կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-30 17:59
Մշակույթ

Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում, մթնոլորտը գրքային է

Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում, մթնոլորտը գրքային է

Այսօր Հայաստանի նկարիչների միության շենքում տեղի է ունեցել Գրքի երևանյան չորրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը: Փառատոնն այս տարի կրում է չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը՝ գրողի 125-ամյակին ընդառաջ. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակութային գործիչներ, գրողներ և ընթերցողների լայն շրջանակ: Մայրաքաղաքի սրտում (Նկարիչների միություն, «Զանգակ» գրատուն, «Մոսկվա» կինոթատրոն) 3 օր շարունակ տեղի կունենան գրական-մշակութային տասնյակ միջոցառումներ՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ։ Շուրջ 50 հրատարակիչներ կներկայացնեն իրենց նոր գրքերը, որոնք հասանելի կլինեն ընթերցողներին մինչև 40 տոկոս զեղչով:

Փառատոնի մեկնարկը տրվել է՝ ևս մեկ անգամ պատվելով սահմանապահ զինվորներին և մեկ րոպե լռությամբ հարգելով արձակագիր, բանաստեղծ Արմեն Շեկոյանի հիշատակը, որը կյանքից հեռացել է հուլիսի 29-ին:

Փառատոնին նախատեսված միջոցառումները կոչված են ընթերցողին նախապատրաստելու դեպի գիրքը, ավելի ճանաչելի դարձնելու թե՛ հրատարակչին, թե՛ թարգմանչին և թե՛ գրողին: Փոխնախարարը, որպես կարևոր ցուցանիշ և ձեռքբերում, արձանագրել է, որ փառատոնի շրջանակում վաճառվել է շուրջ 15000 գիրք: Նա խոսել է մարդկանց դեպի գիրք բերելու ճանապարհին գրադարանների դերի մասին. «Գրադարանները չեն կարող լինել զուտ գրապահոցի և գրքի սպասարկման միջավայր: Դրանք պետք է վերածվեն մշակութային ժամանցի, մտավոր շփումների միջավայրի, որի վերջնարդյունքը գիրք բացելն է»: Նկարիչների միությունում կամավորներից մինչև այցելուներ տրամադրությունը գրքային էր:

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի փաստմամբ՝ փառատոնն իրականացնելու նպատակով տարածքը տրվել է մեծ պատրաստակամությամբ և որպես մեկնարկի վայր՝ ամենայն պատասխանատվությամբ: «Չէ՞ որ արվեստի 2 ճյուղերի՝ նկարչության և գրականության ճանապարհները խաչվում են հենց գրքում»,- ասում է Ս. Սաֆարյանը:

Որոշ հրատարակիչներ արդեն փառատոնին մասնակցելու փորձառություն ունեն, իսկ որոշները՝ առաջին անգամ են ներկայանում, և ըստ նրանց՝ փառատոնը հնարավորություն է տալիս մեկ հարթակում ներկայանալու հայաստանյան հրատարակչությունների մեծ մասի հետ, ինչը նոր համագործակցությունների, շփումների ու ծանոթությունների մեկնարկ է:

Նշենք, որ փառատոնը բաղկացած է 4 բաղադրիչից. առաջինը գրական մրցույթն է՝ արձակ և պոեզիա անվանակարգերում, 2-րդը ցուցահանդես-տոնավաճառն է, մյուս բաղադրիչներն են շնորհանդեսներն ու բանախոսությունները:

Փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին, որի ընթացքում էլ հայտնի կդառնան գրական մրցույթի հաղթողները: