Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այստեղ իրենց բարեկամ պաշտոնյաներն ստանում են միլիոնավոր պարգևավճարներ՝ արդարացնելով, որ նորմալ է, որ Ալեն Սիմոնյանը պարգևավճարներ կայացնելու մասին որոշում է կայացնում, նորմալ է, որ Ալեն Սիմոնյանը պետբյուջեի միջոցներով ունենալու է անձնական բժիշկ՝ այն ժամանակ, երբ ՀՀ-ում պետպատվերն ուղղակի կասեցվել է, իսկ հոկտեմբերի 1-ից ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պիտի ամեն ամիս մոտ 60 000 դրամ ծախսի, որպեսզի ՊՇՌ թեստ հանձնի՝ աշխատավայր մուտք գործել կարողանալու համար», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նա մատնացույց արեց այն ակնհայտ տարբերությունը, որը կա 2018 թվականին անարդարության դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած անձանց խոսքում ու գործողություններում։
«Այս մարդիկ գալիս էին լոզունգներով, որ իրենք ծանոթ-բարեկամներով հարցեր լուծելուն վերջ են տալու, որ 2018-ին ՀՀ քաղաքացին պայքարել է «ախրաննիկապետության», «պադավատապետության» դեմ, էլի չգիտեմ, թե ինչ բառապաշար էին օգտագործում, իսկ հիմա այդ «ախրաննիկապետությունը» հարյուրապատկել են, «պադավատապետությունը» ավելի թանկարժեք մեքենաներով են փոխարինել և բոլոր պետական տենդերների նույնիսկ սահմանված կարգը, մրցույթի ձևական կարգը չեն պահպանում,․ ընդամենը միանձնյա, խոշոր գնումներով կարողանում են ապահովել այն, ինչը որ իրենց պետք է»,- ասաց պատգամավորը։
Իշխանության ներկայացուցիչների այս վարքի շրջանակում պատգամավորը դիտարկեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ խոշոր մրցույթներ շահելու փաստը։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբոր ղեկավարած ընկերությունը վերջերս շահել է Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը, ամիսներ առաջ էլ ընկերությունը ՏԿԵ նախարարության հետ 368 միլիոն դրամի պայմանագիր է կնքել։
Հարցին երեկ անդրադարձել էր նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ «Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարելով․ «Ամենևին կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում, այստեղ բանալի բառերը «մրցույթ» և «հաղթել» բառերն են, դրանով ամեն ինչ ասված է»։