կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-03 23:39
Աշխարհ

Էրդողանի վիթխարի մզկիթը Վաշինգտոնի մոտակայքում Տրոյական ձի է Թուրքիայի շահերի համար

Էրդողանի վիթխարի մզկիթը Վաշինգտոնի մոտակայքում Տրոյական ձի է Թուրքիայի շահերի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016 թվականի ապրիլին Միացյալ Նահանգներում բացեց ամենամեծ մզկիթներից մեկը: Այն պաշտոնապես կոչվում է Ամերիկայի Դիյանետ կենտրոն, մի զանգվածային համալիր, որը մոտ 7 հեկտար տարածք է զբաղեցնում Մերիլենդի Լենհեմ համայնքում, մայրաքաղաք Վաշինգտոնից ընդամենը 24 կիլոմետր հեռավորության վրա։

Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը (Դիյանետ) 110 մլն դոլար վճարեց Ամերիկայի Դիյանետ կենտրոնի շինարարության ծախսերը հոգալու համար: Կենտրոնը, որը Միացյալ Նահանգներում գրանցված է որպես ոչ առևտրային կազմակերպություն, ըստ վերջին հարկային հայտարարագրի, ունի 93 միլիոն դոլարի ունեցվածք:

Այս Կենտրոնը կապված է նախագահ Էրդողանի և նրա իշխող՝«Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) հետ: Կենտրոնի կայքում նշված է, որ այն «աշխատում է լիովին համակարգված Թուրքիայի Հանրապետության կրոնական հարցերի [վարչության] (Դիյանետ) հետ», որը հսկայական ֆինանսավորում է ստանում թուրքական կառավարությունից` «Ներկայացուցչական և խթանման ծախսեր» վերնագրով՝ տարօրինակ դասակարգում կրոնական հաստատության համար: Դիյանետի տարեկան բյուջեն կազմում է 2 միլիարդ դոլար՝ գերազանցելով թուրքական նախարարությունների մեծ մասի բյուջեն: Այն պաշտոնական պետական հիմնարկ է, որն ուղղորդում է 85 հազար մզկիթ ամբողջ երկրում և ավելի քան 2000 մզկիթ արտասահմանում: Այն պատրաստում է շաբաթական քարոզ, որը պետք է իմամները կարդան Թուրքիայի ներսում և դրանից դուրս գտնվող բոլոր մզկիթներում: Այն թուրք հասարակությանը պարտադրում է տարօրինակ գործելակերպեր, ինչպիսիք են՝ «շներին տանը կերակրելու, արևմտյան Նոր տարին նշելու, վիճակախաղերի ու դաջվածքների» արգելքները։ Կառավարության հետախուզական ծառայությունները հանձնարարում են Դիյանետի իմամներին վերահսկել Գյուլենական շարժման և PKK-ի (Քրդական աշխատավորական կուսակցություն) անդամների գործունեությունը: Գործակալությունը ստեղծել է Դիյանետի բազմաթիվ մզկիթներ կամ դաշտային գրասենյակներ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Բելգիան, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները:

Թուրքական ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Ահմեթ Յայլայի խոսքերով ՝ Դիայնեթն այժմ ունի հազարավոր հարակից մզկիթներ, տասնյակ դպրոցներ և պաշտոնական խորհրդականներ, որոնք նշանակված են 52 երկրներում: Այն նաև ունի  «հավատքի կցորդներ» աշխարհի 38 տարածաշրջաններում: Դիյանետն ապահովում է կրոնի նկատմամբ թուրքական վարչակարգի մենաշնորհը և դարձել է պետության քարոզչական ջանքերի խոսափողը:

Ադամ Սմիթն իր՝ «Էրդողանը, Դիյանետը և նրա դաշտային գրասենյակը» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է «Փրովիդենս» (Providence) ամսագրում, գրել է․ «Արևմուտքում Դիյանետի հիմնարկներն աշխատում են Անկարայի աջակցությունը վայելող այլ իսլամիստական շարժումների վստահված անձանց և կողմնակիցների հետ, ինչպես, օրինակ, Եգիպտոսի մահմեդական եղբայրները․․․ Դիյանետը նաև իր գործընկերներից և ծխականներից պահանջում է լիակատար աջակցություն Էրդողանին և քարոզում է այն միտքը, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության բոլոր հակառակորդները «դավաճաններ» են: Եվրոպական կառավարությունները նկատել են Դիյանետի  ջանքերը եվրոպական քաղաքացիների շրջանում՝ ուղղված Անկարայի հանդեպ հավատարմություն ձևավորելուն՝ զուգահեռ արևմտյան պաշտոնյաների կողմից Դիյանետի և AKP-ի ջանքերի քննադատությանը՝ Թուրքիայից դուրս «իրենց մզկիթներում քաղաքական քարոզչություն իրականացնելու» համար:

Սմիթի խոսքերով, «Կենտրոնը Դիյանետի այլ 28 մասնաճյուղերի ղեկավարն է ամբողջ Միացյալ Նահանգներում։ Այս 28 մասնաճյուղերից յուրաքանչյուրն ունի նախագահ, որն անմնացորդ հավատարիմ է Էրդողանին և «Արդարություն և զարգացում» կուսակցությանը»:

Սմիթի կարծիքով, «Կենտրոնին պետք է պարտադրվի գրանցվել համաձայն Օտարերկրյա գործակալների սահմանափակման ակտի, որը կարգավորում է օտարերկրյա պետությունների համար ամերիկյան հողում գործող ազդեցության գործակալներին: Թուրքական Դիյանետի պաշտոնյաներն ու իմամները ԱՄՆ-ում աշխատում են հանուն օտարերկրյա կառավարության և առաջ մղում նրա շահերը՝ առանց երբևէ օտարերկրյա գործակալ գրանցվելու․․․․»։ Նրանք «եռանդով հավատարմության երդում են տալիս «Արդարություն և զարգացում» կուսակցությանը․․․․ Ամբողջ Ամերիկայում այս գործակալները հետևողականորեն քարոզում են Էրդողանի օրակարգի համար և նպատակ ունեն կյանքի կոչել թուրքական վարչակարգի շահերը։ Բացի այդ, Կենտրոնի պաշտոնյաներն ավելի ու ավելի են ներգրավվում ամերիկյան բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ գործընկերության և նրանց վրա ազդելու ջանքերի մեջ: Էրդողանը խոստովանել է նման քարոզչությունը, նույնիսկ ինչ-որ պահի պնդելով ամերիկյան իսլամիստ հանդիսատեսի առջև, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության վարչակարգն ուղղակիորեն աջակցել է Ամերիկայում մահմեդականներին ընտրելու ջանքերին»:

Ավելին, Սմիթը հայտարարել է, որ «թուրքական այլ հասարակական կազմակերպություններ և տարբեր իսլամիստական վստահված անձինք նույնպես մեծ դեր են խաղում: Օրինակ, Էրդողանի գործակալները, ըստ հաղորդումների, ստեղծել են «քողարկված պատյան» կազմակերպություններ՝ ԱՄՆ-ում «առանց խնդիրների գումարներ փոխանցելու» ուղի ստեղծելու, քաղաքական գործիչներին լոբբինգ անելու և փող տեղափոխելու համար: Վիկիլիքսի փաստաթղթերը բացահայտել են ԱՄՆ-ում թուրքական վարչակարգի մի աշխատակցի, որը նշում է. «այս տեսակի կառուցվածքով կհաղթահարվեն ֆինանսավորման կարգն ու հարկային խոչընդոտները, որոնք սահմանափակում են լոբբիստական գործունեությունը ԱՄՆ-ում»:

Սմիթը նաև հայտարարել է, որ «կան բազմաթիվ այլ ապացույցներ կապված վարչակարգի և Դիյանետի հանցավոր գործունեության հետ։ Օրինակ ՝ վարչակարգի հետ կապված և ԱՄՆ հարկերից ազատված բազմաթիվ հովանոց կազմակերպություններից երկուսը՝ «Թուրքական ժառանգության կազմակերպությունը» (THO) և «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեն» (TASC) գտնվում էին Հետախուզությունների դաշնային բյուրոյի (FBI) հետաքննության ներքո, և էլեկտրոնային փոստի արտահոսքերը ցույց էին տալիս, որ խումբը լրտեսական գործողություններ է իրականացնում Անկարայի համար: Այնուամենայնիվ, այս բոլոր թուրքական վստահված խմբերը շարունակում են գործել անպատիժ»:

Մենք որևէ խնդիր չունենք ԱՄՆ-ում իսլամական մզկիթների կամ թուրքական կենտրոնների հետ: Այնուամենայնիվ, եթե ապացուցվի, որ այդ ոչ առևտրային հաստատությունները Թուրքիայի անունից զբաղվում են քաղաքական գործունեությամբ և լոբբինգով, ԱՄՆ կառավարությունը պետք է համապատասխան իրավական քայլեր ձեռնարկի՝ ապահովելու, որ նրանք գործեն օրենքի սահմաններում:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի