Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի խորհրդարան ներկայացված զեկույցը վերաբերում է Մարմարա ծովում ցունամիի սպառնալիքին, եթե Թուրքիայի հյուսիս-արևմտյան շրջանում ուժեղ երկրաշարժ լինի:
Երկրաշարժերի ռիսկերի հետաքննության խորհրդարանական ենթահանձնաժողովի պատրաստած զեկույցում ընդգծվում է, որ ծովի հատակին սեյսմիկ ակտիվության պատճառով Թուրքիան ցունամիի վտանգի տակ է. գրում է Hurriyet-ը:
Ըստ փաստաթղթի՝ երկրաշարժի դեպքում ցունամիի բարձր ալիքների՝ ափ հասնելու համար կպահանջվի 10 րոպե: Ըստ զեկույցի՝ Մարմարա ծովում 7 բալ կամ ավելի ուժգնությամբ երկրաշարժը ցունամի առաջացնելու 10% հավանականություն ունի:
Զեկույցը շեշտում է, որ Միջերկրական, Էգեյան և Մարմարա ծովերի ափերը հատկապես խոցելի են ափամերձ գծի երկայնքով բնակավայրերի կուտակման պատճառով:
«Բոլոր համապատասխան գերատեսչությունները, մասնավորապես՝ Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD), պետք է մշակեն գործողությունների պլաններ ափամերձ համայնքների արտակարգ տարհանման համար` հայտնաբերելով վտանգներն ու ռիսկերը, ինչպես նաև հնարավոր վնասները»,- զգուշացնում է զեկույցը:
Նշվում է, որ Թուրքիան աշխարհի ամենասեյսմավտանգ երկրներից է, քանի որ գտնվում է խզվածքի մի քանի ակտիվ գծերի վրա: Երկրում ամեն օր տեղի են ունենում տասնյակ փոքր երկրաշարժեր և ցնցումներ:
Հիշեցնենք, որ Ստամբուլից 90 կմ հարավ-արևելք գտնվող արևմտյան Իզմիթ քաղաքում 7,4 բալ ուժգնությամբ երկրաշարժը, որը տեղի ունեցավ 1999-ի օգոստոսին, խլեց ավելի քան 17 հազար մարդու կյանք: