կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-14 20:28
Առանց Կատեգորիա

Պուտինի ուղերձը` Բաքվին

Պուտինի ուղերձը` Բաքվին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու նպատակով երկու երկրների միջև համաձայնագիր ստորագրելու` ՌԴ կառավարության առաջարկին: Համաձայնագիրը կնքվելու է 5 տարի ժամկետով, և եթե դրա ավարտին կողմերից մեկն այն դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես չի գալիս, ավտոմատ կերպով երկարաձգվում է ևս հինգ տարով:

Երկու երկրների ԶՈՒ միացյալ խմբավորում գործում էր նաև մինչև Պուտինի այս հանձնարարությունը: Դեռ այս տարվա օգոստոսին տեղեկություն տարածվեց, որ այդ խմբավորումը զորավարժություններ է անցկացրել «Ալագյազ» զորավարժարանում: Եթե, դրանով հանդերձ, համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտություն է առաջացել, նշանակում է՝ խմբավորման հետապնդած խնդիրների, կիրառման դեպքերի, որոշումների կայացման ու գործադրման կողմերի պատասխանատվության շրջանակների առումով արվում են էական փոփոխություններ: Իրականում հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու շուրջ բանակցություններն սկսվել էին ավելի վաղ: Հայտնի է, որ հուլիսին հատուկ այդ նպատակով ՌԴ ՊՆ պատվիրակություն էր ժամանել Երևան: Պուտինի այս հանձնարարությունը հուշում է, որ կողմերը եկել են սկզբունքային համաձայնությունների և գործընթացը մտել է ավարտական` վերջնական փաստաթղթավորման փուլ:

Չնայած դրան՝ համատեղ խմբավորում ստեղծելու նախաձեռնության դետալները մնում են անհայտ: Մասնավորապես՝ ի՞նչ ստորաբաժանումներ, զորատեսակներ են ներգրավվում, ինչպե՞ս է իրականացվելու դրա օպերատիվ ղեկավարումը, ո՞ր դեպքերում և ի՞նչ կարգով է այն կիրառվելու: Օգոստոսին «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթը մի հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի՝ միացյալ խմբավորման մեջ են ընդգրկվում հիմնականում Նախիջևանի հետ սահմանների պաշտպանությունն իրականացնող ՀՀ ԶՈՒ 4-րդ կորպուսը և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան:  

Ըստ որոշ չճշտված աղբյուրների՝ խմբավորման հիմնական խնդիրն է երկու երկրներից որևէ մեկին ուղղված զինված հարձակումներին դիմակայելը, Հայաստանի և Ռուսաստանի սահմանները պաշտպանելը: Խմբավորման հրամանատարին նշանակում է ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն` ներկա պահին ՀՀ նախագահը՝ ՌԴ նախագահի համաձայնությամբ։ Խաղաղ պայմաններում խմբավորումը ենթակա է լինելու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին: Սակայն պատերազմական իրավիճակում, ըստ ամենայնի, ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։

Թե' առաջադրված խնդիրներով, թե' ձևավորման և որոշումների կայացման մեխանիզմներով այս խմբավորման ստեղծումը շատ նման է հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված` ՀՀ-ի և ՌԴ-ի միջև Հավաքական անվտանգության հարավկովկասյան հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրին: Ի տարբերություն ՀՕՊ համակարգի, որը ձևավորվում է համատեղման սկզբունքով, այսինքն` Հայաստանի ԶՈւ ՀՕՊ ուժերը լինելու են ավելի ինքնուրույն, ԶՈւ միացյալ խմբավորումը ձևավորվում է միացման, միասնականացման սկզբունքով: Ամեն դեպքում իրար հաջորդած միավորման այս գործընթացները հուշում են երկու երկրների զինված ուժերի տարածաշրջանային գերինտեգրման հստակ քաղաքականության մասին:

Մի կողմից` սա էականորեն սահմանափակում է այդ խմբավորման մեջ ընդգրկվող զորամիավորումը կառավարելու և օգտագործելու` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ազատությունը, քանի որ, ինչպես նշեցինք, պատերազմական իրավիճակում խմբավորման մասով որոշումները թերևս կայացվելու են Ռուսաստանում՝ Կրասնոդարում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի հրամանատարական շտաբում: Խնդիրն այն չէ, որ Մոսկվան կարող է, ըստ անհրաժեշտության, արգելել զորամիավորման օգտագործումը և հայկական բանակի համար խնդիրներ հարուցել, այլ այն, որ դրանով բարդացվում է օպերատիվ որոշումների կայացման համակարգը և ստեղծվում դրա քաղաքականացման նախադրյալ, ինչը պատերազմական իրավիճակներում կարող է ընդհուպ ճակատագրական լինել:

Մյուս կողմից` այս նախաձեռնությունը կանխարգելիչ նպատակներ է հետապնդում և ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ: Խնդիրն այն է, որ առանձին միջպետական պայմանագրով ՌԴ ԶՈւ-ն արդեն իսկ իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանների պաշտպանությունը: Միացյալ խմբավորման կազմի մեջ հայկական բանակի 4-րդ կորպուսի հնարավոր ընդգրկումը թույլ է տալիս եզրակացնել, որ թերևս խնդիր է դրվել 102-րդ ռազմակայանի ռեսուրսները ներգրավել նաև Նախիջևանի հետ սահմանների պաշտպանությանը, որը մինչև հիմա դրված է բացառապես հայկական բանակի վրա:  Նախիջևանում Թուրքիայի առանձնահատուկ հոգածությամբ Ադրբեջանը վերջին մի քանի տարիներին ստեղծել է առանձին համազորային բանակ, որը, չնայած փոքրաթիվությանը, համալրված է արդիական զինատեսակներով: Այս տարվա սկզբին Հայաստանի և Նախիջևանի սահմանին հակառակորդի ձեռնարկած մի քանի սադրիչ գործողությունները, Նախիջևանի համազորային բանակի մի քանի ինտենսիվ զորավարժությունների հարձակողական բնույթը փաստեցին, որ Արցախում պատերազմի վերսկսման դեպքում այդ ուղղությունից Հայաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հեռանկարը բավականին իրատեսական է: Եթե ռուսական 102-րդ ռազմակայանը ստանձի հայկական ԶՈւ-ի հետ այդ ողղությամբ սահմանների պաշտպանությունը, Ադրբեջանի կողմից ցանկացած գործողություն կնշանակի գործողություն նաև ՌԴ-ի դեմ: Եվ Բաքուն չի կարող չզգուշանալ: Բացի դրանից՝ այդ ուղղությունից թիկունքի ապահովագրումը, հայկական ԶՈՒ հրամանատարությանը թույլ կտա Արցախի դեմ Ադրբեջանի նոր հարձակման դեպքում այնտեղ ռեզերվային ավելի շատ ուժեր կենտրոնացնել:

Հետաքրքրական է, սակայն, Վլադիմիր Պուտինի կողմից այս համաձայնագրի ստորագրման հանձնարարությունը տալու համար ընտրված պահը: Այն արվեց արցախա-ադրբեջանական շփման գծի մոտ Ադրբեջանի սկսած լայնածավալ զորավարժությունների անցկացման օրերին, որոնց մեկնարկին այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե բաց տեքստով Հայաստանին սպառնաց պատերազմով: Եթե նույնիսկ սա պատահական համընկնում էր, շատ հստակ ուղերձ է պարունակում Ադրբեջանին:  Ուղերձի էությունն այն է, որ Բաքուն պետք է մոռանա ռազմական ճանապարհով ԼՂ հարցը լուծելու երրորդ փորձից և կենտրոնանա բանակցային գործընթացի վրա:

Սա ամենևին չի նշանակում, թե Մոսկվան դիրքավորվում է հայկական շահերի դաշտում: Կրեմլն ուրույն պատկերացումներ ունի բանակցային գործընթացի և դրա միջոցով ԼՂ հիմնահարցի կարգավորման մոդելի մասին: Եվ եթե այս համատեքստում ռուսական կողմին է վերապահվում պատերազմի ժամանակ միացյալ խմբավորման ղեկավարումը, ապա այն կարող է նաև որպես հայկական կողմի «ոտքերը կապելու» շղթա օգտագործվել:

Գևորգ Դարբինյան