կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-20 17:35
Իրավական

ՄԻԵԴ դատավորի թեկնածուներից մեկը բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ չէ. նոր մրցույթ կանցկացվի

ՄԻԵԴ դատավորի թեկնածուներից մեկը բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ չէ. նոր մրցույթ կանցկացվի

Արդարադատության նախարարությունը մանրամասներ է հայտնում այն մասին, թե ինչու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների վերջնական ցուցակի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանն իր իսկ կողմից տրված հրամանն ուժը կորցրած ճանաչել, և ինչու պետք է նոր մրցույթ անցկացվի:

 

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ՄԻԵԴ դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի (այսուհետ՝ Խորհրդատվական խումբ) հարցմանն ի պատասխան, արդարադատության նախարարությունը դեռևս 2014 թվականի նոյեմբերին տրամադրել է լրացուցիչ տեղեկատվություն ներպետական մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների վերաբերյալ, նրանց կենսագրությունները և թեկնածուների ընտրության ընթացակարգի նկարագրությունը:

 

Խորհրդատվական խումբը ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում ՀՀ կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացվելիք դատավորի երեք թեկնածուների վերաբերյալ կարծիք է հայտնել, որ թեկնածուներից երկուսը՝ Արայիկ Ղազարյանը և Արմեն Հարությունյանը, բավարարում են ՄԻԵԴ դատավորին ներկայացվող պահանջներին:

 

Անդրադառնալով Հանձնաժողովի կողմից սեռերի ներկայացվածության սկզբունքի կիրառման արդյունքում թեկնածուների ցուցակում ընդգրկված Նելիկ Հարությունյանին՝  Խորհրդատվական խումբը նշել է, որ վերջինիս մասնագիտական որակավորումներն և փորձը հաշվի առնելով՝ Եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ, ինչը պահանջվում է ՄԻԵԴ դատավորից:

 

Հարկ է նշել, որ Խորհրդատվական խմբի կարծիքը ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության ընթացակարգին վերաբերող որևէ դիտողություն չի եղել: