կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-03 13:27
Քաղաքական

Իրանի «սպառնալիքը», ուղղված Բաքվին, հստակ էր

Իրանի «սպառնալիքը», ուղղված Բաքվին, հստակ էր

Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն:

Yerkir.am-ի հետ զրույցում նախարարի կատարած այցն ամփոփել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

-Կարելի՞ է, արդյոք, Վիգեն Սարգսյանի՝ Իրան կատարած պաշտոնական այցը հաջողված համարել:

-Ոչ միայն հաջողված էր, այլև այն լուրջ ձեռքբերում էր: Այցի ընթացքում իրացվել է հանդիպման ողջ օրակարգը, բացի այդ` իրանական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել չափազանց կարևոր հանդիպում Իրանի հոգևոր առաջնորդի` արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ, ով Իրանում բավականին ազդեցիկ և վճռորոշ դերակատարություն ունեցող դեմք է:

-Ինչո՞վ էր տարբերվում այս այցը նախորդներից:

-Նախկինում ևս Հայաստանն ու Իրանը համագործակցել են տարբեր ոլորտներում, բայց այս այցով մենք փաստացի մուտք ենք գործում բոլորովին նոր որակական փուլ: Երկու երկրները փաստացի փորձում են օգտագործել հարաբերություններում առկա չօգտագործված ներուժը գրեթե բոլոր ոլորտեներում, մասնավորապես` անվտանգության, ռազմական, պաշտպանության և այլն: Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական ոլորտի ձեռքբերումներին, ապա ակնհայտ է, որ Հայաստանը և Իրանը նոր թափ են հաղորդում այս ոլորտին:

-Արդյո՞ք այս այցը ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հեռանկարներ կբացի:

-Նախարարի օրակարգում կային նեղ մասնագիտացված հանդիպումներ թե’ ռազմաարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների, թե' քաղաքական դեմքերի հետ: Այս առումով Հայաստանն ու Իրանը գնում են նաև ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության եզրեր գտնելուն, ինչը չափազանց կարևոր է, որովհետև ունի ոչ միայն ռազմական նշանակություն, այլև տնտեսական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում` իրանական ներդրումների հոսք ապահովելու առումով:

-Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-իրանական ռազմաքաղաքական համագործակցությունն Ադրբեջանի հետագա պահվածքի վրա:

-Ըստ էության` Հայաստանը և Իրանն ունեն սեփական տնտեսական, քաղաքական ոլորտների օրակարգը և այն իրացնում են՝ ելնելով բացառապես երկու երկրների շահերից: Հայաստանի և Իրանի գործողությունները որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չեն, այլ միտված են սեփական շահերն առնվազն տարածաշրջանում ապահովելուն: Եթե որևէ երկիր տարածաշրջանում մեր հանդեպ թշնամական դիրքորոշում ունի, վախեր ունի` մեր երկրի հզորացման, պաշտպանական համակարգի ամրապնդման հետ կապված, ապա դա նրա խնդիրն է: Ամեն դեպքում` մեր պասիվությունն անգամ չի ստիպելու Ադրբեջանին` դադարեցնել իր թշնական գործունեությունը:

-Արդյո՞ք այս այցից կարելի է ենթադրել, որ Թեհրանը Երևանին համարում է անուղղակի դաշնակից ընդդեմ իսրայելա-ադրբեջանական երկյակի:

-Ադրբեջանական քարոզչությունը փորձում է նախ սեփական հասարակությանը «թունավորել» հակահայկականությամբ և հակաիրանականությամբ, միաժամանակ փորձ կատարել՝ ազդակ հղել Իսրայելին, որպեսզի այդ պետւթյունը ևս Ադրբեջանին համարի շատ ավելի կարևոր գործըներ, քան մինչ այս էր: Բնական է, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները բավական խորն են, և այդ համագործակցությունը միտված է թե' Հայաստանի, թե’  Իրանի դեմ` կրկնակի մեծ չափով: Ադրբեջանը կարևորություն է ներկայացնում Իսրայելի համար բացառապես այն պատճառով, որ հարևան է Իրանի Իսլամական Հանրապետությանը և որոշակիորեն նաև` նավթային էներգակիրների առումով:

-Ի՞նչ ենթատեքստ էր պարունակում Արցախյան խնդրի վերաբերյալ նման անդրադարձը:

-Արցախյան խնդրի վերաբերյալ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարն ուղղակի ազդակ հղեց Ադրբեջանին առ այն, որ Իրանը դեմ է, որպեսզի հակամարտության գոտում իրավիճակը թեժանա կամ, Աստված մի արասցե, պատերազմական գործողություններ սկսվեն: Եթե նախարարի հայտարարությունը թարգմանենք դիվանագիտական լեզվով, ապա կարելի է ասել` դա հստակ ազդակ էր, ուղղված Բաքվին, որ Իրանը որևէ կերպ ոչ միայն չի ողջունելու այդ հակամարտության սրումն Ադրբեջանի կողմից, այլ պարզապես դեմ է, որպեսզի նման սրումներ լինեն: Իրանի «սպառնալիքը», ուղղված Բաքվին, հստակ էր, և կարծում եմ` այդ ազդակը տեղ է հասել:

-Կարծես, սրվում է Իրան-ԱՄՆ ռազմական կոնֆլիկտը՝ պայմանավորված Իրանի կողմից այս օրերին բալիստիկ հրթիռի փորձարկումով: Արդյո՞ք դա կարող է կրկին հանգեցնել Իրանի նկատմամբ նոր սանկցիաների կիրառմանը՝ դրանից Հայաստանի համար բխող բացասական հետևանքներով:

-Անմտություն կլինի թե' Իրանի հետ ուղղակի ռազմական բախման գնալը և թե' պատժամիջոցների ռեժիմին վերադարձը: ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ դեռ պահպանել է, այդ թվում` նաև Իրանի հրթիռային ծրագրի նկատմամբ, սակայն փորձը ցույց է տալիս, որ Իրանի հետ խոսել պատժամիջոցների կամ սպառնալիքների լեզվով, անարդյունավետ քայլ է: Պետք է հաշվի առնել այն, որ Իրանը յուրահատուկ դերակատարություն ունի Մերձավոր Արևելքում: Այս երկիրը վերջին տասնամյակների ընթացքում կարողացել է սեփական տնտեսությունը դարձնել գրեթե ինքնաբավ, հսկայական բնական պաշարներ և գաղափարական մեծ ազդեցություն ունեցող երկիր է: Իրանի գաղափարական սահմանները ձգվում են Միջերկրական ծովի արևելքից մինչև Եմեն, Սիրիա, Իրաք, որտեղ շատ հարցեր չեն կարողանում կարգավորել առանց իրանական ազդեցության:

Զրուցեց Թագուհի Մելքոնյանը