կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-30 11:34
Հասարակություն

Զուր չէ, որ Ադրբեջանը չի ցանկանում, որ գործեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, քանի որ դա կլիներ զինադադարի խախտման հիմնական «ականատեսը». Կիրո Մանոյան

 Զուր չէ, որ Ադրբեջանը չի ցանկանում, որ գործեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, քանի որ դա կլիներ զինադադարի խախտման հիմնական «ականատեսը». Կիրո Մանոյան

Հաշվի առնելով պաշտոնական հայտարարությունը, ինչպես նաև մեր վարչապետի հայտարարությունը՝ կարելի է ասել, որ ոչ մի առաջընթաց բանակցություններում հարցի կարգավորման ուղղությամբ չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի գրասենյակի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ գնահատելով մարտի 29-ին Փաշինյան-Ալիև բանակցությունները: 

«Խոսել են փոխադարձ վստահության վերականգնման, զինադադարի պահպանման մասին, բայց ափսոս, որ դրա համար արդեն եղած որոշումների մասին ոչ մի ակնարկ չկա: Այսինքն` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մասին ոչ մի խոսք չկա, որովհետև դրանք ոչ միայն այսօր պահպանելու համար են, այլ նաև վաղը. մի կողմից` զինադադարը պահպանելու, մյուս կողմից` այն վերահսկելու: Ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը իսկապես կշարունակի պահպանել իր այսօրվա կեցվածքը, իսկ վաղը հարձակում լինելու դեպքում մենք այդ որոշված, բայց չտեղադրված մեխանիզմերի անհրաժեշտությունն անպայման կզգանք: Իրականում, հարցի էության մեջ ոչ մի հեղափոխություն չկա»,- նշեց նա:

Անդրադառնալով հանդիպմանը նախորդած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների  հայտարարությանը՝ Մանոյանը հստակեցրեց. «Շատ պարզ է, որ սեղանի վրա նույն փաստաթուղթն է, բայց թե հանդիպման ժամանակ ինչ է խոսվել, դա չգիտեմ»:  

Ինչ վերաբերում է ձևաչափի նկարագրությանը, ապա, ըստ նրա, «ինչպես մեր վարչապետն է նկարագրել, ապա դրա վերաբերյալ ադրբեջանական կողմից չկա որևէ լուրջ մեկնաբանություն»:

Հարցին, թե ի՞նչ կտար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործումը, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Դրանց լինելը զինադադարի պահպանմանը  կնպաստեր, այս պահին ոչ  մի երաշխիք չկա, որ վաղն էլ կպահպանվի զինադադարը, իսկ նմանատիպ մեխանիզմների բացակայությունը չի պարզի, թե ով էր զինադադարը խախտողը: Զուր չէ, որ Ադրբեջանը տանում է նրան, որ Վիեննա -Սանկտ Պետերբուրգը չգործադրվի, քանի որ  դա կլիներ զինադադարի խախտման հիմնական «ականատեսը»»: