ՀՀ 2-րդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին` ժամը 18։00-ին, հանրահավաք է կազմակերպում Ազատության հրապարակում։
Այդ հանրահավաքից ակնկալիքները տարբեր են։ Մի մասը կարծում է, որ այն անմիջապես բերելու է իշխանափոխության։ Մյուս մասը հասկանում է, որ մեկ հանրահավաքով իշխանափոխություն չի լինում։ Երրորդները հայտարարում են, որ գալու են՝ անկախ Ռ․Քոչարյանի մասին ունեցած տեսակետից։ Գալու են, որպեսզի ցույց տան, որ չեն ծնկել, որ մերժում են նիկոլական պարտվողականությունը, որ փոփոխություններ են ուզում։ Գալու են, որպեսզի ցույց տան, որ Ալիևի առաջ չկքած արժանապատիվ քաղաքացիներ կան, որոնք քաղաքական ճիշտ առաջնորդության պարագայում պատրաստ են դիմադրության ու իշխանափոխության։
Դիմադրել պետք է, քանզի Նիկոլը չի կարող ներկայացնել Հայաստանի ու Արցախի շահը։ Պարտության խորհրդանիշի՝ պետության ղեկին մնալը լկտիացրել է մեր թշնամիներին ու բացել նրանց ախորժակը։ Նրանք մեզ հետ խոսում են նախապայմանների լեզվով, քանզի դիմացը կանգնած է պարտված, նվաստացած, վախեցած մարդ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։
Որքան էլ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն փորձի պահել բալանսը և թույլ չտա նոր ագրեսիա, միևնույն է մեր հարցերը նախ և առաջ մենք պետք է լուծենք։ Ռուսները չեն կարող հայերից ավելի հայ լինել։ Սեփական «Ես»-ը պահելու համար նախ պետք է արժանապատիվ ու գրագետ քաղաքականություն վարես, ապա նոր միայն ակնկալես ռազմավարական դաշնակցիդ աջակցությունը։
Խաղաղությունը լավ բան է, բայց այն պետք է լինի արժանապատիվ, այլ ոչ թե մուրացկանային, պարտվողական, զիջողական։ Նիկոլական «խաղաղասիրությունը» նոր պարտությունների, նոր նվաստացումների ճանապարհն է։
Հանրահավաքին եկող քաղաքացին առաջին հերթին պետք է ցույց տա, որ անկախ զոմբիացման, ընկճման ու հիասթափության դոզայից կան մարդիկ, ովքեր իրականում, այլ ոչ թե ձևականորեն տեր են կանգնում իրենց իրավունքներին, մեր երկրին։
Նիկոլիզմը վիրուս է։ Կորոնավիրուսի պես մի բան։
Նիկոլական իշխանությունը քաղաքական կորոնավիրուս է, որը ախտահարել է մեր հանրային օրգանիզմն ու պետությունը։ Հանրահավաքը և դիմադրության ցանկացած դրսևորում հակահամաճարակային միջոցառման պես բան է։ Եթե կուզեք՝ դեղամիջոց, իմունային համակարգը բարձրացնող դեղամիջոց։ Դիմադրությունը մեր երկրի չմահանալու կարևորագույն նախապայմաններից է։ Դիմադրողականության աճին զուգահեռ կմեծանա նաև իշխանափոխության հնարավորությունը։
Այն, որ Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, ընդդիմության մեղքն էլ կա։ Բայց ընդդիմությանը քննադատելուց զատ պետք է նաև հասարակական-քաղաքական դիմադրություն ապահովել՝ ցանկացած ձևաչափով։
Արդյունավետ դիմադրությունը և իշխանափոխությունը կկազմակերպի «Հայաստանը», շատ լավ։ Չի կազմակերպի, դա կանեն այլ ուժեր՝ նոր բանաձևերով, նոր ծրագրերով, նոր առաջնորդությամբ։
Ամեն դեպքում պետք է մասնակցել հանրահավաքին, որպեսզի հանրային օրգանիզմը սկսի աշխատել և ներքին ռեզերվները գործի դրվեն։
Մեկ բան հստակ է՝ քանի դեռ Փաշինյանն իշխանության է, մեր երկրի համար լինելու է վատ կամ ավելի վատ։ Պարտության խորհրդանիշը պետք է հեռանա, որ Հայաստանն ու Արցախը շնչեն, ոտքի կանգնեն, զարգանան։
Այնպես որ նոյեմբերի 8-ին` ժամը 18-ին, Ազատության հրապարակ։
Արեգնազ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր