կարևոր
4315 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-22 14:26
Քաղաքական

Այն, ինչը որ այս իշխանությունների հետ են անում, իրենք էլ նույն կերպ վերաբերվում են սահմանապահ գյուղերի հետ․ Գառնիկ Դանիելյան

Սա նրա համար չէ, որ Սրբազանին բերենք վարչապետ սարքենք, սա նրա համար չէ, որ Գառնիկ Դանիելյանը գա, ինչ-որ պաշտոն զբաղեցնի։ Ես ինքնաբավ մարդ եմ, իմ կյանքով սրանից առաջ էլ եմ ապրել, սրանից հետո էլ եմ պատրաստվում առհասարակ լրիվ ուրիշ բանով զբաղվել։ Իմ խնդիրը չէ, ոչ էլ Սրբազանի, սա բոլորիս խնդիրն է և բոլորիս սրտացավ մասնակցությունն ու աջակցությունը շատ կարևոր է։ Ունե՞նք անփորձություն, իհարկե ունենք։ Մեր հետևում չեն կանգնած աշխարհաքաղաքական կենտրոններ։ Հյուսիսից ու հարավից աջակցություն չունենք։ Այս մասին «Press Կենտրոն» հաղորդման ժամանակ նշել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա հաստատել է, որ ամեն ինչ իրենց պլանավորածի համաձայն չի ընթացել, որովհետև եթե այդպես լիներ, Փաշինյանն այսօր իշխանության չէր լինի։

Նա ներկայացրել է շարժման ձևավորման ու ընդլայնման ընթացքը։ Խոսելով մայիսի 9-ի մեծ հանրահավաքին մասնակցած մարդկանց մասին, Դանիելյանը հաստատեց, որ դրանց մեծ մասը պատրաստ չէին զանազան անհնազանդության ակցիաներ իրականացնել։ «Ակտիվ ակցիաների փուլում մենք զգացինք, որ այն խավը, որը պատրաստ է գալ հրապարակ և աջակցություն հայտնել, պատրաստ չէ ակցիաներ իրականացնել»։ Ըննդիմադիր պատգամավորն ուշադրություն հայտնեց ՔՊ-ական մի պատգամավորի այն հայտարարության վրա, որով սպառնում էր ժողովրդին, որ եթե ԱԺ ներխուժելու փորձ անեն, նրանց վրա կկրակեն։  Դանիելյանը դա համեմատեց 2018-ի հետ, երբ ներխուժում էին ռադիոտուն, բայց ոչ մեկը չկրակեց ու բռնության չենթարկեց։

Զրույցի ընթացքում Դանիելյանը խոսել է իմպիչմենթի գործընթացի մասին, պատասխանել պատգամավորական մանդատների օգտակար լինել-չլինելու և շարժման վրա ազդեցության մասին հարցին։ 

Խոսելով Շարժման վերադասավորման և նոր փուլ մտնելու մասին՝ Դանիելյանը մտահոգություն է հայտնել, որ երկարաժամկետ պայքարի դեպքում ռիսկերը նույնպես կարող են ավելանալ, հակաքարոզչությունը կարող է լայն թափ ստանալ, սակայն պետք է վերակազմակերպվել, որպեսզի ոլորտային խմբերն իրենց անելիքն իմանան ու շարունակեն պայքարը։ 

Շարման անդամները այցելելու են մարզեր, մասնավորապես՝ այն վայրեր, որտեղ վտանգները շատ են։ Դանիելյանի տեղեկություններով՝ Տիգրանաշենում ևս սկսվել են մտահոգիչ գործընթացներ։ «Այն, ինչը որ Կիրանցում է արվում, փորձում են իրականացնել նաև Տիգրանաշենում։ Այսինքն՝ գումարով․․․ Ես ենթադրում եմ՝ այն, ինչը որ իրենց հետ անում են՝ այս իշխանությունների հետ, իրենք նույն կերպ վերաբերվում են սահմանապահ գյուղերի հետ»։ 

Դանիելյանն անընդունելի է համարել Փաշինյանի հետ ընտրության գնալը, քանի որ նա ընդունակ է ամեն ինչի, սակայն նա պայքարի ընթացքում տարբեր գործընթացները չի բացառել, այդ թվում՝ վարչապետի ընդունելի թեկնածույով ու ուժերը մեկտեղելով ընտրություններին մասնակցությունը, բայց առանց Փաշինյանի։