Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նոր ուսումնական տարում՝ նոր գրատախտակներ․ Վայոց ձորի սահմանապահ Արենի եւ Խաչիկ գյուղերի դպրոցների հին գրատախտակները փոխարինվել են նորերով։ Նվիրատվությունն իրականացրել են Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միությունը։
Yerkir.am-ի հետ զրույցում «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը ասաց, որ ուսումնական հաստատությունների ընտրությունը պատահական սկզբունքով չի եղել, նվիրատվությունն արվել է այդ դպրոցներին՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Կիմ Խաչատրյանի․ Կիմը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ջոկատի հրամանատարն էր:
«Նշված դպրոցների բոլոր դասասենյակների հին գրատախտակները փոխարինվել են նորերով։ Ի սկզբանե պլանավորված էր, որ նվիրատվություններն արվելու են սահմանամերձ գյուղերի դպրոցներին․ ընտրեցինք Վայոց ձորի սահմանապահ Արենի եւ Խաչիկ գյուղերը՝ ի հիշատակ մեր ընկեր, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Կիմ Խաչատրյանի։ Կիմը ուսում էր ստացել Արենիի միջնակարգ դպրոցում։ Նվիրատվություններից հետո այցելեցինք Կիմի, ապա՝ Գարեգին Նժդեհի շիրիմներին»,- ասաց Տարոն Ղազարյանը՝ նշելով, որ ծրագիրը շարունակական է լինելու, սահմանապահ գյուղերը ուշադրության կենտրոնում են լինելու, Արցախից տարհանված ընտանիքները՝ առավելապես։
«Աջակցություն ենք ցուցաբերելու նաեւ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, փորձելու ենք ինչ-որ չափով նրանց սոցիալական բեռը թեթեւացնել, դպրոցականների, կրթօջախների պայմանները բարելավել»,- հավելեց նա։
Լիանա Սարգսյան