Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդային Միության փլուզումից հետո միաբևեռ աշխարհակարգի պայմաններում և գլոբալիստական ծրագրերի իրականացման հետևանքով Արևմուտքի և Արևելքի միջև ընկած երկրներից ձևավորվեց հակադրության մի գոտի, որը ձգվում է Բալթիկ ծովից՝ բաժանելով Արևմտյան Եվրոպան Արևելյանից, անցնում է սևծովյան ավազանի երկրներով, Հարավային Կովկասով և, հատելով Կասպյան տարածաշրջանը, հասնում է Աֆղանստան: Թուրքիայում այդ գոտին ճյուղավորվում է և, անցնելով Միջերկրական ծովի արևելյան ափերով ու Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներով, հասնում մինչև Ջիբրալթար: Այդ գոտին կարելի է բնութագրել բազմաթիվ որոշիչներով՝ լարվածության, անկայունության, բաժանարար, բուֆերային և այլն: Այս բնութագրերը տեղին են, քանի որ այդ գոտին բաժանում է արևելյան և արևմտյան քաղաքակրթությունները, համաշխարհային կրոնները, լարվածություն է ստեղծում պետությունների և ժողովուրդների միջև, իսկ այդ գոտում տեղակայված պետությունները բուֆերի նման իրենց վրա են վերցնում հարվածները թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից:
Ինչևիցե, թալիբների՝ իշխանության գալով Աֆղանստանը դարձավ այդ գոտու վերջին և կարևոր հատվածը, քանի որ անխուսափելիորեն կներքաշվի աշխարհաքաղաքական խաղերի մեջ և կարող է օգտագործվել որպես համաշխարհային հակամարտության սանձազերծման դետոնատոր:
Աֆղանստանը բարձրլեռնային, դժվարանցանելի, կիսաանապատային երկիր է՝ մոտ 20 մլն բնակչությամբ: Թե՛ բրիտանացիների, թե՛ ռուսների և թե՛ ամերիկացիների փորձը ցույց տվեց, որ այդ երկրում գրեթե անհնար է ճնշել տեղացիների պարտիզանական պայքարը, փոխել նրանց ազգային ու կրոնական համոզմունքները, ապրելակերպը: Աֆղանստանի լեռներում կարող են թաքնվել բազմաթիվ զինված խմբավորումներ, տարատեսակ ահաբեկչական բանդաներ, որոնց չափազանց դժվար է գտնել ու վնասազերծել:
Աֆղանստանը առանձնակի հետաքրքրություն չի ներկայացնում իր բնական ռեսուրսներով, տնտեսական և հաղորդակցական-տրանսպորտային հնարավորություններով: Բայց այն շրջապատված է գլոբալ և տարածաշրջանային ծանրակշիռ պետություններով՝ Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան (սահմանակից է վերջինիս ռազմաքաղաքական ազդեցության տակ գտնվող միջինասիական հանրապետություններին), Իրան և Պակիստան: Այս երկրներից չորսը միջուկային տերություններ են, որոնց բնակչությունը կազմում է երկրագնդի բնակչության կեսը՝ երեք միլիարդից ավելի: Նշենք նաև, որ այս տերությունների միջև հարաբերությունները բարդ են, իսկ Չինաստանի ու Պակիստանի հարաբերությունները Հնդկաստանի հետ կարելի է բնութագրել որպես լարված: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, ապա դրանց ռազմավարական պլանավորման ինստիտուտները, ելնելով Բրիտանական կայսրության փորձից, Աֆղանստանը կարևորում են որպես մի դիտակետ, մի բարձունք, որտեղից կարելի է հետևել և հսկել Չինաստանի, Պակիստանի ու Հնդկաստանի քաղաքական շարժերը, տեսնել նախկին խորհրդային միջինասիական հանրապետությունների խոցելիությունն ու Ռուսաստանի տագնապները, Իրանի անպաշտպան թիկունքը և փոքր-ինչ հեռվից լսել Թուրքիայի պանթյուրքական կաղկանձը և արաբական երկրների բազմաձայնությունը: Իրապես այդ բարձունքը շատ հարմար դիտակետ է հեռավոր Արևմուտքի համար՝ մոտիկից դիտելու նշված երկրների տարատեսակ քայլերը և, օգտագործելով այդ երկրների շարքում ունեցած դաշնակիցներին, քաղաքական վարքագիծ պարտադրելու մյուսներին: Սա էր պատճառը, որ ԱՄՆ-ն, օգտվելով 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից, ներխուժեց Աֆղանստան, չնայած որ այդ ժամանակ երկրում իշխող թալիբները որևիցե կապ չունեին այդ ահաբեկչության հետ: Հակաահաբեկչական կոչված ներխուժմանը մասնակցեցին ՆԱՏՕ-ի զորքերը, օժանդակեցին Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի շատ պետություններ: Ուղիղ 20 տարի տևեց ամերիկացիների զինված ներկայությունը Աֆղանստանում:
Եվ ի՞նչ փոխվեց այդ երկրում: Ժողովրդավարական հասարակա՞րգ ձևավորվեց, տնտեսությո՞ւնը զարգացավ, ահաբեկիչնե՞րը ոչնչացվեցին: Իհարկե ոչ: Ավելին՝ այդպիսի նպատակ, ինչպես հայտարարեց նախագահ Բայդենը, ամերիկացիները չունեին:
Այժմ անդրադառնանք թալիբների կողմից Քաբուլի գրավումից հետո ստեղծված իրավիճակին և դրա վերաբերյալ համաշխարհային ԶԼՄ-ներում հնչող կարծիքներին ու քաղաքագիտական վերլուծություններին: Դրանք հիմնականում հանգում են հետևյալ եզրակացություններին.
-ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պարտվեցին թալիբներին,
-չկարողացան կազմակերպել իրենց կողմից ձևավորված խամաճիկային կառավարության դիմադրությունը թալիբներին,
-չկարողացան ապահովել զորքերի կազմակերպված դուրսբերումը՝ վերածելով այն խուճապահար փախուստի,
-լքեցին իրենց հետ համագործակցած հազարավոր աֆղանցիների:
Դժվար է համաձայնել այս պարզունակ գնահատականների հետ: Շատ թե քիչ ծանոթ լինելով հզոր պետությունների քաղաքական, ռազմական, հետախուզական, դիվանագիտական կարողություններին ու գործելաոճին՝ մեղմ ասած դժվար է հավատալ խուճապի և փախուստի այն օպերետային պատկերներին, որոնցով ԶԼՄ-ները ներկայացնում էին աշխարհում թիվ մեկ բանակի զորքերի դուրսբերումը Աֆղանստանից: Մենք մեր ենթադրություններն ու եզրակացությունները կատարվածի ու դրա պատճառների վերաբերյալ կներկայացնենք՝ ելնելով համապատասխան իրադարձությունների մասին տեղեկատվության համադրումից ու վերլուծությունից:
Հեգնանք են առաջացնում նաև որոշ քաղաքական գործիչների և նույնիսկ պետությունների ղեկավարների կողմից շտապ արված մեկնաբանությունները: Ոմանք շտապեցին հայտարարել, որ պատրաստ են ճանաչելու թալիբների իշխանությունը, օգնելու նրանց վերականգնելու երկրի տնտեսությունը, մարդասիրական օգնություն հասցնելու և այլն: Այս երեսպաշտական հայտարարությունների հետևում, իհարկե, թաքնված են սառը քաղաքական հաշվարկներ՝ սեփական շահերն առաջ տանելու համար: Օրինակ՝ Էրդողանը շտապեց հայտարարել, որ պատրաստ է ճանաչելու «Թալիբան»-ի վարչակարգը, բայց միաժամանակ իր ՆԱՏՕ-ական գործընկերներին ներշնչում է, թե այդպես իրականում միջոցներ է ձեռնարկում՝ խոչընդոտելու ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի կողմից այդ երկրում իրենց դիրքերը հաստատելու փորձերը:
Սակայն նշված երեք երկրներն էլ լավ հասկանում են Թուրքիայի նեոօսմանական ձգտումները՝ հաստատվելու նախկինԽորհրդային միջինասիական հանրապետությունների անմիջական հարևանությամբ: Ռուսները, զգալով թալիբների կողմից մահացու վտանգը, նախկին միջինասիական հանրապետություններում իրավիճակն ապակայունացնելու հեռանկարով արագ դիվանագիտական քայլեր են ձեռնարկում նրանց հետ համագործակցելու համար: Բանը հասել է նրան, որ ՌԴ-ում պաշտոնապես արգելված ահաբեկչական այդ կազմակերպությանը որոշ քաղաքագետներ առաջարկում են ճանաչել որպես ազգային-ազատագրական շարժում: Չինացիները նույնպես փորձում են օգտագործելով իրենց բավական ակտիվ տնտեսական ներկայությունը Աֆղանստանում համագործակցել նոր իշխանությունների հետ՝ պահպանելու եղածը և ապահովելու իրենց մասշտաբային ծրագրի՝ «Մեկ ճանապարհ` մեկ գոտի», իրագործումը: Տնտեսական վերելք ապրող Հնդկաստանին անհանգստացնում են Պակիստանի ազդեցության խորացումը թալիբների վրա և վերջիններիս ու չինացիների հետ հակահնդկական ճակատի ձևավորումը: Եթե թալիբները չկարողանան ստեղծել կայուն պետություն և ներքաշվեն քաղաքացիական պատերազմի մեջ, շիիթական Իրանը կհայտնվի ծանրագույն կացության մեջ, եթե հաշվի առնենք սուննի թալիբների հնարավոր համագործակցությունը իրենց սուննիական աշխարհի առաջնորդներ համարող Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ:
Նշենք նաև, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հնդկաստանը իրապես շահագրգռված են Աֆղանստանում կայունության հաստատմամբ: Դա բխում է այդ երկրների կենսական շահերից և անհրաժեշտ է նրանց` վերը նշված սպառնալիքները չեզոքացնելու համար:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը ոչ մի կերպ հետաքրքրված չէ Աֆղանստանում կայունության հաստատմամբ: Կայուն Աֆղանստանում Թուրքիան անելիք չունի և չի կարող մրցակցել այնպիսի տնտեսական հսկաների հետ, ինչպիսիք են Չինաստանն ու Հնդկաստանը: Իսկ անկայունությունը, ասենք` քաղաքացիական պատերազմը այդ երկրում, Թուրքիայի համար լայն հնարավորություններ կբացի գործունեություն ծավալելու և իր նեոօսմանական նկրտումներն առաջ մղելու համար: Այդ դեպքում է, որ, գիշակերի նման լեշի հոտն առնելով, Էրդողանը խառնակիչ գործունեություն կծավալի ողջ տարածաշրջանում` առաջադեմ ժողովուրդներին դա ներկայացնելով որպես դիմակայություն ռուսներին, Իրանին ու չինացիներին, իսկ սուննիական աշխարհին` որպես իսլամական ժողովուրդների ազատագրական պայքար:
Քաղաքական գործիչների այս ակտիվության, երբեմն ջղաձիգ քայլերի պատճառը, իհարկե, Աֆղանստանից ԱՄՆ-ի «խայտառակ պարտությունն» ու «խուճապահար փախուստն» է: Ինչպես ասում են, եզն ընկավ, դանակավորները շատացան: Բայց եզն իսկապե՞ս ընկավ: Վերը նշեցինք, թե 20 տարվա ընթացքում ինչ չհաջողվեց Միացյալ Նահանգներին անել Աֆղանստանում:
Հայտարարված ժողովրդավարական, գլոբալիստական և ոչ մի ծրագիր չիրականացվեց, ոչ մի ազատական արժեք չմտավ աֆղանցիների ապրելակերպ: Իսկ ի՞նչ արվեց այդ 20 տարվա ընթացքում: Մեր կարծիքով` արվեցին շատ կարևոր գործեր, որոնք եկան լրացնելու և ավարտին հասցնելու այն ռազմավարական, աշխարհաքաղաքական ծրագրերը, որոնք մշակել էին ԱՄՆ-ի ռազմավարները: Վերջիններս, դասեր քաղելով բրիտանացիների և ռուսների փորձից, հանգեցին այն եզրակացությանը, որ այդ երկրում չպետք է պայքարել այլ պետական կարգ հաստատելու համար: Աֆղանստանում ձեռնտու է այնպիսի ուժի իշխանությունը, որը լավ գումարի դիմաց պատրաստ կլինի կատարելու ցանկացած պատվեր: Սիրիայում այդպիսին «Իսլամական պետությունն» էր: Աֆղանստանում այդպիսի ուժ է կրոնական ծայրահեղականներից և ահաբեկիչներից բաղկացած «Թալիբան»-ը: Նախ նշենք, որ Աֆղանստանում իր ծրագրերն իրականացնելու համար Միացյալ Նահանգները ծախսել է ավելի քան 1 տրիլիոն դոլար, և անդրադառնանք այդ ծրագրերն իրականացնելու համար կատարված գործերին: Ներխուժելով Աֆղանստան` ԱՄՆ-ն 20 տարի ապահովեց իր զինված ներկայությունը Հարավարևելյան Ասիայի սրտում` վերահսկելով տարածաշրջանի քաղաքական ու ռազմական գործընթացները:
Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը, ո՛չ Իրանը, ո՛չ էլ մեկ այլ պետություն չէր կարող որևէ քայլի դիմել տարածաշրջանում առանց հաշվի առնելու այդ ներկայությունը: Քշելով թալիբներին իշխանությունից` ամերիկացիները ձեռնամուխ եղան աֆղանական զինված ուժերի ձևավորմանը: Չխուսափելով հսկայական ծախսերից, չխնայելով միջոցները` նրանք ստեղծեցին լավ վարժված ու ժամանակակից զենքերով ու տեխնիկայով զինված 300 հազարանոց ռազմական ուժ: Այն հարցին, թե ինչպես այդ բանակը 11 օրվա ընթացքում պարտություն կրեց թալիբների ընդամենը 70 հազարի հասնող ջոկատներից, կա մի պատասխան` հաղթելու հրաման տրված չէր: Հիշեցնենք, որ թալիբները Քաբուլ մտան առանց կրակոցների, ցուցադրաբար անզեն: Այսինքն` կար իշխանությունը նրանց հանձնելու պայմանավորվածություն:
Ինչ վերաբերում է թալիբների 70 հազարանոց ջոկատներին, ապա լեռներում պարտիզանական կռիվներում թրծված ու փորձված այդ մարտիկները կմիանան ամերիկացիների կողմից պատրաստված բանակին և կգրավեն բարձր դիրքեր Աֆղանստանի զինված ուժերում: Մի կարևոր հանգամանք ևս. ԱՄՆ-ի բանակի շտաբի ղեկավարությունն այնքան «ապաշնորհ» գտնվեց, որ Աֆղանստանից «փախչելիս» 80 մլրդ դոլարի զենք ու զինամթերք, հրթիռներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ ու զրահամեքենաներ թողեց ահաբեկիչներին: Թե՞ նվիրեց: Դժվար չէ ենթադրել, որ երկու տասնամյակի ընթացքում ամերիկյան հատուկ ծառայությունները գործակալական լայն ու բազմաֆունկցիոնալ ցանց են ստեղծել այդ երկրում, որն ընդգրկել է աֆղանական բոլոր կառույցները, մասնավորապես` բանակը, պետական օղակները, ընդդիմությունը և իհարկե թալիբներին իրենց ղեկավարների հետ: Նաև, անկասկած, հնարավորինս չեզոքացվել են այլ պետությունների նման ցանցերը: Բացի այդ, աչք փակելով ու խրախուսելով կոռուպցիան խամաճիկային վարչակարգի բոլոր օղակներում, միայն իրենց հայտնի խողովակներով կաշառելով թալիբներին և ահաբեկչական այլ կազմակերպությունների ղեկավարներին, վերջիններիս ֆինանսական կախվածության մեջ են գցել և նրանց վրա ազդեցության հզոր լծակներ ձեռք բերել:
Վերն ասվածից կարող ենք անել հետևյալ եզրակացությունը: ԱՄՆ-ն իր քսանամյա գործունեությամբ Աֆղանստանում ստեղծեց իսլամիստական վարչակարգ` «Թալիբան» ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպության գլխավորությամբ: Այդ ռեժիմն ունի 400 հազարանոց լավ զինված բանակ ու կրոնական գաղափարական ամուր հենարան հավատացյալ աֆղանների (և ոչ միայն աֆղանների, այլև հավատացյալ շատ մահմեդականների) շրջանում և մարտնչելու է հանուն այդ գաղափարների:
Հայհոյելով անհավատներին, պախարակելով արևմտյան արժեքները` այդ վարչակարգը պատրաստ կլինի մարտնչելու հանուն ծայրահեղ իսլամական գաղափարների։ Մարտնչել ո՞ւմ դեմ։ Ճիշտ է՝ Արևմուտքի հակառակորդների, օրինակ` «Իսլամական պետության» դեմ Սիրիայում։
Մի խոսքով` Հարավարևելյան Ասիայի սրտում պատրաստվեց ու տեղադրվեց մի ռումբ, որն անհրաժեշտ պահին կարող է պայթեցվել: Թե դա ինչ հետևանքներ կունենա 3 մլրդ բնակչությամբ 5 հզոր տերություններ ընդգրկող տարածաշրջանում, դժվար չէ պատկերացնել. երկարատև արյունալի և հյուծող պատերազմ։ Իսկ առաջադեմ մարդկությունը արևմտյան հեռվից կդատապարտի արևելյան բարբարոսությունները, կաղոթի զոհերի համար և հումանիտար օգնություն կառաքի։ Հավելենք, որ այդ պայթյունից կարող է բռնկվել ամբողջ գոտին՝ Աֆղանստանից մինչև Բալթիկ ծով և Ջիբրալթար: Իսկ այդ դեպքում էլ ի՞նչ Մետաքսե ճանապարհ, ի՞նչ նավթատար ու գազատար դեպի հարավ-արևելք, ի՞նչ առևտրի շուկաներ Հնդկական օվկիանոսի ափերին և այլն, և այլն: Իսկ ո՞ւմ հրահանգով թալիբները կվառեն ռումբի պատրույգը: Իհարկե, միայն նրա, ում ձեռքում բոլոր լծակներն են, ով հսկայական գումարներ է ծախսել այդ լծակներն ու ռումբը ստեղծելու համար: Այդ ռումբը միջուկայինից ու հիպերարագ հրթիռներից էլ հզոր է, և պարտադիր էլ չէ այն պայթեցնել: Պայթեցնելու վտանգն արդեն սարսափելի է: Թող վախենան ու չփորձեն բազմաբևեռություն խաղալ:
Վարդան Հակոբյան