կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-19 17:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևի և Հայաստանի կապտուլյացիոն վարչակարգի շահերը համընկնում են․ համաժողով՝ Հայաստանի անվտանգության թեմայով

Կան 2 ուժեր, որոնք շահագրգիռ են ՀՀ բնակչությանը վախի միջոցով կառավարելի դարձնելու և սեփական ցանկալի վարքը պարտադրելու հարցում՝ մեկը Ադրբեջանն ու Թուրքիան են, իսկ երկրորդը՝ ՀՀ-ում գործող կապիտուլյացիոն վարչակարգը՝ ըստ Yerkir.am-ի ասաց քաղաքագետ  Էդգար Էլբակյանը «Պատրիոտ» ակումբի և «Հայկական Նախագիծ» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ սահմաններին տիրող իրավիճակը և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» թեմայով համաժողովին։

Նա նշեց, որ ՀՀ արևելյան սահմաններին, որոնք հիմա անցնում են նույն տեղով, որտեղով խորհրդային ժամանակներում էին անցնում, մենք արդեն տեսնում ենք այս մարտահրավերը, որը դեռ կարող է տասնամյակներ կենսունակ լինել։

«Այնտեղ տիրում է վախի մթնոլորտ և մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես նաև ՀՀ-ում դե յուրե գործող կապիտուլյացիոն վարչակարգը փորձում են վախի միջոցով կառավարելի դարձնել և սեփական ցանկալի վարքը պարտադրել մեր ազգաբնակչությանը։ Սա օգնում է հասկանալ, թե ինչու են նոր սահմանամերձ դարձած շրջաններում մարդիկ ավելի հակված ներքաղաքական ստատուս քվոն պահպանելու և իրենց քվեն տալու կապիտուլյացիոն իշխանություններին։ Որովհետև երկու կողմից վախի տարածումը թողել է հենց այս ազդեցությունը։ Սրան էլ գումարվել է տեղեկատվական բլոկադան, որի մեջ ապրում են այդ մարդիկ»,-ասաց Էդգար Էլբակյանը։

Նա մի միջադեպ պատմեց, որը փաստում է Ալիևի և Հայաստանի կապտուլյացիոն վարչակարգի համագործակցությունը։

«Խոզնավարի դիրքերում, որտեղ ադրբեջանցիները փորձել են առաջանալ, մեր 4 տղաներից 3-ը դիրքավորվել են, 1-ն ընդառաջ է գնացել՝ զենքով առաջ եկող ադրբեջանցուն։ Ռուսերեն ասել է՝ կանգնիր, ադրբեջանցին էլ, ռուսերերն չիմանալով, փորձել է վախեցնել և ասել է՝ Յաշմա, Բայրաքթար։ Մենք այստեղ տեսնում ենք, որ Իլհամ Ալիևի և Հայաստանի կապտուլյացիոն վարչակարգի շահերը համընկնում են»,-ասաց Էդգար Էլբակյանը։

Նա ընդգծեց, որ Տավուշում ու Նախիջևանի սահմանին պահպանվել են նախկին մարտունակ ստորաբաժանումները, իսկ մնացած մասը նոյեմբերից սկսած պիտի պաշտպանվեր ՄՈԲ-ի միջոցով։

«Բավական կլիներ Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում  թեկուզ 1 կմ-ը մեկ անձնակազմ ունենալ։ Բայց դա չարվեց, որովհետև գործող կապիտուլյացիոն իշխանությունները խնդիր ունեին ռեյտինգը պահպանելու և դիրքավորվելու որպես խաղաղարարներ, իսկ եթե ՄՈԲ ռեզերվի զորակոչ անեին, այդ միֆը կփլվեր։ Այսինքն, Հայաստանի շահերը զոհաբերվել են նեղ կուսակցական շահերին, արդյունում Հայաստանը կորցրել է 11 հազար հա լրացուցիչ տարածք, գումարած Արցախի 75 տոկոսը»,-նշեց Էդգար Էլբակյանը։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը արձանագրեց, որ մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում․ մեր կողքի աշխարհը, որի անբաժանելի մասն ենք մենք, գտնվում է յուրահատուկ շրջադարձի կամ նոր փուլ մտնելու ժամանակահատվածում։

Մերձավոր Արևելքում մեր աչքի առաջ փոխվում է այն քարտեզը, որը շուրջ 100 տարի առաջ է հիմնադրվել՝ ասաց նա։ Այն բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում մեր անմիջական հարևանությամբ, ինչ-որ ժամանակահատվածում մեզ էլ են առնչվում։

Վարուժան Գեղամյանի համոզմամբ՝ հիմա՛ է պետք այդ մասին խոսել, հակառակ դեպքում կհայտնվենք նույն վիճակում, ինչում որ հայտնվեցինք պատերազմի երկրորդ օրը՝ սիրիացի վարձկաններին անակնկալ հայտնաբերելով, այնինչ աշխարհը վաղուց խոսում է նրանց մասին։

Թուրքագետը նշեց, որ եթե ժամանակին այսպիսի միտումներին ուշադրություն դարձնեինք, իրավիճակը այլ կլիներ։

Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն փորձում են այդ տրենդը որսալ, ասաց նա, այլև կառուցել սեփական անվտանգային համակարգը, և ուժերի նոր բալանսի գործընթացում հնարավորինս հարմար դիրքավորվում են՝ խաղալով համատեղ ուժերով։

«Մեր թշնամիների անվտանգության նոր համակարգը ենթադրում է Հարավային Կովկասում ռազմավարկան մոբիլ գործակցության ստեղծում, այսինքն ոչ թե հին, կարծրացած ձևերով՝  պայմանագրի կնքում և այլն, այլ մի համակարգ, որտեղ լինելու է մշտական տենդենցների փոփոխություն, որով հնարավոր է լինելու արձագանքել այն մարտահրավերներին, որոնք ստեղծվում են։ Այդպիսի մի համակարգ ստեղծելու համար առանցքային նպատակակետը համարվում է Սյունիքով թուրքական  միջանցքի բացումը, որը հնարավորություն է տալու իրականացնել այդ մոբիլությունը։ Սյունիքով միջանցքը այդ համակարգի սնուցող երակն է լինելու, որով ոչ միայն բեռներ, այլև մարդիկ, գաղափարներ միտումներ են տեղափոծվելու»,-ասաց Վարուժան Գեղամյանը։

Նա վստահեցրեց, որ այդ միջանցքը այսօր Թուրքիայի համար առաջնային աշխարհաքաղաքական խնդիրներից է, այս պահին շատ ավելի կարևոր, քան Արցախի մնացած հատվածի խնդրի լուծումը։

Վարուժան Գեղամյանը մանրամասնեց նաև, թե ինչ կետերով են Թուրքիան ու Ադրբեջանը կնքել Շուշիի պայմանագիրը։ Այնտեղ, մեզ համար մտահոգիչ այլ կետերի թվում, նշվում են նաև Նախիջևան-Կարս երկաթգծի գործարկման և Հայոց Ցեղասպանության հետապնդման դեմ համատեղ պայքարի հարցերը, ըստ թուրքագետի սրանք  բավական են հասկանալու, որ ոչ մի խաղաղության ու ոչ մի տևական հանգստի մասին խոսք չկա։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․