Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Փելոունի ուղղման ընդունումը ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հստակ ուղերձն է Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ տեղեկացնելով, որ Հայ Դատի հանձնախումբն այժմ աշխատում է գործընթացն ավարտին հասցնելու և Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ռազմական օգնության ամբողջական արգելափակմանը հասնելու համար: Այս համատեքստում Կիրո Մանոյանը կարևորում է Կոնգրեսի 907-րդ բանաձևի վերականգնումը:
«Ինչ որ եղել է՝ օրենսդիր մարմնի մեծամասնության կողմից է արվել: Թե ինչ որոշում կընդունի Սպիտակ տունը՝ դա էլ ուրիշ հարց է: Պարզ է, որ սա հստակ ուղերձ է Ներկայացուցիչների պալատի կողմից: Բայց Վաշինգտոնում ուրիշ դերակատարներ էլ կան: Խոսքը ե՛ւ Սենատի, ե՛ւ Սպիտակ տան մասին է: Ճիշտ է՝ ե՛ւ երկու պալատի մեծամասնությունները, ե՛ւ նախագահը հիմա նույն [Դեմոկրատական] կուսակցությունից են, բայց անպայման ամեն ինչ ճիշտ նույն ձևով չեն տեսնում և ճիշտ նույն ձևով չեն անելու: Ուրեմն, աշխատանքները շարունակվելու են, որպեսզի այնպես լինի, որ բոլորն էլ հստակ պատգամ ուղարկեն Ադրբեջանին», – ասաց Հայ Դատի երևանյան գրասենյակի պատասխանատուն:
Կիրո Մանոյանի գնահատմամբ՝ օրինագծի ընդունման վրա ազդել են տարբեր գործոններ, այդ թվում՝ նախորդ տարվա պատերազմը և Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները Հայաստանի սահմանին: Բայց առավելապես կարևոր դեր է խաղացել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի աշխատանքը:
«Վերջին օրերին բազմահազար հայորդիներ դիմել են իրենց ներկայացուցիչներին՝ կոնգրեսականներին, որպեսզի քվեարկեն առաջարկված օրինագծի ընդունման օգտին», – նշեց դաշնակցական գործիչը՝ ավելացնելով, որ վերջնական որոշման համար անհրաժեշտ է, որ Փելոունի ուղղումը հաստատի նաև Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը: Այլ խոսքերով՝ Ներկայացուցիչների պալատում ընդունվելուց հետո օրինագիծը պետք է գնա Սենատ, որտեղ հաստատվելուց հետո Կոնգրեսի երկու պալատներն իրենց ընդունած տարբերակները պետք է համադրեն իրար հետ:
«Պալատներից յուրաքանչյուրը, նախ, իր տարբերակն է քվեարկում, հետո միացյալ հանձնախումբ կամ հանձնաժողով է ստեղծվում, որը փորձում է համադրել, վերջում էլ նրանց եզրակացությունը՝ վերջնական, միացյալ տարբերակը, կրկին կգնա երկու պալատների հաստատման», – բացատրեց մեր զրուցակիցը:
Մանոյանը պարզաբանեց՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության վերջնական դադարեցմանը հասնելու համար Փելոունի ուղղման հաստատումը Կոնգրեսի երկու պալատներում բավարար չէ, քանի որ Ներկայացուցիչների պալատը և Սենատը քվեարկում են միայն այն հատկացումների վերաբերյալ, որոնք նախատեսված են բյուջեով: Մնացածը Պենտագոնի՝ պաշտպանության դեպարտամենտի լիազորությունն է ԱՄՆ օրենսդրության 333-րդ հոդվածի համաձայն: Փելոունի ուղղումը չի արգելափակում Պենտագոնի կողմից հայեցողաբար ռազմական տեխնիկայի տրամադրումը: Այդ հատկացումներն արգելափակելու համար անհրաժեշտ է վերականգնել 907-րդ բանաձևը, որն արգելում էր ԱՄՆ կառավարությանը օգնություն հատկացնել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայ Դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակից հայտնել են, որ այժմ աշխատանքներ են տարվում նաև այդ ուղղությամբ:
Հայ Դատի երևանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ ասում է, որ եթե նաև հաջողվի հասնել Կոնգրեսում 907-րդ բանաձևի վերագործարկմանը, ապա այլևս ոչ մի տեսակի ռազմական օժանդակություն չի գնա Ադրբեջան:
«Դա առանձին բարեփոխման առաջարկ է: Իրենք իրավունք ունեն նաև բանաձևի տեսքով ընդհանուր բյուջեի փոփոխման վերաբերյալ առաջարկներ անել: Կա համապատասխան հանձնաժողով, որը որոշում է, թե որ առաջարկները որպես բարեփոխում պիտի ներկայացվեն լիագումար նիստին: Հիմա այդ գործընթացն է գնում», – պարզաբանեց Կիրո Մանոյանը: