Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները դարձյալ խոսում էին այն մասին, որ երկիրը կործանվում է, Նիկոլ Փաշինյանը հանձնում է մեր հողերը, կործանում պետությունը և այլն։ Նրանց հիշեցրինք, որ իրենք ընտրություններին մասնակցել ու խորհրդարան են եկել երկիրը փրկելու առաքելությամբ, իսկ հիմա միայն հայտարարություններ են անում երկրի կործանման մասին, բա ե՞րբ են, վերջապես, փրկելու երկիրը, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն օր մաս-մաս հանձնում է Հայաստանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանն ուշագրավ խոստովանություն արեց․ «Մենք չէինք մասնակցում ընտրություններին առաջին հերթին իշխանության գալու համար։ Մենք մասնակցում էինք ընտրություններին առաջին հերթին հակահայ իշխանություններին իշխանությունից հեռացնելու համար։ Դրանք տարբեր հասկացություններ են»։
Հետո, անդրադառնալով երկիրը փրկելու մասին հարցին, ասաց․ «Ամեն օր բոլոր հնարավոր միջոցներով, ոչ մեկի մտքով չանցնի, որ մենք փողկապավոր ընդդիմություն ենք դարձել, որը փողոցային պայքարից խուսափում է, ինչ հնարավոր լինի՝ ԱԺ հարցապնդումից մինչև հերթական բուհի կամ վարչատարածքային միավորի, գրասենյակի կամ փողոցի գրավումը, փակումը և ակցիան, օգտագործվելու է։ Իսկ երբ ենք անելու` երբ որ էդ հարցը տվողները շատանան»։
Նույնը հարցրինք նաև «Հայաստան» խմբակցության դաշնակցական անդամ, Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին՝ հիշեցնելով, որ մենք գրել էինք, որ հիմա էլ «խաղաղության պայմանագիր» են պատրաստվում ստորագրել իշխանությունները, որը նոր զիջումներ ու նոր տարածքների հանձում է ենթադրում։ Իսկ ընդդիմության գործողություններով, փաստորեն, չի հաջողվում կանխել այս կործանարար գործընթացը։ Բա էլ ե՞րբ են փրկելու երկիրը, եթե այն արդեն կործանման եզրին է։
«Ձեր հարցի միջի հեգնանքը հասկանում եմ, բայց նաև պետք է իրավիճակին բաց աչքերով նայել։ Ի՞նչ պետք է աներ ընդդիմությունը էս անցնող մեկ ամսվա ընթացքում, որ չի արել, ու ի՞նչ պետք է անի։ Ընդդիմությունը եկել է խորհրդարան, օրինակ՝ չորեքշաբթի օրվա հարցուպատասխանը Դուք ո՞նց եք գնահատում»,-ասաց Սաղաթելյանը՝ զուգահեռ մեզանից իրենց աշխատանքից գնահատական ակնկալելով։
«Գնահատում եմ կառուցողական»,- պատասխանեցինք։
-Ես կառուցողական չեմ գնահատում, որովհետև էն գնահատականներն ու հարցերը, որ տրվել են, չեն կարող գնահատվել կառուցողական։ Բայց խնդիրը դա չէ։
-Քանի որ շիշ չկար սեղանին, դրա համար գնահատում եմ կառուցողական։
-Փաստորեն, էստեղ էլ չտվեցին ջուր։ Էնտեղ չկար՝ հասկացանք, ճեպազրույցներին ինչո՞ւ չկար։ Բայց խնդիրը դա չէ, խնդիրը նա է, որ ընդդիմությունն իր գործիքակազմով՝ իրենից ինչ որ կախված է, անելու է, արել է՝ ոչ ամբողջ պոտենցիալով, ու առաջիկայում անելու է։ Օրինակ՝ հիմա ստեղծվելու են մի քանի քննիչ հանձնաժողովներ տարբեր թեմաների վերաբերյալ, մյուս շաբաթ էդ հայտարարությունը կանենք։ Առաջիկայում պլանավորում ենք փողոցային ակցիաներ, երթեր, բուռն քննարկումների մեջ ենք։
-Իսկ ժողովուրդն արդյոք դուրս կգա՞ փողոց։
-Եկանք հարցի բուն էությանը։ Խնդիրն այն է, որ մեր հասարակության մեծամասնությունն այսօր չի գնահատում կամ չի գիտակցում ամբողջապես այն ապառնալիքները, որ կան և կարող են գոյություն ունենալ մեր պետության շուրջ։ Էս պահին մեր խնդիրը նաև այն է, որ մեր հասարակության հետ ավելի լայն ծավալի աշխատանք տանենք, որպեսզի մարդիկ ավելի շատ դուրս գան պայքարի։ Կարգախոսներից մեկը պետք է լինի՝ «Արթնացի՛ր, Հայաստան, արթնացի՛ր, հայ ժողովուրդ»։
-Ձեզ մեղադրում են, հատկապես Քոչարյանի գլխավորած դաշինքին է ուղղված այդ մեղադրանքը, որ դուք հայտարարել էիք, թե մասնակցում եք ընտրություններին, որպեսզի գաք իշխանության և Նիկոլ Փաշինյանին հեռացնեք, փոխարենը փոխվեց ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմությունը, իսկ Նիկոլ Փաշինյանի կյանքը՝ իշխանության ղեկին, երկարեց ևս 5 տարով։ Հիմա կարո՞ղ եք ասել՝ ինչ տարբերություն ձեր և նախորդ ընդդիմության՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի միջև, բացի նրանից, որ նախորդ ընդդիմադիրների մեծ մասը Նիկոլ Փաշինյանին դիմում էր «պարոն վարչապետ»-ով, իսկ գործող ընդդիմությունը նրան այդպես չի դիմում։
-Նախորդ և այս ընդդիմության տարբերությունն էնքան ակնհայտ է։ Այս ընդդիմությունը երբեք այս իշխանության հետ որևէ հարցով չի պայմանավորվելու, չի համագործակցելու, գնահատում ենք, որ այս իշխանությունը չարիք է Հայաստանի Հանրապետության համար, և իր բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է այս իշխանության դեմ։ Հիմա ասում եք՝ եկաք խորհրդարան, կյանքը երկարացրիք։ Եթե չգայինք, էդ կյանքը կարճանալո՞ւ էր։ Դուք էս գնահատականները կարող եք մեր մասին տալ էն ժամանակ, երբ որ մենք մեր գործողությունների մեջ ունենանք կաշկանդում, երբ որ մենք հարմարվենք էս իրավիճակին՝ գանք նստենք էս խորհրդարանում, ստանանք պարգևավճարներ ու միայն զբաղվենք ելույթներով և օրենսդրական նախաձեռնություններով։ Էդ ժամանակ Դուք կարող եք էս գնահատականները տալ։ Մենք ընդամենը 40 օր ենք էս խորհրդարանում և էդ ժամանակահատվածում արել ենք այն, ինչ հնարավոր էր, գտնում ենք, որ դա հնարավոր չի, առաջիկայում պետք է անենք ավելի լայնածավալ քայլեր, գործողություններ։