կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-13 15:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում ընտրվեց մի իշխանություն, որի համար հայրենիքից և պետականությունից ավելի թանկ սեփական իշխանությունն է․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը ԱԺ-ում․

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է ընտրություններ և վերահսկողություն է իրականացնում ընտրությունների օրինականության նկատմամբ։ Այս հաստատումը ամրագրված է  ՀՀ Սահմանադրությամբ՝ ինչպես նաև «Հայաստանի հանրապետության ընտրական օրենսգիրքի» հոդված 51-ով այսպիսով ԿԸՀ-ին վերապահելով Սահմանադրական մարմնի բարձր կարգավիճակ։

Եթե Ազգային ժողովի ընտրություններն անցած լինեին շատ սովորական պայմաններում, եթե չլիներ ներքաղաքական ողջ համատեքստը, եթե չլինեին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու առհասարակ պետականության գոյությանն ուղղված դեռևս անհաղթահարելի սպառնալիքները, եթե Հայաստանի Հանրապետությունում գնալով չխորանար ներազգային անհանդուրժողականության ու թշնամանքի մթնոլորտը, եթե ՀՀ-ից արտագաղթն այսքան ահագնացող չլիներ, եթե գնալով չխորանար երկրի բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը, թերևս անդրադառնայի Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության հաղորդմանն ու կարևորեի ընտրական տեղամասերի պատշաճ կահավորումը, գովազդային վահանակները ճիշտ վայրերում փակցնելը,   էլեկտրոնային քվեարկության կամ մասնագիտական դասընթացների կազմակերպումը։  Բայց միթե սա է իրականությունը․․․

Կարդում ես հաղորդումն ու տպավորություն է, թե զուգահեռ, միմյանց հետ կապ չունեցող տարբեր երկրներում ենք ապրում։ Մի կողմում, քաղաքական մեծամասնությունն է, որ ալպիական մանուշակի ծաղկաթերթիկներում հայտնված բզեզի երանությամբ իրեն ու հասարակությանը փորձում է ներշնչել, թե երկրում անշրջելի ժողովրդավարություն է, սա մեր երազանքների իրականությունն է, մյուս կողմում Հայաստանի անշպար դեմքն է՝ բռնությամբ, պետական ինստիտուտների արժեզրկումով,  օրենքների և սահմանադրական նորմերի ոտնահարմամբ, պաշարված սահմաններով, նվաստացած արժանապատվությամբ, կորսված ինքնիշխանությամբ ու անստույգ ապագայով։

Անդրադառնամ բուն ընտրական գործընթացին և միանգամից ասեմ, որ մեր մոտեցումներում սկզբունքային  տարբերությունն այն է, որ ընտրությունը սոսկ ընտրության օրը չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել, այլ դրան նախորդող ողջ ժամանակարջանը, փաստացի կապիտուլյացիան, երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն ու քաղաքական իշխանության որակը։

Ըստ էության, նախընտրական փուլում Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ժողովրդավարական ընտրությունների ազատության և հավասարության սկզբունքը խախտվել է համատարած, խախտումները եղել են համակարգային և հատուկ սրությամբ դրանք դրսևորվել են Նիկոլ փաշինյանի թե խոսույթում, թե նրա վարքագծում։

Այսպես, կարծեմ տեղին կլինի հիշեցնել մի քանի համառոտ, բայց նախընտրական շրջանում կրկնվող մտքեր Ն․ Փաշինյանից․ «Դուք տվել եք մեզ կադրային ջարդ իրականացնելու մանդատ, մենք ստացել ենք թավշյա մանդատ,  գնացեք տեղամասեր և դրանք փոխարինեք պողպատյա մանդատով։ Պատրաստվեք քաղաքացիական վրեժի և քաղաքական վենդետայի։ Վզակոթից բռնելու ենք ու շտռտենք, կծանոթանաք չաքուջին, չաքուջը  ձեր գլխին է ջարդվելու, բունտար համայնքապետերին լռեցնելու ենք, ուզու՞մ եք իրավապահ մարմինների դուբինկեքի տակ մնալ, իրավապահ մարմինների կրունկների տակ եք մնալու»։

Այս ծաղկաքաղը հնչեցնում եմ նողկանքով, բայց ստիպված եմ թարմացնել մեր հայրենակիցների հիշողությունը: Իհարկե, այս ամբիոնն ու դաստիարակությունս թույլ չեն տալիս հիշեցնել փաշինյանի շուրթերից հնչած սեռական բնույթի հայհոյանքը։

Սրանք  հանրային  պաշտոնյայի բարեվարքության անմակարդակության մասին չեն խոսում միայն, սրանք ատելության, ահաբեկչության, նվաստացման, վախի  և բռնության մթնոլորտ տարածող ուղերձներ են, որոնք հնչել են ողջ ընթացքում և չէին կարող չազդել ազատ և հավասար ընտրության սահմանադրական սկզբունքի վրա։

Սրանք ժողովրդավարությունից հազարավոր կմ հեռու արժեքներ են և կոնկրետ վարքագիծ, որոնք, ավաղ, արդեն երեք տարի մեր իրականության անբաժանաելի մասն են և չեն կարող  լինել ոչ ազատ ընտրությունների և ոչ էլ ժողովրդավարական երկրի բաղադրիչ։

Բնականաբար, հանրապետության թիվ մեկ պաշտոնյայի շուրթերից հնչող սպառնակիքներն ու ահաբեկչության խոսքը,և վերջինիս հրապարակային խրախուսումը  կյանքի կոչվելու մեծ պոտենցիալ ունեն, և, օբյեկտիվորեն, Փաշինյանի հաշվեհարդարի և ճնշումների կոչերը շատ հանրային պաշտոնյաների կողմից  ընկալվեցին որպես ուղիղ հրահանգ և  հանրային հանդուրժելի վարքագիծ և գործադրվեցին բազմաթիվ դրվագներով։ 

Հայաստան Դաշինքի շատ ակտիվիստներ այդ օրերին և դրանից հետո ենթարկվեցին բռնությունների, մարզպետի կողմից ծեծի ենթարկվեց Օձունի համայնքապետը, վրեժխնդրության և ապօրինի հեռացումների ցանկում հայտնվեցին այլախոհ համայնքապետեր, մի քանի տասնյակ վարչական աշխատողներ, դպրոցների տնօրեններ։  

Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներն ուղիղ  ցուցում էին նաև իրավապահ համակարգին, ինչի օրինակները ևս ունեցանք։  Հայաստան Դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանը կամավոր ներկայացավ ոստիկանություն, սակայն նրա նկատմամբ կիրառվեց ցուցադրական անհամաչափ ուժ, ինչը ոչ այլ ինչ էր, քան ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, թաթիկները կտրելու փաշինյանական հիվանդագին օպերացիային հավատարմության շքերթ։  

Հայաստանի Հանրապետության քաղաքացու նվաստացումները, ես կասեի՝ ՀՀ սահմանադրականության և օրենքի ոչնչացումը եղել է համատարած է։ Ի դեպ, քաղաքական մեծամասնության մի շարք ներկայացուցիչներ սա չեն էլ թաքցրել․ ԱԽՔ քարտուղարն անթաքույց հայտարարում է՝ պետական համակարգը պետք է ծառայի իշխող ուժին։

Բայց դուք, քաղաքական մեծամասնություն, իսկապես, հասկանում եք ո՞ւր եք տանում երկիրը․ թեև ավելի վատ էլ ինչ կարող էր լինել, քան այն իրականությունը ինչի մեջ հայտնվել է Հայաստանը․․․

Պրն Մուկուչյան, Ձեր, այդ թվում նաև իրավական համակարգի կրավորական և հայեցողական, քաղաքական պատվերառուի վերաբերմունքը ոչ միայն լրջորեն խաթարել են Հայաստանում ազատ ընտրության իրավունքն ու ինստիտուտը,  պետության վարկն ու հեղինակությունը, այլև արմատավորել  վատ նախադեպերեր և բացասական մշակույթ։

Գյումրում այլախոհի կացնահարումը, հանցագործությունների, ինքնասպանությունների և հատկապես կենցաղային հողի վրա սպանությունների աճն  ու դատաստանները այս մթնոլորտի և այս կոչերի ածանցյալներն են։

Ի դեպ, ԿԸՀ հեղինակությանը լրջագույն հարված հասցրեց նաև այն հանգամանքը, որ առանց ԿԸՀ համաձայնության, ինչն սահմանված է օրենքով, ձերբակալվեցին պատգամավորության թեկնածուներ։  Այս փաստը հետագայում դատարանի կողմից ճանաչվեց ոչ իրավաչափ։  

Բայց  քաղաքական պատվերը տրված է և ոչնչացնելով անձեռնմխելիության ինստիտուտի վրա, այսօր շարունակվում են Հայաստան դաշինքի անդամ սյունեցի համայնքապետերի պատանդառումն ու քաղաքական վենդենտան։ Իսկ պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ իրականացվողն ուղղակի կտտանք է, կյանքի իրավունքի  ոտնահարում։

Ազատ ընտրության իրավունքի ոտնահարումները եղել են համատարած և կրել են համակարգված բնույթ։ «Ողջ ընտրություններն անցել են բռնության սպառնալիքի, մուրճի և հայհոյախոսության մթնոլորտում»  սա ՄԻՊ-ի արձանագրումն է, որը դարձյալ գալիս է  ցրելու ժողովրդավարության մասին օրվա իշխանության էյֆորիկ միֆերը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների արդյունքները։

ՀՀ սթափ և մտածող տասնյակ հազարավոր քաղաքացիների համար այս ընտրությունները կմնան պողպատե չաքուջով, սեռական բնույթի հայհոյանքով, հհ քաղաքացիների նվաստացմամբ իրականացված ընտրություն, համեմված պատմական ողբերգությամբ՝ այդ ողջ ընթացքում  ադրբեջանական զորքը ծվատում էր ՀՀ քաղաքական քարտեզն ու  գտնվում է  ՀՀ տարածքում։

ԿԸՀ-ն ՝ որպես  ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին և անձամբ դուք՝ որպես նրա ղեկավար,  հնարավորություն ունեիք ձեր լիազորությունների շրջանակում ազդեցություն ունենալ, խմբագրել երկիրը բռնատիրության մեջ խորացնող ընթացքը, հակազդել օրինականության և սահմանադրականության շրջագծից դուրս արձանագրվող կամայականություններին։ Բայց դուք գերադասեցիք հնազանդության և լռության ռեժիմը։

Եվ վերջում, պրն Մուկուչյան,  դուք բոլորովին էլ նկարիչ չեք, ոչ էլ նախկին եք, ինչպես ձեր մասին ասում էին այսօր իշխանական, ոչ վաղ անցյալում ընդդիմադիր  գործիչները։

Հայաստանում պիտի ընտրվեր մի իշխանություն, որի համար Շուշին դժգույն էր և դժբախտ։ Մի իշխանություն, որը պատրաստ էր Որոտանին Էյվազլի, իսկ Առաջաձորին Չայզամի  կոչել, մի իշխանություն, որի համար հայրենիքից և պետականությունից ավելի թանկ սեփական իշխանությունն է։

Այս ամենն,  իհարկե, պատասխանատվությունից ձեզ չի ազատում, նույնիսկ եթե այն բարոյական է։ Եվ իրականությունն այն է,  այդ ընտրությունը մեր հավաքական պարտությունն ամրագրող ակտ էր, ուր պարտվեց մեր պետականությունը, նվաստացավ մեր հավաքական արժանապատվությունը՝ անկախ այն բանից ԿԸՀ նախագահ ես,  պատգամավոր, թե՝ գործազուրկ»։