Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջնագծին մոտեցող նախընտրական քարոզարշավին քիչ թե շատ հետևած շատերը կարծում եմ կընդունեն, որ Փաշինյանի առաջնորդած իշխանական ուժն այս ընտրություններին ներկայացավ բացարձակապես անպատրաստ: Լինելով ընտրությունների և դրանց ժամկետների մասին որոշում կայացնող ուժը յուրաքանչյուր իշխանություն մշտապես հնարավորություն ունի ավելի վաղ սկսելու նախապատրաստական աշխատանքները (մանավանդ արտահերթ ընտրությունների դեպքում): Այս դեպքում անպատրաստ լինելու առաջին և կարևոր փաստը նախընտրական ծրագրի բացակայությունն էր: Այդ առումով իշխանությունները մշտապես ունենում են ևս մեկ առավելություն. նրանք պարզապես կարող են հանձնարարել տարբեր գերատեսչությունների երկու-երեք շաբաթների ընթացում, իրենց ոլորտների վերաբերյալ, կազմել ու տրամադրել զարգացման ծրագրեր: Մյուս կողմից, իր վերընտրության անհրաժեշտությունը հիմնավորելու համար, ցանկացած գործող կառավարություն նեկայացնում է նախորդ շրջանում կատարածի հաշվետվությունը, ինչը նույնպես այս պարագայում տեղի չունեցավ: Փաշինյանը, չաշխատելուց հոգնած իր թիմի հետ, դուրս է եկել մրցահարթակ չունենալով ասելիք և անելիք: Աղքատիկ, գորշ, ու միօրինակ քարոզչական նյութերն ու ելույթները նույնպես վկայում են, որ մրցասպարեզ դուրս եկած ուժը, ի սկզբանե, հոգեբանորեն ընդունել է իր պարտությունը:
Ի դեպ թիմ կոչվածին էլ այս դեպքում ավելի շուտ վերապահվել է կենդանի դեկորացիայի դերը, որի խորապատկերի վրա Նիկոլը ցուցադրում է իր էքսցենտրիկ մոնոներկայացումները: Սա իր հերթին նշանակում է, որ քաղաքական թիմի առաջնորդը չի հավատում ու վստահում իր թիմի կարողությանը և, ամեն ինչ վերցնելով սեփական ուսերին, ցանկացել է միայնակ փրկել իրավիճակը: Համեմատության համար կարող ենք օրինակ բերել մրցակից Դաշինքին, որի առաջնորդ Քոչարյանի կողքին ելույթներ են ունենում նախընտրական ցուցակի գրեթե բոլոր անդամները՝ ընդգծելով այս թիմի համախոհությունը, հավաքական ուժն ու հնարավորությունները:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած մրցապայքարի խոցելիության մասին է վկայում նաև այդ պայքարի քարոզչական մեխը՝ ընտրված կարգախոսը: Երեք տարի ղեկավարած ուժը վերընտրվելու պարագայում Հայաստանը ոտքի հանելու, հզորացնելու, ժողովրդի վիճակը բարելավելու, անվտանգության հետ կապված և այլ խնդիրներ լուծելու խոստումների փոխարեն ընդամենը փորձում է հույս տալ ժողովրդին, թե ամեն ինչ կորած ու կործանված չէ, այլ.«Ապագա կա»: Եւ կարծես ինքն էլ իր ասածին չհավատալով մեկ անգամ էլ է նույն միտքը կրկնում «Ապագա կա՛ ապագա»: Կարելի է վիճել, թե ընդամենը ընտրված կարգախոսի հետ գործ ունենք, սակայն դրա խորքում ակնառու է կարգախոսի հեղինակների անվստահ, եթե չասենք հուսահատական հոգեվիճակը:
Սակայն եթե այս ամենն այլ կերպ էլ լիներ, գործող իշխանության հոգեբանական պարտվածության մասին յուրաքանչյուր օր վկայեցին մեկ դերասանի թատրոն հիշեցնող փաշինյանական տրագիկոմեդիաները: Փաշինյանն անշուշտ լավ գիտե, որ հաղթանակի գլխավոր պայմաններից մեկ ինքնավստահ, այսինքն հանգիստ, հավասարակշռված, պահվածքն է: Գործող վարչապետի ինքնահռչակ պաշտոնակատարը մրցապայքարի սկզբից ի վեր փորձեց համոզել մրցակիցներին, որ մասնակցեն իր հետ հեռուստաբանավեճի: Սովորաբար իշխանության հետ բանավեճի է ձգտում ընդդիմությունը և եթե օրենքով պատադիր չէ իշխանությունն է, որ փորձում է խուսափել դրանից, որպես գալիք իշխանության հավակնորդ իրեն մեկ գլուխ բարձր և մրցակցությունից դուրս ցույց տալու համար: Այս դեպքում տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը ճգնեց ապացուցել, թե ինքը հավասար քաշային կարգում է իր մրցակիցների նկատմամբ, իսկ վերջիններս փորձեցին ապացուցել, թե նա իրենց համար մրցակից չէ, մանավանդ որ հանդես է գալիս որպես անօրինականորեն իշխանությունը զավթած պաշտոնյա: Ի սկզբանե հասկանալով, որ, հիմնական մրցակցի հետ մրցակցության մեջ ինքը հանդես է գալիս առնվազն երկրորդ համարի ներքո, Փաշինյանը դրսևորեց ջղաձիգ, ինքնատիրապետումից զուրկ վարք: Փաշինյան վարչապետի պաշտոնակատարը անշուշտ լավ գիտե, որ ապագա իշխանությունը դառնում է լրջորեն խոցելի նախընտրական խոսքը կառուցելով հայհոյանքի ու սպառնալիքի վրա և օդում մուրճ ճոճելով: Այսինքն այսպես կարող է վարվել նա, ով համոզված է, թե իրեն վիճակված չէ կրկին դառնալու իշխանություն: Ավելի շուտ այս ճանապարով ընտրապայքարը անձնավորելով նա պատրաստվում է հետընտրական ներքաղաքական գործընթացների: Ասվածի պարզ ապացույցն այն է, որ Փաշինյանն արդեն իսկ հայտարարել է ընտրություններից հետո մի քանի օր հանրահավաքներ անցկացնելու մտադրության մասին: Որպես կանոն հաղթողը ձգտում է, որ ընտրություններից անմիջապես հետո մթնոլորտը հարթվի ու խաղաղվի, ինչը պետք է նպաստի կայուն, անցնցում իշխանավարումը սկսելուն և հակառակն է մտածում նա, ով համոզված է թե պարտվելու է: Ի դեպ, սեփական քաղաքական փորձառությունից ելնելով, Նիկոլ Փաշինյանը հավանաբար զուգահեռներ է տանում 2008 թվականի փետրվար-մարտի իրադարձությունների հետ և կարծում է, թե ներքաղաքական սադրանքներ հրահրելով կկարողանա պատասխանատվության հիմնական թիրախից շեղել հանրությանը և խուսափել անցած երեք տարիներին գործած հանցանքների մեղավորության բեռից, ապագայում հարուցվող մեղադրանքները վերագրել իբրև թե իշխանությունների կողմից իր դեմ սանձազերծվող քաղաքական հետապնդումներին:
Մոտ երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանը, վստահ իր հաղթանակի հարցում, ամեն ինչ արեց որպեսզի ընտրությունները թողնեն լիարժեք օրինական ու ժողովրդավարական գործընթացի տպավորություն, ինչպիսին և որակվեց այն՝ ներքին ու արտաքին լսարաններում: Այդ կապիտալից Նիկոլը այնուհետև օգտվեց լիուլի, ներկայացնելով իրեն և իր «հեղափոխությունը», որպես օրինակ աշխարհի համար:
Այսօրվա իր վարքով, նախընտրական գործընթացներում պետական համակարգը կազմող իր թիմի ու ուժային կառույցների բացահայտ անօրինականություններով, նա կարծես փաստում է, որ թքած ունի, թե ինչ կմտածեն և կխոսեն իր այս նոր ընտրարշավի մասին, սրանով ևս մեկ անգամ փաստելով, որ իր նպատակը ոչ թե հաղթելն է, այլ այն խնդրի լուծումը, որին ցանկանում է հասնել պարտադրված լինելով կազմակերպել այս ընտրությունները: Ընտրական այս գործընթացներում Նիկոլ Փաշինյանը վարկաբեկում և հեղինակազրկում է իշխանության, պետական համակարգի ու ողջ պետության վարկն ու հեղինակությունը՝ փրկելու համար սեփական անձը: Բարոյական լեգիտիմության և աջակցության տպավորություն ստեղծելու համար նա փորձեց իր նպատակին ծառայեցնել նաև Ֆրանսիայի նախագահի հետ հաջողեցրած հանդիպման փաստը, նա փորձեց «խաղալ» և ռուսների և ադրբեջանցիների ու թուրքերի և ամերիկացիների հետ, սակայն ոչ մի շփումն ու կատարած քայլը քաղաքական-նախընտրական միավորներ չգրանցեցին: Նիկոլ Փաշինյանը կրակեց իր բոլոր փամփուշտները ու, կարծում եմ, համոզվեց, որ «թավշյա հեղափոխության գնացքը» անդառնալիորեն հեռացել է և իր պարտությունն անխուսափելի է:
Արտաշես Շահբազյան