Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործում Հայաստանը, որպես երրորդ կողմ, ներկայացնող Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին հայտարարություն են տարածել ՄԻԵԴ վճռի վերաբերյալ. տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հայտարարության մեջ ասվում է.
«Մենք գոհ ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հավանության արժանացրեց Դողու Փերինչեքի և Շվեյցարիայի միջև գործում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության օգտին բերված մեր փաստարկը: Այդ վճիռը Հայաստանի համար հաղթանակ է:
Այսօր Եվրոպական դատարանն արձանագրեց, որ խոսքի ազատությունը ենթակա չէ սահմանափակման, եթե այն չի սերմանում բռնություն կամ ռասայական ատելություն: Փաստորեն, շվեյցարական իշխանությունները չպետք է հետապնդեին Փերինչեքին, քանի որ թուրքերենով արված նրա դատարկախոս հայտարարությունը բացարձակապես չէր կարող որևէ ազդեցություն ունենալ Շվեյցարիայում սոցիալական ներդաշնակության և ռասաների միջև հարաբերությունների վրա:
Հայաստանը գործում ներգրավվել է միայն մեկ նպատակով. Ստորին պալատը կասկածի տակ էր դրել 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության փաստը: Որպես փաստաբաններ՝ մենք ձգտել ենք ուղղել այս կոպիտ սխալը, և Մեծ պալատն այդպես էլ վարվեց: Այսօրվա վճիռը չի վիճարկում Հայոց ցեղասպանության փաստը. տասը դատավոր նշեց, որ ընդհանրապես այդ հարցը չպետք է քննարկվի, մինչդեռ դատավորներից յոթն արձանագրել են, որ «Հայոց ցեղասպանությունը հստակորեն ամրագրված պատմական փաստ է»:
Վճիռը նաև վերահաստատում է հայերի՝ Եվրոպական իրավունքով պահպանվող իրենց արժանապատվության նկատմամբ հարգանքի և պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է օսմանյան թուրքերի կողմից հայերի ռասայի շուրջ կեսի ոչնչացման հետևանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը (պարբերություն 227):
Արտահայտվելու ազատության կարևորությունը վերահաստատող Դատարանի այս վճիռը կարևոր հետևանքներ կունենա նաև Թուրքիայի համար, որը Եվրոպական դատարանում ներկայացված պետությունների շրջանում խոսքի ազատության ամենավատ ցուցանիշներն ունի: Թուրքիան այլևս չի կարող արդարացնել Հրանտ Դինքի նմաններին քրեական հետապնդման ենթարկելը, անձինք, ովքեր գրելով Հայոց ցեղասպանության իրականության մասին, Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիմքով մեղադրվում են «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ: Փերինչեքի գործով արված մեկնաբանությունների համաձայն՝ այս հետապնդումներն ամբողջությամբ հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված խոսքի ազատության երաշխիքներին: Մենք կոչ ենք անում Թուրքիային` վերացնել հոդված 301-ը և դադարեցնել դրանով պայմանավորված չարամիտ հետապնդումները:
Փերինչեքը սադրիչ է, որին չպետք է դարձնեին նահատակ, ինչին նա այդքան ձգտում էր: Անհրաժեշտ է նշել, որ դատարանը մերժել է նրա՝ 120,000 եվրոյի փոխհատուցման պահանջը և ոչինչ չի հատուցել՝ նույնիսկ նրա սեփական իրավաբանական ծախսերը»: