կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-12 16:27
Իրավական

ՄԻԵԴ-ի հերթական վճռի կատարման համար կառավարությունը 160 հազար եվրո կփոխանցի

ՄԻԵԴ-ի հերթական վճռի կատարման համար կառավարությունը 160 հազար եվրո կփոխանցի

Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի ՀՀ արդարադատության նախարարությանը 160 հազար եվրո հատկացնելու հարցը: Նշված գումարով կառավարությունը, ի դեմս նախարարության, պետք է փոխհատուցի պետական գերակա շահ ճանաչված Բուզանդի 25 հասցեի մի շարք սեփականատերերին պատճառված վնասը:

 

Նշենք, որ 2014թ. նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել «Բաղդասարյանը եւ Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղարիբյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» եւ «Ղասաբյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործերով:

 

Բոլոր երեք գործերով դիմումատուները, ովքեր պետական գերակա շահ ճանաչված անշարժ գույքի սեփականատերեր են, մինչեւ ՄԻԵԴ դիմելը եւ ՄԻԵԴ-ում գործի քննության ընթացքում մերժել են ՀՀ կառավարության կողմից արված փոխհատուցման առաջարկները:

 

«Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել էին 300.000 եվրո գումար, սակայն Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 44.000 եվրո փոխհատուցում: Կառավարությունը 52 000 եվրո կփոխանցի «Ղարիբյանը և այլք ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար, իսկ 64 000 եվրո էլ «Ղասաբյանը և այլք ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար:

 

Սեփականության իրավունքը կորցրած քաղաքացիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացրած փաստաբան Արթուր Գրիգորյանը, ժամանակին անդրադառնալով վճռի կատարմանը, հայտարարել էր, որ  ՄԻԵԴ-ի վճիռները վերջնական դառնալուց հետո Հայաստանում կայացված դատական ակտերը նոր հանգամանքներով պետք է վերանայվեն, և գործերի նոր քննության արդյունքում` դիմողներից խլված տների իրական շուկայական արժեքները փոխհատուցելու հարցը ավելի քան առարկայական է դառնալու: