Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
100 տարի առաջ այսօրը ՝ հունիսի 18-ին, Միսաք Թորլաքյանը գնդակահարեց Բաքվում հայերի կոտորածը կազմակերպած Բեյբութ խան Ջիվանշիրին:
20-րդ դարի սկզբում Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի մյուս հայաշատ վայրերում հայ ազգաբնակչության նկատմամբ կիրառված ոճրագործությունը վարակիչ եղավ նաեւ Ադրբեջանի իրենց ցեղակիցների համար: Նրանք կազմակերպեցին Բաքվի, Շուշիի եւ այլ վայրերի հայ ազգաբնակչության կոտորածներ: «Մուսավաթ» կուսակցության պարագլուխները չէին էլ թաքցնում իրենց հրեշավոր նպատակները, ինչպես արել էին իթթիհատականները` կազմակերպելով հայերի ցեղասպանություն:
Եվ ահա, հայկական ցեղասպանությունները կազմակերպող եւ իրականացնող երիտթուրք պարագլուխներին պատժելու նպատակով ՀՅԴ-ի կողմից 1919թ. հոկտեմբերին ստեղծված Պատասխանատու մարմնի Շահան Նաթալու գլխավորած «Նեմեսիսի» սեւ ցուցակում տեղ գտան նաեւ մուսավաթական Ադրբեջանի պանթուրքիստ պարագլուխների անունները` Աղաեւ, Թոփչիբաշեւ, Հուսեյնզադե, Խոյսկի, Ջիվանշիր, Ղասիմբեկով…
Պատասխանատու մարմնին անդամագրվել էին ամենաքաջ, ամենահանդուգն հայորդիները (Սողոմոն Թեհլիրյան, Արշավիր Շիրակյան, Արամ Երկանյան, Միսաք Թորլաքյան …), որոնք էլ սկսեցին ի կատար ածել Հայոց ցեղասպանությունը կազմակերպող եւ իրականացնող թուրք եւ ադրբեջանցի (թաթար) ոճրագործների նկատմամբ որոշված արդարահատույց գործողությունները: Մուսավաթիստ ոճրագործներին վերացնելու առաջնությունը պատկանում է կարինցի Արամ Երկանյանին (1900-1934): 1919թ. հոկտեմբերին Թիֆլիսի Երեւանյան հրապարակում նա գնդակահարեց Ադրբեջանի ռազմական նախարար Ղասիմբեկովին, այնուհետեւ գնդապետ Սարաֆովին, իսկ 1920թ. հունիսի 19-ին` Բաքվի եւ Շուշիի հայկական կոտորածների կազմակերպիչ, Ադրբեջանի վարչապետ` Խոյսկուն, նրա գործակից Մահմեդովին եւ նրանց թիկնապահին:
Երբ Սողոմոն Թեհլիրյանը 1921թ. մարտի 15-ին Բեռլինում գնդակահարեց ամենամեծ ոճրագործին` Թալեաթին, Պատասխանատու մարմինը հանձնարարեց «Նեմեսիս» գործողության մասնակիցներինՙ արագացնել արդարահատույց գործողությունները մյուս ոճրագործների նկատմամբ:
1921թ. հունիսին Բեհբութ խան Ջիվանշիրը ժամանել էր Կ.Պոլիս` իբրեւ բոլշեւիկյան Ռուսաստանի առեւտրական ներկայացուցիչ: Թերեւս այդ պատրվակով էր Բաքվից մեկնել հայ ազգաբնակչությունից թալանած հարստությունը դուրս հանելու համար: Կ. Պոլսում նրան առաջինը տեսել էր Աբրահամ Գյուլխանդանյանը (ՀՅԴ-ի նշանավոր գործիչ), որը դեռեւս Բաքվից անձամբ էր ճանաչում Ջիվանշիրին:
Այս լուրը ստանալուն պես սկսվեց նրա հետապնդումը: Գործը հանձնարարվեց թուրքերի դեմ մղած մարտերի բովով անցած տրապիզոնցի երեք երիտասարդի` Երվանդ Ֆունդուքյանին, Հարություն Հարությունյանին, Միսաք Թորլաքյանին: Առաջին երկուսը պետք է կատարեին միայն հետապնդումը, իսկ հարվածը հասցներ Միսաք Թորլաքյանը:
Հուլիսի 18-ի երեկոյան Ջիվանշիրինի սպասարկող երկու ինքնաշարժն էլ կանգ առան հյուրանոցի դռան առջեւ: Նրանցից դուրս եկան Ջիվանշիրը, էլի մի քանի հոգի եւ մտան հյուրանոց: Քիչ անց բոլորը միասին դուրս եկան հյուրանոցից եւ մտան մոտակա «Փըթի Շանի» պարտեզը, ուր բացօթյա թատրոն կար, եւ տեղ զբաղեցրին բուֆետի մոտ: Արդարահատույց գործողության հարմար պահը եկել էր, ուստի Հարությունը շտապեց հեռանալ: Միսաքը եւ Երվանդը այդ պահին նույնպես մտան պարտեզ, որը լի էր բազմությամբ:
«Ջիվանշիրը դուրս եկավ եւ անցավ մեր առջեւից, – հիշում է Միսաք Թորլաքյանը:- Ամբոխի խմբվածության պատճառով չկարողացա հասնել եւ զարկել, կլինեին անմեղ զոհեր: Նա գնում էր դեպի հյուրանոց: Մտածեցի, որ մարդկանց բազմության միջով չպիտի կարողանամ հասնել նրան, ուստի ինքնաշարժների միջեւ գտնվող մեկ ոտնաչափ ճանապարհով արագ-արագ մոտեցա: Երբ մոտենում էի, նկատեցի, որ գլուխը շրջեց եւ սկսեց շուրջը նայել, ապա նորից շարունակեց ճանապարհը: Կասկածեցի, որ կարող է խուսափել եւ հեռանալ, ուստի արագ կարողացա հասնել ու, մինչ կմտներ հյուրանոց, քաշեցի ատրճանակս եւ փոխանակ խփեի գլխին, փողը դեմ տվեցի կողքին եւ կրակեցի: Ուրիշ կերպ չկարողացա. ինքը բարձրահասակ էր, ես` կարճ, հետեւս ինքնաշարժ կար, կողքը` բազմություն, ազատ շարժվելու հնարավորություն չունեի: Առաջին հարվածից չընկավ, ընդհակառակը, ուղղվեց եւ կարողացավ երկու ձեռքերս ամուր բռնել: Ձեռքերս բռնելը շատ լավ եղավ ինձ համար, որովհետեւ դարձավ դեմքով դեպի ինձ, կուրծքըՙ առաջս: Այս անգամ երկու գնդակ արձակեցի ուղղակի կրծքին, եւ նա վայր ընկավ:
Ականջիս հասավ Ջիվանշիրի ձայնը, որը բղավում եւ օգնություն էր կանչում: Գիշերվա ժամը մեկի մոտ էր: Մեջս կասկած առաջացավ, որ մեռած չէ, վերադառնամ, որ վերջացնեմ: Հետ դարձա դեպի ոճրագործը: Երբ մոտեցա, շուրջը հավաքվել էին մոտ 20-30 մարդ: Ատրճանակը ձեռքիս տեսնելով` բոլորն էլ հետ քաշվեցին: Մոտեցա եւ գետնին փռված Ջիվանշիրի գլխին գնդակ տվեցի: Մեկ գնդակ էլ պարպեցի կրծքին, ապա նայեցի շուրջս եւ տեսա 4-5 ոստիկան` ատրճանակը ձեռքերին, որոնք փակել էին փողոցի այն անկյունը, որտեղից կարող էի փախուստ տալ: Այդ ճանապարհով ազատվելը անհնար էր, ուստի կտրեցի փողոցը եւ փորձեցի անցնել դեպի Բերա: Ինքնաշարժները խիտ առ խիտ շարված էին «Բերա Փալասի» մոտից մինչեւ «Փըթի Շան»: Սրանց արանքում նկատեցի մի բաց ինքնաշարժ, որի մեջ պառկած էին մարդիկ: Երբ այդ ինքնաշարժի վրայով թռա, որ անցնեմ մյուս կողմը, ընկա պառկած մարդկանց վրա, եւ տակավին ոտքերս գետնին չհասած` չորս հոգի ինձ բռնեցին: Բռնողներից մեկը Ջիվանշիրի եղբայրն էր` Ջումշուդը, որը ամուր բռնեց մեջքս: Մի գնդակ պարպեցի նրա վրա, որը աչքի վերի ոսկորները փշրեց եւ անցավ, սակայն նա չընկավ, թեեւ արյունլվա էր, մեջքս բաց չթողեց: Եթե բաց թողած լիներ, մյուս երեքին էլ կսատկացնեի, քանի որ ատրճանակիս մեջ մնացել էր չորս փամփուշտ: Ատրճանակս լիցքավորելու հնարավորություն այլեւս չունեի, ուստի հաշտվեցի հանձնվելու գաղափարին: Թեքվեցի, բազուկս դրի ինքնաշարժի կողքին, օդ կրակեցի եւ սպասեցի: Այդ պահին մի թուրք ոստիկան մոտեցավ, բռնեց ձախ ձեռքս եւ ուզում էր ատրճանակս խլել, ասացի.
– Չփորձես, այլապես շանսատակ կանեմ…
Այսպես լարված մնացել էինք, երբ հասան ֆրանսիացի ոստիկանները եւ վերցրին ատրճանակս: Դրանից հետո սկսվեց ծեծը… Ինձ քարշ տվեցին մինչեւ ոստիկանատուն, որտեղ շարունակվեց ծեծը: Երբ ինձ հասցրեցին ոստիկանապետի սենյակը, վրաս գրեթե հագուստ չէր մնացել: Թուրք ոստիկանապետը շշմած նայում էր մերթ ինձ, մերթ ոստիկաններին: Երբ ֆրանսիացի ոստիկանը բարձրացրեց ձեռքի մահակը, որ հարվածի գլխիս, բռնեց նրա ձեռքը եւ ասաց.
– Սա իմ պաշտոնատեղն է, այստեղ դուք իրավունք չունեք մարդ ծեծելու… Սպանվողը թուրք է, սպանողն էլ հայ, հավանաբար նրանք մեր հպատակներն են, մի՛ խառնվեք այս գործին: Այլեւս ծեծը դադարեց:
Ապա ոստիկանապետը նստեց դիմացս, վերցրեց թուղթ ու գրիչ եւ ասաց.
– Դե՛, տղա՛ս, խոսի՛ր, անունդ ի՞նչ է, որտեղացի՞ ես…
Բոլոր հարցերին ճիշտ պատասխանեցի, բայց երբ հերթը հասավ մանրամասնություններին, հայտնեցի, որ այս վիճակով այլեւս հնարավորություն չունեմ հարցերին պատասխանելու:
Ինձ բանտ տարան: Հաջորդ օրը հարցաքննությունը սկսվեց թարգմանչի միջոցով, որը տեւեց մոտ հինգ ժամ: Հարցրեցին ամեն ինչի մասին, սկսած մանկության օրերից, մինչեւ դեպքի օրը: «Թե ինչու սպանեցիր Ջիվանշիրին» հարցին պատասխանեցի, որ այդ մարդը ամբողջ ընտանիքս ջարդել է տվել Բաքվում, եւ երբ հանդիպեցի իրեն, չկարողացա ինքս ինձ զսպել եւ սպանեցի… Այնուհետեւ ինձ տարան բանտախուց:
Երբ ոստիկանները հարցաքննության արձանագրությունները հանձնեցին անգլիացի բանտապետին, վերջինս դրանք վերցրեց, պատռեց եւ մի հայոյանք էլ տալով ֆրանսիացի քննիչների հասցեին` շպրտեց…
Այն բանտասենյակը, որտեղ ինձ տարան, կային մի քանի բանտարկյալՙ ազգությամբ հրեա, հույն, արաբ, մակեդոնացի, ռուս, որոնք բոլորն էլ մեղադրվում էին մարդասպանության մեջ: Բանտապահների գլխավորը հայ էր` Բարսեղ անունով, որի միջոցով կարողացա լուր ուղարկել ընկերներիս, որոնք ինձ այցելության եկան: Բարսեղի օգնությամբ կարող էի բանտից փախչել եւ ազատվել, սակայն գիտեի, որ դատավարությունը իմ օգտին է լինելու, այդ պատճառով էլ հրաժարվեցի փախչելու մտքից…
Շուտով պետք է սկսվեր դատավարությունը, որից մեկ օր առաջ ինձ տարան մի առանձին սենյակ, ուր դեմս հանեցին Ջիվանշիրի եղբորը` Ջումշուդին, որը վկայեց, որ իր եղբոր սպանողը ես էի: Այնուհետեւ սենյակ բերեցին Ջիվանշիրի ռուս կնոջը, որը ինձ տեսնելուն պես իբր թե ուշաթափվեց: Երբ սթափվեց, ինքն էլ հաստատեց, որ սպանողը ես էի: Իսկ ես չուրացա, որ ես եմ սպանել»:
Դատավարությունը սկսվեց Կ. Պոլսի Հարպիեի նախկին զինվորական դատարանի դահլիճում: Դատական ատյանի նախագահը եւ նրա երկու օգնականները անգլիացիներ էին: Մեղադրող կողմից հանդես եկան եւս մի քանի հոգի, որից հետո հարցաքննության կանչվեցին պաշտպանական կողմի վկաները (այդ թվումՙ Երվանդ Օտյանը), որոնք մանրամասն պատմեցին 1918թ. սեպտեմբերին Բաքվում թուրքերի եւ թաթարների` հայերի դեմ սարքած կոտորածների մասին, որոնց կազմակերպիչներն էին Ջիվանշիրը, խան Խոյսկին եւ ուրիշներ: Այդ կոտորածների ժամանակ սպանվեց ավելի քան 30000 հայ:
Դատավարությունը ունեցավ 40 նիստ եւ տեւեց ավելի քան երկու ամիս: Բոլոր վկաներին հարցաքննելուց հետո դատախազը հրավիրեց նյարդային հիվանդությունների երկու բժշկի, մեկըՙ թուրք, մյուսը` անգլիացի: Թուրք բժիշկ Օսման բեյը հայտնեց, թե ինքը քննել է ամբաստանյալին եւ գտնում է, որ ոչ սպանություն գործած օրը եւ ոչ էլ բժշկական քննության ենթարկված օրը ամբաստանյալը մտային խանգարում չի ունեցել, լուսնոտ էլ չէ, հետեւաբար պատասխանատու է իր գործած հանցանքի համար: Սրան հակառակ անգլիացի բժիշկը հայտնեց, թե երեկ քննել է ամբաստանյալին, մարմնի վրա գտել է սպիներ, նկատել է սրտային նոպաներ, արյան անկանոն շրջանառություն… Փաստեր կան, որ ինքը եղել է լուսնոտ, որի նոպայի ընթացքում առաջացող հուզմունքը կարող էր նրան մղել կատարելու ոճիր, որի համար ինքը պատասխանատու չէ: Պետք է հատկապես նշել, որ Մ. Թոռլաքյանի փաստաբան Հմայակ Խոսրովյանը դատապաշտպանությունը կազմակերպել էր` հիմնվելով երեք գլխավոր փաստերի վրա.
Առաջին. որ Բաքվի հայ ազգաբնակչության ջարդերի գլխավոր պատասխանատուն եղել է Ջիվանշիրը.
Երկրորդ. որ Թորլաքյանը սպանությունը կատարելու պահին եղել է մտային խանգարման վիճակում.
Երրորդ. որ իր հարազատները կոտորվել են Բաքվում:
Ինչպես երեւում է շարադրվածից, փաստաբան Վ. Խոսրովյանը նպատակահարմար է գտել պաշտպանությունը տանել նույն ձեւով, ինչպես տեղի էր ունեցել Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ, երբ դատարանը վերջինիս անմեղ էր ճանաչել:
Դատավճիռը հայտարարելու օրը դատարանի շենքի շուրջը հոծ բազմություն էր հավաքվել: Հավանաբար վախենալով, որ դրսում կարող է խառնակություն ծագել, դատավորը հայտնեց, թե դատավարության թղթածրարը ուղարկվելու է Լոնդոն, որտեղից պետք է ստացվի դատավճիռը: Երկու շաբաթ անցՙ 1921թ. հոկտեմբերի 6-ին ստացվեց դատավճիռը, որում գրված էր.
«Ամբաստանյալը հանցավոր է սպանության համար, սակայն ատյանը գտնում է, որ նա պատասխանատվություն չի կրում իր գործած հանցանքի համար, քանի որ այն կատարելու պահին ունեցել է մտային խանգարում»:
Միսաք Թորլաքյանը ազատ է արձակվել, բայց աքսորվել է Հունաստան: Հունաստանից նա անցնում է Ռումինիա, որտեղ մնացել է մինչեւ 1941թ.:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Մ. Թորլաքյանը Դրոյի հետ բազմաթիվ հայերի է փրկել գերությունից: Պատերազմի ավարտից հետո հայտնվում է Շտուտգարտում եւ այնտեղ մնում մինչեւ 1951թ.: Այնուհետեւ մեկնում է ԱՄՆ, որտեղ էլ մահանում է 1968 թվի նոյեմբերի 12-ին: