտվեր այս քայլին հետևելը: Ցավալի է, որ այդ հողի վրա ծագում են ազգամիջյան տհաճ փոխհարաբերություններ:

Այժմ, երբ անցնում ենք կոմունիզմի կառուցմանը, մենք չենք կարող ապրել նման պայմաններում: Խնդրում ենք անհապաղ լուծել Լեռնային Ղարաբաղը և նրան հարող բոլոր հայաբնակ շրջանները Հայաստանի ԽՍՀ-ին միացնելու կամ ՌՍՖՍՀ կազմի մեջ մտցնելու հարցը: Մենք միայն խնդրում ենք Ղարաբաղի հայ ազգաբնակչության հանդեպ կիրառել ԼԵՆԻՆՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Սեդա Գալստյան
Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ

Մարտ, 1962 թ.

«Դրօշակ» թիվ 2 (1663), փետրվար 2022 թ.