Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Thales-ի փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից։
Արմեն Սարգսյանը նշել է, որ Thales-ի ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հավանական ուղղությունները:
«Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին: Եվ դա պետք է արվի լայն սպեկտրով»,- ասել է Հանրապետության նախագահը և ավելացրել.
«Հայաստանի առավելությունն այն է, որ մենք հավատացած ենք, որ նորարար ենք: Դրա ապացույցն է, որ մեր երկրում կան մեծ թվով ստարտափեր, զարգանում է ստարտափերի մշակույթը: Երկրորդ՝ այսօր՝ փոփոխություններից հետո, Հայաստանը դարձել է ավելի երիտասարդ երկիր: Մարդիկ ոգևորված են, փորձում են գտնել լուծումներ: Մենք ունենք կրթության շատ բարձր մակարդակ: Այստեղ գործում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ռուս-հայկական համալսարանը, Ֆրանսիական համալսարանը, ինչպես նաև Եվրոպական համալսարանը: Սա, անշուշտ, առավելություն է: Երրորդ, մենք ներկայացնում ենք յուրահատուկ շուկա, որը ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ղազախստանը, որոնց հետ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի: Պետք է հաշվի առնել նաև Ռուսաստանում հայկական մեծ համայնքի առկայությունը: Մենք նաև Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը բազմահազարանոց շուկա է»:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին հրավերի համար՝ Փոլ Ռեմին մասնավորապես ասել է. «Thales-ը ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիական առաջատար ընկերություն է: Մենք չենք կարող մոռանալ Կենտրոնական Ասիայի շուկան: Տեսնում ենք, որ դուք Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում եք: Հայաստանը ներգրավված է «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծում, որի վրա մենք շատ կենտրոնացած ենք: Առաջարկները, որոնք արեցիք, շատ լավն են ու վստահություն ներշնչող, քանի որ, ինչպես Դուք ասացիք, մեծ թվով հայաստանցիներ են ապրում Ռուսաստանում, որոնք հաջողությամբ ինտեգրվել են այդ երկրում: Ուրախ եմ, որ Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններ եք առաջարկում: Մենք նախկինում չենք ուսումնասիրել այդ հնարավորությունները»:
Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Փոլ Ռեմին Հայաստանում անցկացնելիք ժամանակը կօգտագործի՝ բացահայտելու մեր երկիրը, կայցելի տարբեր ընկերություններ, կրթական հաստատություններ.
«Այս ամենը Ձեզ կտա ընդհանուր պատկերացում և հնարավորություն՝ ծրագրելու, թե ինչ կարող ենք անել»: