կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-08 21:03
Հասարակություն

Ուրիշ տեղ չկա՞ր այդ գումարը ծախսելու` Արզումանյան փողոցում երկու շենք է փլվում. Թեհմինա Վարդանյան

Ուրիշ տեղ չկա՞ր այդ գումարը ծախսելու` Արզումանյան փողոցում երկու շենք է փլվում. Թեհմինա Վարդանյան

«Ի՞նչ է նշանակում 750.000 դոլար տրամադրել ամանորյա միջոցառումներին, մենք Սինգապու՞րն ենք: Անցյալ տարի մոտ 75.000 դոլար տրամադրեցինք միայն տոնածառին, այս տարի այդ թիվը տասնապատկվել է, դա արդեն չափից դուրս է»- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի ամանորյա ծախսերին, ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա գտնում է, որ այդ գումարը ծախսելու ավելի կարևոր ու առաջնային տեղեր կան, նույնիսկ այնպիսիները՝ որոնք մարդկանց կյանքերի հետ են կապված.

«Ուղղակի ապշում եմ կառավարության և քաղաքապետարանի վրա: Ուրիշ տեղ չկա՞ր այդ  գումարը ծախսելու, այն պարագայում, որ Արզումանյան փողոցում երկու շենք, բառի ամենաուղիղ իմաստով, փլվում է, դրանք ամեն օր կարող են բազմաթիվ մարդկանց կյանքեր խլել, բնակիչներն ամիսներ շարունակ դիմել են թե՛ կառավարությանը, թե՛ քաղաքապատերանին, բայց ամեն ինչ  նույնն է մնացել»-ասաց Թ. Վարդանյանը:

 Քաղաքապետարանի որոշմամբ՝ Հանրապետության հրապարակում 44 մլն դրամով վերնանցում է հավաքվելու: Թեհմինա Վարդանյանի պնդմամբ՝ դեռ պարզ չէ՝ երբևէ որևէ բանով այդ վերնանցումը կկարողանա ծառայել մեզ, թե՞ ոչ:

Այդ մասին խոսելիս ավագանու անդամը հստակ օրինակներ բերեց.

«Դա կոնստրուկցիա է և դեռևս պարզ չէ` այդ վերնացումը մեկանգամյա՞ է, թե մյուս տարիներին ևս կարող են հավաքել: Դրա փոխարեն մենք կարող էինք քաղաքում երկու-երեք տեղ վերգետնյա անցնում կառուցել, օրինակ՝ Մյասնիկյան փողոցում, որտեղ վրաերթի դեպքերը շատ հաճախակի են լինում: Անտեղ հիմա ընդամենը լուսացույց է տեղադրված, որը, հետիոտնի անվտանգության առումով, բավարար չէ: Մի խոսքով՝ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կարելի էր լուծել այդ գումարներով»:

Այն հարցին, թե արդյո՞ք ծախսերի քննարկման ժամանակ քաղաքապետը հաշվի չի առել ավագանու անդամների կարծիքը, Թ. Վարդանյանը պատասխանեց.

«Գուցե իրենց ավագանու անդամների կարծիքը լսել են: Որոշումը հանձնաժողովում է քննարկվել  և ես նույնիսկ չգիտեմ՝ այդ պահին մեզանից մարդ եղե՞լ է, թե՞ ոչ, որովհետև մենք այդ հանձնաժողովում ներկայացուցիչ չունենք»:

Թ. Վարդանյանը հայտնեց, որ ԲՀԿ-ի կազմը նույնպես ամբողջովին դեմ է այս որոշմանը:

Հիշեցնենք, որ գալիք ամանորին նախապատրաստվելու և դիմավորելու համար որոշվել է պետական ու համայնքային բյուջեից տրամադրել շուրջ  1.1 միլիոն դոլար: Այդ որոշումն առաջացրել է ավագանու մի շարք անդամների զայրույթն ու մտահոգությունը:

Հասարակության լայն շրջանակներում նույնպես դժգոհության մեծ ալիք է բարձրացրել: Հատկացված գումարից 325.797.000 դրամը դուրս է գրվելու ՀՀ պետբյուջեից, դա նույնպես վրդովեցնում է մարդկանց, որովհետև ՀՀ պետբյուջեն գոյանում է նաև այն սահմանամերձ գյուղերի բնակիչների հարկերի հաշվին, որոնց երեխաները տարին մեկ անգամ նույնիսկ Երևանը չեն տեսնում:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ