կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-20 16:19
Հասարակություն

Գրքային ֆլեշմոբ. «Հայբուսակը» Երևանի գրադարաններին գրքեր նվիրեց

Գրքային ֆլեշմոբ. «Հայբուսակը» Երևանի գրադարաններին գրքեր նվիրեց

Այս տարի լրանում է «Հայբուսակ» համալսարանի հիմնադրի՝ ակադեմիկոս Լևոն Հարությունյանի 90-ամյակը: Այդ առիթով համալսարանի հիմնադիրների խորհուրդը նախատեսում է անցկացնել միջոցառումների շարք, որի սկիզբը տրվեց գրքերի նվիրատվության յուրօրինակ ֆլեշմոբով: Երևանի բոլոր գրադարանները միաժամանակ համալրվեցին գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, «Հայբուսակ» համալսարանի առաջին ռեկտոր Լևոն Հարությունյանի հեղինակած գրքերով: Ավելի քան 400 գիտական աշխատություններ, 40-ից ավելի մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր և բառարաններ. յուրաքանչյուր գրադարան ստացավ Լևոն Հարությունյանի տպագիր գրական ժառանգության իր օրինակները:

«Իմ կարծիքով՝ սա մեր գրադարանների, մեր հանրության, ուսանողների և դասախոսների համար տոն է, քանի որ գիրք նվիրելը չի կարող անտարբեր թողնել կիրթ ու գրքասեր մարդուն: Գրադարանը մեզ համար կարևորագույն վայրերից մեկն է, և մեր բուհը կապ է պահպանում ու սերտ համագործակցում շարք գրադարանների հետ»,- ասաց կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանը, ով, ի դեպ, Լևոն Հարությունյանի դուստրն է:  

Նա դժվարացավ հոր աշխատություններից որևէ մեկն առանձնացնել, բայց, այնուամենայնիվ, ըստ նրա, ավելի արժեքավոր է բուսաբուժության 8 հատորյակը: «Որքանով հայտնի է մեզ՝ աշխարհի որևէ լեզվով չկա նման աշխատություն, այսինքն՝  սա առաջին փորձն է: Այն, իհարկե, մի քանի գիտնականների կողմից է կյանքի կոչվել, սակայն հիմնական հեղինակը կենսաբան Լևոն Հարությունյանն է»,- ասաց Անահիտ Հարությունյանը:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ով միջոցառման առաջին հյուրընկալն է, անձամբ ընդունեց թանկարժեք նվերը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար: Նա Հարությունյանի հետ քննարկեց նաև Լևոն Հարությունյանի հեղինակած  «Արցախի ֆլորան» գրքի առաջիկայում կայանալիք շնորհանդեսի մանրամասները:

Նվիրատուները հյուրընկալվեցին նաև Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը բարձր գնահատեց «Հայբուսակ»-ի դերը Հայաստանի կրթության զարգացման գործում և հպարտորեն նշեց բուհի՝ գրադարանի բարեկամ ակումբի անդամ լինելը: Կարապետյանը հույս հայտնեց, որ նվեր ստացած գրքերն արագ կգտնեն իրենց ընթերցողին:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ գրքերում ընդգրկված նկարների 80 տոկոսը Լևոն Հարությունյանի աշխատանքներն են:

Գրքային միջոցառումների շարքում նախատեսվում է, ինչպես արդեն տեղեկացրինք,  «Արցախի ֆլորան» մեծարժեք գրքի շնորհանդեսը, իսկ Ազգային գրադարանի միջոցով «Հայբուսակը» կիրականացնի գրքերի տեղափոխում մարզային գրադարաններ: