Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պիտի շնորհավորեի պրն․ Սինանյանին, որ իրենց այս ձախողման համար նախկիններին հանցավոր չի համարում, այլ այս անգամ գտել է մի նոր պատճառաբանություն՝ Covid և պատերազմ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի պատասխանատու, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Ժիրայր Բյոջեկյանը՝ ի պատասխան ՀՀ սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանի այն հայտարարության, որ իշխանությունների ասած՝ հայրենադարձության բումը չեղավ Covid-ի և պատերազմի պատճառով։
«Հայրենադարձության բումը ոչ թե Covid-ի կամ պատերազմի պատճառով չստացվեց, այլ մարդիկ, որոնք և՛ Սիրիայի տագնապային տարիներից հետո եկել էին Հայաստան, և՛ մարդիկ, որոնք Լիբանանի նավահանգստի աղետալի պայթյունից հետո, հավատալով պրն․ Սինանյանի՝ Լիբանանում տված խոստումներին, ելան և եկան Հայաստան, Հայաստանի՝ օժանդակություն տարած օդանավով պրն․ Սինանյանը ուղեկցել էր նրանց, այդ մարդկանց մեծ մասը, տեսնելով, որ Հայաստանում ոչ իրենց կարիքներով իսկապես հետաքրքրվող և իրենց կարիքները հոգացող պետական ապարատ կա, նաև որ պետությունը ընդհանրապես ոչ մի պատկերացում չունի հայրենադարձության հայեցակարգի մասին, թե հայրենադարձությունը ինչպես է կազմակերպվելու, ինչ է անելու, որ՝ հայրենադարձությամբ ոչ միայն մարդիկ եկան Հայաստան, ուրախացանք ու մոռացանք նրանց մասին, այդպես չէ, այս բոլորը ոչ չարեցին, բնականաբար, մարդիկ իրենց ֆինանսական խնդիրները հաշվի առնելով, իրենց առողջական, իրենց երեխաների կրթության հետ կապված հարցերը հաշվի առնելով, թողեցին ու հետ դարձան, անկախ նրանից, որ որոշները մնացին»,-ասաց Ժիրայր Բյոջեկյանը։
Նա նաև նկատեց, որ հայրենադարձության ուղղությամբ քայլ անող մարդու մասին անարգական է ասել, որ Covid-ի պատճառով չեկավ Հայաստան, երբ Covid-ը ամբողջ աշխարհում էր, կամ պատերազմի պատճառով չեկավ Հայաստան, երբ մենք գիտենք, որ նույնիսկ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ բազմաթիվ սփյուռքահայեր զոհվեցին պատերազմում։
«Այնքան ժամանակ, որ պետական հստակ հայեցակարգ չկա հայրենադարձության մասին, կազմակերպված աշխատանք չկա հայրենադարձությունը խթանելու, հայրենադարձ մարդկանց այստեղ կյանքի ռիթմի մեջ տեղավորելու՝ և՛ աշխատանքի, և՛ կրթության, և՛ առողջապահության, և՛ տարբեր, տարբեր՝ էլ չեմ խոսում տուն հատկացնելու մասին, պարզապես այս ամենը ընթացքի մեջ դնելու, դյուրացնելու նրանց առօրյան՝ պետական թղթերից, վարորդական իրավունքից մինչև բուժոլորտ և այլ մանրամասներ, այսօր հայրենադարձությունը շատ ավելի զգացական, գաղափարական քայլ է մարդկանց համար»,-ասաց Ժիրայր Բյոջեկյանը։
Նա նշեց, որ մարդիկ միշտ էլ հայրենադարձվել են և շարունակում են նաև հայրենադարձվել այս իշխանության օրոք, բայց այս ամենը ոչ մեկի արժանիքը չէ, այլ հայրենադարձված մարդկանց՝ իրենց հայրենիքի հանդեպ ունեցած հավատքի շնորհիվ է։
Զարեհ Սինանյանին որպես անձ որևէ գնահատական Բյոջեկյանը չի տալիս, իսկ որպես պաշտոնյա, ասում է, Սինանյանը այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնող և Հայաստանի իշխանությաունը զավթած մարդու մանկլավիկն է։ Որպես այդպիսին, ինքը և մյուս բոլոր իշխանությունը պահող, պահպանող, քաջալերող, Սինանյանի պարագայում նաև Սփյուռքում փաշինյանական կեղծ իշխանության քարոզչությունը անող մարդ է։ Այնպես որ, ասաց նա, Սինանյանի աշխատանքը այդ պրիզմայով պետք է դիտել և ոչ թե արժևորել որպես պետական կիսահաջողած կամ հաջողած կամ ձախողած գործիչ։
Աննա Բալյան