Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու խնդիր է՝ կոռուպցիա և վախ․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը այս գործոններով բացատրեց Դատախազության «աչքկապոցին» արդեն 4 տարի սևացած թափառող ու ձկնայուղով պատված՝ փոշեկոլոլ սատկող արագիլների գործի վրա։
Պարզվում է, Դատախազությունը կարճել է արագիլների աղտոտման գործը։
«Գործը գնացել է դատախազություն, իրենք համոզված են եղել, որ սա ձկնաբուծարանների խնդիրն է, սակայն գործը կարճվել է, ընթացք չի տրվել։ Մեզ ներկայացրին, որ գործի ուղղությունը փոխվել է և կարճվել»,-ասաց Սիլվա Ադամյանը։
Ընդամենը մեկ շաբաթ առաջ են բնապահպանները եղել Արտաշատի համայնքապետարանի բնապահպանական բաժնում և հանդիպել տեսչական մարմինների հետ։ Նրանց ասել են, որ ամբողջ խնդիրը Մասիսի աղբավայրից է, այնտեղ են ձկնաբուծարանները տանում թափում թափոնները։ Իսկ աղբավայրի դեմ իրավապահները ոչինչ անել չեն կարող։ Հենց այս հիմքով էլ կարճել են արագիլների աղտոտման գործը։
Այնինչ բնապահպանները վստահ են՝ ոչ թե աղբավայրում, այլև տարբեր գետերի և առուների մոտ են արագիլներն անցկացնում իրենց կյանքի մեծ մասը, սնվում են այդտեղից և աղտոտվել են ձկնաբուծարանների՝ հենց այդ գետեր թափված թափոններից։ Նրանք պնդում են, որ պետք է ձնկաբուծարաններին պարտավորեցնել՝ իրենց բուծած ձկների փորոտիքը լցնել ոչ թե գետերն ու առուները, այլև թաղել հատուկ վայրերում, որպեսզի բնությանը և թռչուններին չվնասեն։
Բան այն է, որ արագիլները, փորձելով սնվել գետերում ու առուներում, թաթախվում են ձկնաբուծարանների յուղոտ թափոնների մեջ, որի վրա հետո փոշի է նստում, և թռչունները, չկարողանալով թռչել ու տեղաշարժվել, սատկում են։
Դատախազության քաջությունը, սակայն, չի հերիքել «կպնել» ձկնաբուծարանների տերերին հանուն «ինչ-որ» արագիլների։
«Այս մարդիկ խուսափում են և չեն կարողանում հստակ տվյալներ ներկայացնել, թե ինչ է կատարվում, կամ ուղղակիորեն վախենում են այն մարդկանցից, ովքեր ունեն մեծ փողեր, կապեր բիզնեսների հետ, և նրանց դեմ չեն ուզում գործընթացներ սկսել։ Սա ակնհայտ է։ Եվ դա ապացուցում է դատախազության կարճված գործը»,-ասաց Սիլվա Ադամյանը։
Հայաստանում ամերիկյան համալսարանի լաբորատոր հետազոտությունը փաստել է, որ արագիլները պատված են ձկան յուղով․ բնապահպանները ի սկզբանե համոզված են եղել, որ դա գալիս է ջրային ռեսուրսներից, և բացի ձկնաբուծարաններից ոչ մեկը չի կարող ջրային ռեսուրսներն այդպես աղտոտել։ Բացի այդ, աղտոտված արագիլներ են հանդիպում ոչ միայն Մասիսում, որտեղ նշված աղբավայրն է, Արարատի մարզում, այլև Էջմիածնի գյուղերում, ուրեմն խնդիրը գալիս է ջրային ռեսուրսներից։ Ջրային ռեսուրսներից օգտվում են ձկնաբուծարանները, և հասկանալի է, որ սա ուրիշ բան չի կարող լինել։
«Մեր տեսչական մարմինները տեխնիկապես շատ վատ են հագեցած, չունեն լավ պատրաստված, գիտելիքներով զինված մասնագետներ, ֆիզիկական պատրաստվածությունը վատ է, այդ ամեն ինչը բերում է նրան, որ կա՛մ չեն կարողանում հստակ տվյալներ ներկայացնել, կա՛մ վախենում են»,-ասաց բնապահպանը։
Սիլվա Ադամյանի բնապահպանական կազմակերպությունն ընդամենը մեկ շաբաթ առաջ է եղել Արարատի մարզի Հովտաշեն գյուղում։
«Ամեն երրորդ բնում աղտոտված ձագուկներ, ամեն երրորդ բնում աղտոտված ձագուկներ»,-սա է պատկերը։
Նրանք դեռ 2017 թ-ին առաջինն են ահազանգել աղտոտված արագիլների խնդրի մասին․ առայսօր պատկերը նույնն է։ Կամավորները, ճիշտ է, փորձում են մաքրել դեռ չսատկած արագիլներին, բայց հետևանքի դեմ պայքարելով խնդիրն, իհարկե, չի լուծվում, պետք է պատճառը վերացնել։
Արարատի ու Արմավիրի մարզերի արագիլների 80 տոկոսը աղտոտված են։ Եթե այս խնդիրն արմատապես չլուծվի, թռչունները լիովին կհեռանան մեր երկրի այդ վայրերից, որովհետև իրենց լավ չեն զգում։ Իսկ բնության մեջ, երբ շղթան կտրվում է, անխուսափելիորեն խնդիրներ են առաջանում։
Արագիլները սնվում են միջատներով, փոքր մկներով, գորտերով, նրանք համարյա ամենակեր թռչուններ են, և նրանց պոպուլյացիայի ոչնչացումը այդ տարածքում կարող է բերել կերի զարգացման՝ մկների, գորտերի քանակության շատացման, և դա կբերի խնդիրների։
10 տարի առաջ, օրինակ, Ուջան գյուղում բնակիչները սկսեցին մասայաբար ոչնչացնել վարդագույն սարյակներին, քանի որ նրանք ոչ միայն սնվում են մորեխներով, այլև պտուղներով՝ բալ, կեռաս, թութ և այլն։ Մեկ տարի անց այնտեղ իտալական և եգիպտական մորեխների այնպիսի առատություն եղավ, որ երաշտ սկսվեց։
Աննա Բալյան