կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-10 17:17
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը խուսափում է Ռուսաստանի հետ պայմանագիր ստորագրել․ Կիրո Մանոյան

Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ «անկախ հայկական պետականություն» հասկացություն չկա։ Եթե պիտի լինի ինչ-որ հայկական պետականություն Թուրքիայի հարեւանությամբ, ապա, Թուրքիայի մտածողությամբ, այն ենթադրում է իրենից կախվածություն։ Իսկ այն ուղղությունը, որ մեր իշխանություններն են որդեգրել, այն է՝ Հայաստանը դարձնել Թուրքիայից կախված, Թուրքիայի եւ Ադրբեջանի ամբողջական ազդեցության տակ եւ ամբողջովին կորցնել ինքնիշխանությունը,-ըստ Yerkir.am-ի՝ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Էրդողանը խոսում է նախապայմանների մասին, Հայաստանի վարչապետն ասում է՝ Թուրքիայից դրական ազդակներ կան։ Սա չափազանց վտանգավոր է մեր պետության եւ պետականության համար, եւ մենք բավականին ծանր փորձությունների եւ մարտահրավերների առաջ ենք»,-հայտարարեց Կիրո Մանոյանը։

Նա շեշտեց, որ ինչպես նոյեմբերի 9-ի, այնպես էլ այս տարվա հունվարի 11-ի հայտարարություններում շատ կետեր կան, որոնք կյանքի չեն կոչվել։

«Ռուսական ներկայությունը Արցախի՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքներում ընդամենը ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Բայց խնդիր կա, որ առնվազն ստորագրվի երկկողմանի պայմանագիր՝ Ռուսաստան-Ադրբեջան, որպեսզի շատ ավելի մանրամասն ամրագրեն, որ այդ խաղաղապահ ուժերը ինչ լիազորություններ ունեն։ Ռուսաստանն ուզում է, որ նման պայմանագիր ստորագրվի, Ադրբեջանը խուսափում է, որ նման պայմանագիր ստորագրվի»,-ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Այն, որ Ռուսաստանը կարողացավ ակտիվանալ եւ համոզել պատերազմը դադարեցնել այնպես, ինչպես դադարեցվեց, այսինքն՝ խաղաղապահ ուժեր բերելով, դա նշանակում է, որ Ռուսաստանը համաձայն չէ, որ Ղարաբաղի հարցը կարգավորվի Արցախը Ադրբեջանի մաս է ձեւով։ Ռուսաստանը փորձում է առանց առճակատման այդ հարցը լուծել»,-նշեց Կիրո Մանոյանը։  

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը խոսեց նաեւ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մասին։

«Թուրքիան այդ ամենը շատ թանկ ծախեց Ադրբեջանի վրա։ Ադրբեջանն այդքան էլ գոհ չէ, որ Թուրքիան այս ծավալով է մտել իր առօրյայի մեջ՝ ոչ միայն ռազմական օգնություն, ներկայություն, այլեւ, փաստորեն, թելադրող լինելու ցանկություն եւ փորձեր, որոնք դժգոհություն են պատճառում Ալիեւին։ Այս ամենը մի կողմ, այստեղ կարեւորն այն է, թե մենք ինչ ենք անելու։ Մեր պահվածքով՝ մենք, բացի ամեն ինչ՝ ինքնիշխանություն, տարածք հանձնելուց, ոչինչ էլ չենք կարող անել։ Վրաստանը մեր աչքի առաջ օրինակ է․ Թուրքիան ամբողջությամբ վերահսկում է Վրաստանը»,-նշեց Կիրո Մանոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում