ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Հակոբ Մաթիլյանը տեղեկացնում է, 2021 թ. դեկտեմբերի 5-ին անցկացվելիք՝ Արթիկ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու է Հայ Յեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակը։ Ստորև ներկայացնում ենք ՀԳՄ անդամի հայտարարությունը.
Սիրելի՛ հայրենակիցներ
Տեղեկացնում եմ, որ ես՝ Հակոբ Աղասու Մաթիլյանս, 2021 թ. դեկտեմբերի 5-ին անցկացվելիք՝ Արթիկ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակը։
Ցուցակի մաս կազմող ՀՅԴ անդամների և մեր համակիր ընկերների հետ ձեռնամուխ ենք լինելու մեր հայրենի Արթիկ քաղաքի և շրջանի գյուղերի վերաշինության գործին, ինչը մեզ համար և՛ մեծ հպարտություն է, և՛ կարևոր ու պատասխանատու առաքելություն։
Արթիկ քաղաքն իր 23 համայնքների հետ բոլորիս տունն է, մեր բազմաչարչար հայրենիքի մի մասնիկը, և յուրաքանչյուրս պետք այն փայփայենք ու շենացնենք անձնվիրաբար: Առաջնորդվելով այդ գիտակցումով՝ նորաստեղծ համայնքի յուրաքանչյուր բնակավայրի, այդ բնակավայրի յուրաքանչյուր թաղամասի, շենքի, բնակարանի ու տան հոգսը համարվում է թիմի առջև դրված առաջնային խնդիրներից մեկը:
Ստանձնելով համայնքի ղեկավարման պարտականությունները՝ Արթիկի շրջանի զարգացման գործում ներգրավելու ենք ինչպես հայաստանյան պետական և մասնավոր միջոցները, այնպես էլ աշխարհասփյուռ հայության, հատկապես՝ օտար ափերում տնտեսական և այլ ոլորտներում բարձունքների հասած՝ ծնունդով արթիկցի մեր հայրենակիցների հսկայածավալ ներուժը: Դաշնակցությունը՝ որպես աշխարհասփյուռ կառույց, ունի իր դարավոր փորձը: Մենք հաստատակամորեն գալիս ենք՝ միս ու արյուն տալու նշյալ մտահղացումներին, և վստահեցնում՝ վաղվա պայծառ օրը մերն է լինելու…