կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-26 14:02
Հասարակություն

Քաղաքական վերնախավը փորձում է ինքնապաշտպանվել այնպիսի լրատվամիջոցներից, որոնք իրենց քննադատում են. Շուշան Դոյդոյան

Քաղաքական վերնախավը փորձում է ինքնապաշտպանվել այնպիսի լրատվամիջոցներից, որոնք իրենց քննադատում են. Շուշան Դոյդոյան

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում արված նոր փոփոխությամբ՝ պետական մարմիններին հնարավորություն է ընձեռվում վերահսկողություն սահմանել լրատվամիջոցների նկատմամբ, եւ ոչ շահեկան լույսի ներքո հրապարակումները կարող են առիթ հանդիսանալ, որ լրագրողին զրկեն հատավարմագրումից, ինչն արդարացի չէ եւ չի բխում ժողովրդավարության շահերից։ Այս մասին ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանի ընդունած օրինագծին, որով հնարավորություն է տրվում պետական մարմնին զրկելու լրագրողին հավատարմագրումից, եթե նա աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին խախտել է այդ կանոնները։

Նշենք, որ, գործող կարգավորմամբ, լրագրողը հավատարմագրումից կարող է զրկվել միայն լրատվամիջոցի դիմումի հիման վրա։

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում հավատարմագրման կարգերը բարեփոխման կարիք ունեն, որովհետեւ ընդունված կարծիք կա, թե հավատարմագրումը կարող է բովանդակային խնդիրներ լուծել, մինչդեռ, ըստ Դոյդոյանի, հավատարմագրումը բացառապես տեխնիկական ընթացակարգ է:

«Հավատարմագրումը երկու նպատակով կարող է սահմանվել այն կառույցների դեպքում, որոնց հանդեպ այնքան մեծ է հետաքրքրությունը, որ լրագրողների թիվն այնքան մեծ է, եւ կառույցը ֆիզիկապես չի կարող այդքան լրատվամիջոցների ներկայացուցիչներ տեղավորել, ուստի սահմանվում է հավատարմագրում, որպեսզի ավելի կազմակերպված իրականացվի լուսաբանման գործընթացը: Այսինքն՝ տեղով պայմանավորված սահմանափակումները կարող են հիմք լինել հավատարմագրման կարգ ընդունելու համար: Եվ երկրորդ հիմքը՝ անվտանգությունն է։ Անվտանգության նկատառումներով, այո՛, կարող են սահմանվել հավատարմագրման կարգեր: Բացառապես այս երկու հիմքով է, որ հավատարմագրումը կարող է լինել ողջամիտ եւ արդարացված»,- շեշտեց Շուշան Դոյդոյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահն ընդգծեց, որ նախագծի մշակման ժամանակ լրագրողական հանրությունը դժգոհություն էր հայտնել եւ  հիմնավորումներ բերել, սակայն դրանք հաշվի չեն առնվել։