կարևոր
3907 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-30 16:42
Հասարակություն

Սուրբ Փրկիչ եկեղեցու հրդեհի զոհերից մեկը հողին է հանձնվել իր հայրենիքում՝ Մարդինի Դերիք գավառում

Սուրբ Փրկիչ եկեղեցու հրդեհի զոհերից մեկը հողին է հանձնվել իր հայրենիքում՝ Մարդինի Դերիք գավառում

Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցուն կից կացավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհված Ֆեհիմ Աթսուփը հողին է հանձնվել Մարդին նահանգի Դերիք գավառի հայկական գերեզմանոցում, որտեղ վերջին թաղումը մոտ 60 տարի էր առաջ կատարվել։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամի նախագահ Դանիել Աթսուփի հորեղբայր Ֆեհիմ Աթսուփին, հողին հանձնելու նպատակով, տեղափոխել են Մարդինի Դերիք գավառ։ Հայ կաթոլիկ համայնքի անդամը, իր կտակի համաձայն, թաղվել է այստեղի Քալե թաղամասում գտնվող հայկական գերեզմանոցում։ Նա 3 երեխաների հայր էր։

Թաղման արարողության մասնակիցներից դերիքցի ուսումնասիրող, գրքերի հեղինակ Էյուփ Գյուվենը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում շեշտել է, որ արդեն շուրջ 60 տարի այստեղ նման արարողություն չէր արվել, քանի որ 1970-ական թվականներից հետո այստեղի հայ բնակչությունն արտագաղթել էր։

Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրամի նախագահ Դանիել Աթսուփը նշել է․ «Հորեղբայրս զոհվեց՝ հրդեհի ժամանակ ծխահարվելով։ Շատ վշտացանք, բայց ոչինչ չէինք կարող անել։ Աստված էր այդպես կամեցել։ Հորեղբորս ցանկությամբ՝ իր աճյունն այստեղ բերեցինք։ Հորեղբայրս 75 տարեկան էր։ Բոլորիս էր կտակել, թե երբ մեռնեմ, ինձ Դերիք տարեք։ Երախտապարտ ենք Դերիքի բնակիչներին։ Մեծ հետաքրքրություն ցուցաբերեցինք։ Ի սրտե այդ հարցով զբաղվեցին։ Ինչ էլ ասենք՝ քիչ է։ Այս առիթով վերստին մեր հայրենի տուն վերադարձանք»։

Քահանա Յահյա Թաբաշն էլ իր հերթին ասել է․ «Եկանք՝ իրեն իր իսկ հողին պահ տալու։ Նա այս տարածքները շատ է սիրել, այս վայրերում է մեծացել։ Իր երիտասարդությունն է նվիրել այս հողերին, որոնք իրեն հետ կանչեցին։ Նա շատ գեղեցիկ օրեր է անցկացրել այս կողմերում։ Թերևս այստեղ մենք՝ հայերս, որպես համայնք, այլևս չենք մնացել, բայց նրա սիրելի հարևանները, ընկերներն ու բարեկամները դեռ այստեղ են»։

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Կ․Պոլսի (Ստամբուլ) Բեյօղլու (պատմական Պերա) թաղամասում գտնվող Սուրբ Փրկիչ հայ կաթոլիկ եկեղեցուն կից կացարանում հրդեհ էր  բռնկվել, որի հետևանքով զոհվել էին համայնքի 2 անդամներ։

https://www.sozcu.com.tr/hayatim/yasam-haberleri/ermeni-mezarliginda-60-yil-sonra-ilk-toren/

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net