Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեպտեմբերի 21-ին, Անկախության 30-ամյակի առիթով Հանրապետության հրապարակում կայացած տոնական համերգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայության տարատեսակ վերաբերյալ Hraparak.am-ը պարզաբանումների համար դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարողակարգային և արտաքին հարաբերություների բաժնի տնօրեն՝ Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին:
Վերջինը հայտնել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունով ուշ ստացված հրավերից հետո փորձ է արվել կառավարության աշխատակազմից տեղեկանալ նախատեսված տոնական համերգի ծրագրի և արարողակարգային բնույթի այլ հարցերի մասին և այս պարագայում անգամ Մայր Աթոռի արարողակարգային ծառայության զանգերն ու հաղորդագրությունները մնացել են անպատասխան:
- Սրբազան հայր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնական համերգին մասնակցելու հրավեր ստացել է, բայցևայնպես չի մասնակցել: Ի՞նչն է պատճառը:
- Նախ և առաջ կուզենք արձանագրել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որևէ միջոցառման կարող է մասնակցել՝ ելնելով տվյալ միջոցառման բնույթից, ծրագրային ուղղվածությունից և արարողակարգային կազմակերպվածությունից։
Իհարկե, Անկախության տոնը պետք է նշվեր, դրանում կասկած չկա, բայց անհրաժեշտ էր նշման եղանակներն ու ընդգրկումը համադրել նաև հանրային տրամադրությունների հետ։ Տեսանելի էր, թե ինչպիսի խիստ հուզականությամբ ընդունվեց այդ համերգի կազմակերպումը: Կազմակերպչական աշխատանքներն ուղեկցվեցին զոհված զինվորների ծնողների և հարազատների հայտարարություններով, հանրային քննարկումներով, ընդվզման ցույցերով և ցուցարարների ձերբակալություններով։ Նման անհամերաշխության պայմաններում, երբ նաև աղետալի պատերազմի տարելիցը չբոլորած՝ մեր ժողովուրդը գտնվում է սգի ու վշտի մեջ, անընկալելի էր տոնական համերգի՝ որպես գլխավոր միջոցառման իրողությունը, որ պիտի բաժանարար նոր սեպ խրեր առանց այն էլ վիրավոր ներհասարակական փոխհարաբերություններում։
Երկրորդ՝ աննախընթաց և առնվազն տարօրինակ է, որ իշխանությունների կողմից որևէ ձևով Եկեղեցին ներգրավված չի եղել Անկախության նշման միջոցառումների կազմակերպմանը: Մայր Աթոռին հասանելի չեն եղել անգամ տարրական տեղեկություններ: Նորին Սրբության անունով ուշ ստացված հրավերից հետո փորձ է արվել կառավարության աշխատակազմից տեղեկանալ նախատեսված տոնական համերգի ծրագրի և արարողակարգային բնույթի այլ հարցերի մասին և այս պարագայում անգամ Մայր Աթոռի արարողակարգային ծառայության զանգերն ու հաղորդագրությունները մնացել են անպատասխան: Այսուհանդերձ, Մայր Աթոռն առաքեց իր երկու ներկայացուցիչների։