Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում մշակութային կյանքի զարգացման ու հանրահռչակման նպատակով ստեղծված «Նվիրակ» մշակութային հիմնադրամը «Դեպի ոգեղեն Հայաստան» կարգախոսի ներքո սկսում է իր գործունեությունը։ Հիմնադրամը նոր խոսք է մշակութային ոլորտում, որի գործունեությունը միտված է լինելու հայ ազգային մշակույթի առավել վտանգված ճյուղերի վերազարթոնքին, մշակույթի տարածմանը։
Yerkir.am-ի հետ զրույցում «Նվիրակ» մշակութային հիմնադրամի հիմնադիր Թագուհի Ղազարյանն ասաց, որ հիմնադրամի շուրջը համախմբված են մշակույթի ակնառու գործիչներ՝ ՀՀ ժողովրդական գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանը, բանաստեղծ, արձակագիր Վահագն Մուղնեցյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, գլխավոր զինվորական դիրիժոր Արմեն Պողոսյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը, «Կամերային երաժշտական թատրոնի» ղեկավար Սամսոն Ստեփանյանը, դերասան, ռեժիսոր Դավիթ Հակոբյանը, Արտեմ Խաչատուրյանը, երգիչ, երաժիշտ Դավիթ Ամալյանը և այլք։
«Հիմնականում ներգրավված են մեր ավագ սերնդի ներկայացուցիչները։ Հիմնադրամի գործունեության հիմքում լինելու է հենց այդ սերնդի փորձը, տարիների վաստակը։ Հընթացս արդեն հանդիպումներ կունենանք առանձին ոլորտների ներկայացուցիչների հետ՝ թատերական, երաժշտության, կերպարվեստի և այլն։ «Նվիրակի» գործունեության առանցքում մշակույթի բոլոր ճյուղերն են, իսկ առավելապես՝ հայ դասական արվեստը, քանի որ այն վտանգված է կորստի։ Մեր կողքին համախմբված են մշակույթի նվիրյալ մարդիկ։ Վստահ եմ՝ կհաջողենք միասին, կհասնենք մշակութային վերազարթոնքի։ Մշակութային կյանքի զարգացումն առաջին հերթին կենսակերպի, ապրելակերպի զարգացման խթան է յուրաքանչյուրիս համար»,- ասաց նա։
Իրավաբանական առումով՝ հիմնադրամը երկու տարի է, ինչ արդեն գործում է։ Համավարակի եւ պատերազմի պատճառով մեկնարկը հետաձգվեց։ Ըստ Ղազարյանի՝ մշակույթի ոլորտում խնդիրները բազմաթիվ են։ «Մենք որեւէ հայտնագործություն չենք անելու, հանդիսանալու ենք մշակութասեր հանրության համար հարթակ, որի գործն է լինելու մշակույթի բոլոր ճյուղերի համաչափ զարգացման ծրագրերի իրականացումը»,- նշեց նա։
Ղազարյանն ընդգծում է՝ որեւէ քաղաքական թիմի չեն պատկանում, որեւէ մեկի նկատմամբ պարտավորվածություն չունեն, գործում են որպես անկախ կառույց՝ ի շահ հայ մշակույթի եւ հայրենիքի։
«Մենք երբեմն խոսում ենք մեծություններից, բայց չենք նշում, թե ինչո՞ւ է, օրինակ, Նարեկացին մեծություն։ Երեխան լսում է՝ Նարեկացին մեծ է, որովհետեւ նրա խոսքն աղոթք է։ Այս ճշմարտությունից զատ, պետք է բացատրել, թե ինչու է այդպես։ Հեռուստահաղորդման շրջանակներում նեղ մասնագետները կտան բոլոր հարցերի պատասխանները։ Պատրաստվում ենք թողարկել ամսագիր, որում տեղ կգտնեն գրողների ստեղծագործությունները։ Ծրագրերը շատ են»,- մանրամասնեց զրուցակիցս։
Հիմնադրամի անդրանիկ միջոցառումը՝ գալա համերգը, տեղի կունենա նոյեմբերի 15-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Այն նվիրված կլինի լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւսյանին (Կոմանդոսին) եւ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից բոլոր հերոսներին: Համերգին կմասնակցեն Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի մասնակցությամբ, ՀՀ զինված ուժերի զինվորական փողային նվագախումբը, նաեւ՝ արտիստներ՝ Դավիթ Ամալյանը, Գեւորգ Հակոբյանը, Հովաննես Այվազյանը, Լիանա Հարությունյանը, Տիգրան Մկրտչյանը, Մավր Մկրտչյանը, այլք։
«Կհնչեն ռազմահայրենասիրական եւ դասական բնույթի երգեր, շատ գեղեցիկ ծրագիր ենք նախատեսում։ Մեր էկրանները ձեւավորված կլինեն հայ դասական եւ ժամանակակից գեղանկարիչների ստեղծագործություններով, սա եւս նպատակային է։ «Դեպի ոգեղեն Հայաստան» կարգախոսի ներքո կսկսենք մեր գործունեությունը, իսկ դրան հասնելու համար պետք է կարողանանք միասին քայլ անել առաջ, ուստի առաջիկա օրերին կմեկնարկի «Միասին կյանք տանք մեր մշակույթին» ակցիա-նախաձեռնությունը։ Այս ակցիայի նպատակը կլինի ներգրավել մշակութային կյանքով հետաքրքրված անձանց՝ ոչ միայն մշակութային գործիչներին, այլեւ բոլոր ոլորտների ներկայացուցիչներին»,-մանրամասնեց Ղազարյանը։
Լիանա Սարգսյան