կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-01 14:15
Քաղաքական

ՔՊ-ի թեկնածուներին ընտրելով` Փաշինյանի վարած քաղաքականությանն են «այո» ասում․ Արթիկում ՀՅԴ թեկնածու

ՔՊ-ի թեկնածուներին ընտրելով` Փաշինյանի վարած քաղաքականությանն են «այո» ասում․ Արթիկում ՀՅԴ թեկնածու

Դեկտեմբերի 5-ին Արթիկը և հարակից 23 համայնքները ընտրելու են տեղական ինքնակառավարման իրենց ղեկավարությանը։ Ընտրապայքարում 6 ուժեր են, սակայն Արթիկ համայնքի ղեկավարի ՀՅԴ-ական թեկնածու, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ  Հակոբ Մաթիլյանի խոսքով, իրականում պայքարում են ՀՅԴ-ն ու ՔՊ-ն։

«Հայտնվել են կուսակցություններ, որոնք ընդհանրապես ներկայացված չեն եղել մեզ մոտ, առաջին անգամ են հայտնվել։ Եթե ուշադիր ենք նայում, բոլորն են ՔՊ արբանյակ կուսակցություններ են, մարդ-կուսակցություններով ներկայացված ուժեր են, որոնք տեղում որոշակի հեղինակություն, ազդեցություն, ազգ-բարեկամ  ունեցող մարդկանց հավաքագրել են ցանկում և կուսակցությունով պայքարում են»,-  Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Մաթիլյանը։

ՀՅԴ-ական թեկնածուն նշում է, որ Արթիկում ընտրապայքարն անցնում է շատ անշուք և անհետաքրքիր, քանի որ չկա գաղափարական պայքար:

«ՔՊ թեկնածուն 8-9 տարվա համայքնապետ է և համայնքում առկա խնդիրները լուծելու հնարավորություն ունեցել է»,- նկատեց նա։

Հակոբ Մաթիլյանը նշեց, որ համայնքի խնդիրները հիմնականում ողջ հանրապետությունում են առկա, դա ճանապարհների, աշխատատեղերի խնդիրն է, նաև մանկապատանեկան կենտրոնների բացակայությունը, մանկապարտնեզների պակասը․ «Սա իհարկե անմիջական կապ ունի երկրում ընդհանուր վիճակի հետ։ Եթե մեր երկրում առկա վիճակը չփոխվի, առանձին համայնքը չի կարող դրախտ դառնալ»։

Մաթիլյանը վստահ է՝ ՔՊ-ի թեկնածուներին ընտրելով, ընտրողները Փաշինյանի վարած քաղաքականությանն են «այո» ասում․

«Ամենակարճ ճանապարհները մեր համայնքները զարգացնելու, անվտանգային հարցերը լուծելու՝ այսօրվա իշխանությունների հեռացումն է, ուղղակի վռնդելը և դա պետք է սկսվի մարզերից։ Մեր  քարոզարշավում էլ հիմնական մեխը այն է, որ «ոչ» ասենք այսօրվա իշխանություններին, այստեղ ոչ ասելով ՔՊ-ի թեկնածուներին։ Այս ընթացքում էլ մարդկանց հետո շփվելով տեսնում ենք, որ մարդկանց մի մասը փոշմանել է»,-ասաց ՀՅԴ-ական թեկնածուն

Ամփոփելով խոսքը, Մաթիլյնաը նշեց, որ իր շանսերը գնահատում է գերազանց, քանի որ հավատում է ժողովրդի իմաստությանը։