կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-09 11:03
Առանց Կատեգորիա

Մեղադրում են` առանց հիմնավորման

Մեղադրում են` առանց հիմնավորման

«Համ ասում են` մեծահարուստի կին է, համ ասում են` բուրդ է չփխում: Կամ ինձ դարձրել են դիահերձող... Այդպիսի անգրագետ ու անիմաստ բաներ են ասվում, որ էլ չգիտեմ»,- Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը չի ընդունում, թե իր մեղքով է օգոստոսի 11-ին ծնված երեխան մահացել:

 

Օրեր առաջ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեսագրություն էր տարածել, որտեղ երեխայի հարազատները պատմում էին, թե ինչպես է գինեկոլոգը իրենց երեխայի մահվան պատճառ դարձել: Մեզ հետ զրույցում էլ երեխայի հայրը` Արկադի Գրիգորյանը, պատմեց, որ ծննդաբերության օրը, երբ կինն արդեն հիվանդանոցում է եղել, Աիդա անունով բուժքույրը դուրս է եկել հիվանդասենյակից, ասել, թե երեխայի գլուխն արդեն երեւում է: Արկադիի մայրը հարցրել է, թե բժշկին զանգե՞լ են, Աիդան պատասխանել է` զանգել են, նա էլ ասել է, թե մի քիչ հետաձգեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ. «Չէ, ես չեմ հասկանում, ինքը (Մետաքսյա Հովհաննիսյանը.- Ա.Կ.) մտածում է, թե մենք մեր էրեխուն սպանել ենք, որ իրեն գործից հեռացնեն»:

 

Արկադիի խոսքերով` իր կնոջ ծննդաբերությանը համապատասխան կերպով պատրաստված չեն եղել` թթվածինն ինքն է բերել, մանկաբարձը ծննդաբերությունից մեկ ժամ անց է եկել: Ինչո՞ւ, եթե ինը ամիս կինը հղի է եղել, եւ իրենք իմացել են, որ այդ հիվանդանոցում է ծննդաբերելու:

 

Մետաքսյա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե իր երեսուն տարվա կարիերայի ընթացքում 6000 ծնունդ է ընդունել եւ չէր կարող «բուրդ չփխելը» պատճառ բերելով չգար ծնունդն ընդունելու: Ինքն էլ չորս երեխայի մայր է ու հասկանում է հարազատների վիշտը, սակայն մահվան համար մեղավոր չէ.

 

«Ես կյանքում ճիպոտ չեմ բռնել, մարդիկ ինձ տեսե՞լ են բուրդ չփխելիս, որ անունս դրել են բուրդ չփխող բժշկուհի: Կամ փաստեր ունե՞ն, որ ես եմ մեղավոր էդ երեխայի մահվան համար: ...Երբ կգան դիահերձման տվյալները, նախարարության հանձնաժողովը կհրապարակի իր եզրակացությունը, արդեն պարզ կլինի»:

 

Ինչ վերաբերում է ծննդաբերությանը, Մ. Հովհաննիսյանը պատմեց, թե երեխան ծնվել է  պորտալարի եռակի փաթաթումով, սակայն հղիության ընթացքում տարբեր հետազոտությունները դա ցույց չեն տվել. «Ես մատներով որովայնը շոշափելով կարո՞ղ էի գլխի ընկնել, որ պորտալարը փաթաթված  է: Իմանայի, պարտադիր կեսարյան հատում կանեինք»:

 

Բժիշկը նշում է նաեւ այն, որ նման իրավիճակներում երեխաների 30-40 տոկոսը մահանում է, սակայն ինքը երեխային կարողացել է կենդանի դուրս բերել արգանդից, ինչն էլ հենց իր բազմամյա փորձի շնորհիվ է:

 

Մետաքսյա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չնայած այս ամենին, մարդիկ դեռեւս իրեն վստահում են ու ցանկանում են, որ իրենց ծնունդը հենց ինքն ընդունի, բայց հրաժարվում է, քանի որ այս դեպքերից հետո հոգեպես ծանր վիճակում է. «Եթե անվստահություն լինի, մարդիկ չեն դիմի: Երեկ գիշերը մեր դուռը ջարդում էին, ես նույնիսկ մտածեցի, թե հարազատներն են, բայց դուրս եկա, տեսնեմ` Եղեգնաձորի Գլաձոր գյուղից մարդ են բերել, որ գնամ, ծնունդն ընդունեմ: Հրաժարվել եմ»:

 

Նա արձակուրդի գնալու դիմում է ներկայացրել, սակայն հիվանդանոցի գլխավոր բժիշկը չի մակագրել` պատճառաբանելով, թե դա կարող է վատ դիտվել հասարակության կողմից: 

 

Խոսկացություններ կային, թե մահացած երեխայի հարազատները հարձակվել, ծեծել են նրան, սակայն թե՛ բժշկուհին, թե՛ Արկադին հերքեցին դա: Մետաքսյա Հովհաննիսյանն ասաց, որ թեեւ իրեն չեն բռնացել, սակայն խոսակցություններ կան, որ հայրն ու մյուս հարազատները ցանկանում են ինքնադատաստան տեսնել, դրա համար էլ դիմել է ոստիկանություն` անձի պաշտպանություն պահանջել: Նրա պատմելով, մի քանի օր առաջ եկել են հիվանդանոց, իրեն են փնտրել, սպառնացել, թե երրորդ հարկից դուրս են նետելու:

 

Սակայն Արկադին հերքեց այդ ամենը: Ասաց, թե լրագրողների հետ է եղել, ցանկացել են հանդիպել նրան.

 

«Ես էն օրը  ընդամենը լրագրողի էի բերել, ամբողջ Հայաստանով մեկ շուխուռ արեց, թե եկել էին, իրեն սպանեին: Ես իրա հետ նույնիսկ բառ չեմ փոխանակել, բայց եթե փոխանակեի, կարող է դատվեի: Ես բռնցքամարտիկ եմ, ճիշտ է, բայց եթե ես ուզեի դա անել, ավելի շուտ կանեի: Բայց ինքը պիտի դատվի, պիտի քաչալանա, գնա, նստի»,- Արկադին ասաց նաեւ, թե վերջին երեք ամսում նույն հիվանդանոցում 3-4 երեխայի մահ է գրանցվել, բայց եթե մյուս դեպքերում կարողացել են մարդկանց «բերանը փակել», ապա ինքը չի լռելու:

 

Նշենք, որ օգոստոսի 31-ին ոստիկանության Վայոց ձորի քննչական բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկակական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ