կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-03 13:08
Քաղաքական

Առաջին անգամ չէ, որ համընկնում են Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը. ՀՀԿ-ական պատգամավոր

Առաջին անգամ չէ, որ համընկնում են Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ քառօրյայի նիստում շարունակվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը:

 

Հարակից զեկուցող` ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանին հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նախ հիշեցրեց, որ երկու օր առաջ Պուտինը պետական այցով մեկնել է Թուրքիա` հայտարարելով, որ Ռուսաստանը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է և շատ է գնահատում Թուրքիայի գործընկերությունը:

 

«Դուք չպատասխանեցիք այն հարցին, թե, վերջ ի վերջո, մաքսակետ դրվելո՞ւ է Հայաստանի ու Արցախի միջև: Դուք ասացիք, որ նման հարցեր չեն քննարկվել: Ուրեմն տվեք պարզաբանումներ Ռուսաստան-Թուրքիա-Ղազախստան ռազմավարական, գործընկերային հարաբերությունների մասին, թե ի՞նչ գործ ունի այս հարաբերություններում Հայաստանը: Տվեք պարզաբանումներ Ղազախստանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ, մասնավորապես, թե ի՞նչ սահմաններով պետք է Հայաստանը անդամակցի ԵՏՄ-ին: Չե՞ք կարծում, որ Սերժ Սարգսյանին պետք է համոզեք, որ հետ կանգնի այս պրոցեսից»,- հարցրեց Զարուհի Փոստանջյանը:

 

Արտակ Զաքարյանը նշեց, որ Փոստանջյանը գտնվում է «բարեխիղճ մոլորության մեջ», որովհետև ժամանակակից աշխարհում ռազմավարական գործընկերությունը պետությունները կառուցում են` բացառապես իրենց շահերից ելնելով: Նա նշեց, որ պատմության մեջ առաջին անգամ չէ, որ համընկնում են Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը:

 

Զաքարյանի խոսքով` Հայաստանն առավել ևս վստահ պետք է լինի, որ ԵՏՄ-ին միանալը բխում է իր շահերից, որովհետև Հայաստանն իրավունք չունի մեկուսանալու, տեղում դոփելու: «Հայաստանը, իրոք, գտնվում է աշխարհագրական բարդ տեղում, ունենք զգալի խնդիրներ, որոնք պահանջում են ավելի զգոն ու շրջահայաց լինել: Ձեր կարծիքով` ինչո՞ւ է աշխարհը մեզ ավելի լավ հասկանում, քան ինքներս ենք մեզ հասկանում երբեմն»,- ասաց նա:

 

Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, որ Հայաստանի պատմությունից գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, երբ համընկել են Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը, երբ Հայաստանը զգալի տուժեց ու կորցրեց իր տարածքները: «Հիմա մտնում ենք ԵՏՄ` հայտարարելով, որ Արցախը Հայաստան չէ: Հիմա՞ ինչն եք նվիրաբերելու: Արցախի Հանրապետությո՞ւնն եք նվիրաբերելու Թուրքիայի ու Ռուսաստանի համընկնող շահերին»,- հարցրեց նա:

 

Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ Զարուհի Փոստանջյանը մեջբերում է Հայաստանի տխուր, էմոցիոնալ էջերը, երբ, այո, Հայաստանը չի ցուցաբերել բավական սառը մտածողություն, խորամանկ մտածելակերպ: «Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը նաև մեր նախաձեռնությունն է եղել` ելնելով Հայաստանի շահերից: Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, անկախ մեր կամքից, լինելու են: Մեր հարաբերությունները պետք է հենվեն բացառապես մեր ազգային շահերի վրա: Մենք Արցախը որևէ մեկին ու որևէ քաղաքական գործընթացի չենք նվիրել, ոչ էլ պատրաստվում ենք նվիրել: Այն գործընթացները, որոնք հաճախ դուք եք սկսում, այ, դրանք են տանում վտանգավոր ճանապարհներով»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանի խնդիրները գաղտնիք չեն եղել, և դրանք բացահայտ եղել են նաև ԵՄ ասոցացման հետ բանակցությունների ժամանակ: