Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Մանվել Հայրապետյանը վստահ է՝ ավագանու ընտրությունները խորհրդարանական ընրտությունների նման չեն անցնելու, այս դեպքում ժողովրդին ոչ թե կուսակցությունը, այլ կոնկրետ թեկնածուն է հետաքրքիր:
«Սա այն ընտրությունը չէ, որ կուսակցական պատկանելությունը մեծ դեր խաղա, ժողովրդին հետաքրքրում է անձը, այն մարդը, որը պիտի լինի իրենց համայնքի ղեկավար: Անհատի գործոնն է էական»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասում է Հայրապետյանը:
Հայրապետյանին Արտաշատի տարածաշրջանի բնակիչները լավ են ճանաչում: 1991-ից Բերքանուշ գյուղական համայնքի ղեկավարն է: Նշում է՝ տարածաշրջանի բնակիչները ընտրություն կկատարեն՝ իր կատարած աշխատանքներն ուսումնասիրելով:
Փոքր համայնքից խոշորացված մեծ համանքի ղեկավար դառնալու պատասխանատվությունը լավ է գիտակցում: Ուսումնասիրելով տարածաշրջանի խնդիրները՝ գիտի գյուղացուն՝ ինչ է պետք, որ խնդիրներն են առաջնային, եւ ինչպես գնալ դրանց լուծման ճանապարհով:
Ասում է՝ խոշորացման տակ ընկած գրեթե բոլոր համայնքները ոռոգման ցանցի խնդիր ունեն: Արարատյան դաշտավայրի բերրի հողերի պարագայում այս հարցի լուծումն առաջնային է։ «Ջրի մեջ կորուստ կա, հողը մշակելիս ջուրը ուշ է տեղ հասնում: Ոռոգման ցանցերը կբերեն հողերի մշակման խթանման, հեշտ ոռոգման գործընթացին»,- նշում է Հայրապետյանը:
Որպես համայնքի ղեկավար՝ նա մշակել է կառավարման ու ֆինանսների ծախսման իր մոդելը։ «Մեր համայնքում, իմ առաջարկով, ավելի շատ ուշադրության կենտրոնում ենք պահել սոցիալապես անապահով խավին․ ավագանու հաստատմամբ տարբեր առիթներով ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում նրանց»,- պարզաբանում է Հայրապետյանը:
Մեծ ծրագրեր ունի, եթե դառնա Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար՝ կառավարությանն առաջարկներով հանդես կգա:
«Քաղաքի ներսում, ճիշտ է, կենտրոնական փողոցները ասֆալտապատված են, բայց ծայրամասերում, շենքերի բակերում բարեկարգման կարիք կա: Աղբահանության հարցը եւս շատ կարեւոր է: Կենցաղային հարցերը պետք է ուշադրության կենտրոնում լինեն․ կենցաղային հարցերում մանրուքներ չկան: Արտաշատ խոշորացված համայնքը՝ քաղաքով ու շրջանի գյուղերով, մեր սիրելի բնօրրանն է, որի առջև պատասխանատու ենք բոլոր արտաշատցիներս։ Մեր թիմն ունակ է լուծել մեր համայնքի առջև ծառացած խնդիրները, քանի որ դրանում ներառված անձինք ներկայացնում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները` առողջապահությունից մինչեւ կրթություն, գյուղատնտեսությունից մինչեւ ֆինանսական, տեղական ինքնակառավարման ոլորտներ»,- ընդգծում է Հայրապետյանը:
Լիանա Սարգսյան