կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 08:08
Առանց Կատեգորիա

Որոշումը հանրությանն է՝ թույլ տա՞լ քաղաքացիական բախումների հրահրում, թե՞ ոչ. «Փաստ»

Որոշումը հանրությանն է՝ թույլ տա՞լ քաղաքացիական բախումների հրահրում, թե՞ ոչ. «Փաստ»

«Երեք տարի է, ինչ մեր քաղաքական կյանք է ներմուծվել ատելության մշակույթը։ Չէ, մենք այնքան միամիտ չենք, որ մտածենք, թե նախկինում բոլորս միմյանց սիրող, միմյանցով միշտ հիացող, միմյանց գնահատող, իրար հաջողություններով ուրախացող ենք եղել: Սակայն այն թույնի, ատելության ու թշնամանքի մթնոլորտը, որ տարածում են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, պարզապես աննախադեպ է և ուղղված է մեր հանրության անդառնալի դեգրադացմանը, որի հետևանքները վերացնելը նույնիսկ Նիկոլին իշխանության ղեկից վռնդելուց հետ էլ շատ դժվար է լինելու: Նա այդ ամենը տարածել է նաև նախկինում, երբ թերթի խմբագիր, ապա և ընդդիմադիր պատգամավոր էր: Նա այդ ամենը տարածելու է նաև հետագայում՝ որտեղ էլ լինի:

Դա նրա տեսակն է, կերպարը, բնույթը: Հիմա էլ քաղաքական դաշտի հիմնական խոսույթը, այն էլ նախընտրական փուլում, նա ձևավորում է բացառապես մեղադրանքների, թշնամանքի ու ատելության գեներացման, ստի, կեղծիքի, անհավասարակշիռ բղավոցների ու հիստերիաների հողի վրա։ Պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես որևէ ասելիք չունի, ի՞նչ ծրագրերի մասին կարող է նա խոսել, երբ բոլոր ոլորտներում ձախողումներ է արձանագրել ու անգամ չի կարողացել գոնե մեր ունեցածը պահել։ Ուստի Փաշինյանի համար այս ընտրություններում դիվիդենտներ շահելու միակ տարբերակը մնացել է նախկիններին ուղղված մեղադրանքների ֆոնին «հերոսանալը»։

Սակայն, սրա հետ մեկտեղ, վերջինս հատուկ ավելի է շիկացնում իրավիճակը՝ բացահայտ հանդես գալով քաղաքացիական բախումներ հրահրողի դերում։ Ուշադրություն դարձրեք Փաշինյանի քաղաքական խոսույթի տոնայնությանը. գոռգոռոցներ այն մասին, թե քաղաքական վենդետաներ լինելու են, պատրաստվեք քաղաքացիական վրեժի, տրորելու ենք, ջարդելու ենք, փշրելու ենք և այլն։ Մի կողմից՝ սրանով նա կոնկրետ քայլերով փորձում է հասարակության մեջ առկա պառակտումն ավելի խորացնել, մյուս կողմից՝ հանրության մեջ արմատավորում է ջարդել-փշրելու թույլատրելիությունը։ Կասկած չկա, որ Նիկոլը մեծ հմտություններ ունի քաղաքացիական բախումներ հրահրելու գործում։ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունները՝ վկա, որի գլխավոր դերակատարներից մեկը, առաջին նախագահի հետ միասին, հենց ինքն է։

Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նա «առյուծ է կտրում» ու «տղամարդ» է երևակայում միայն ներքին դաշտում, ընդ որում՝ օրվա մեջ կասկածելիորեն նրա ձայնի տոնայնությունը փոխվում է, և որքան օրն ավարտին է մոտենում, այնքան ավելի բարձր է բղավում ու գոռգոռում: Ընդունենք, որ սա ուսումնասիրության լուրջ թեմա է: Սակայն նա ձկան նման համր է արտաքին դաշտում նույնիսկ իր անձը պաշտպանելու հարցում, էլ չենք խոսում մեր երկրի ու ժողովրդի շահերի մասին, որոնք հազիվ թե Նիկոլին հետաքրքրում են: Օրինակ՝ ողջ աշխարհի առաջ Ալիևը ստորացնում է իրեն՝ ոչնչություն ու «հարբեցող ծաղրածու» անվանելով, նորանոր զիջումներ պարտադրելով Հայաստանին, օրեցօր նոր գերիներ տանելով, քայլ առ քայլ մեր տարածք ներխուժելով, իսկ Փաշինյանը թուրքերի ու ադրբեջանցիների առաջ հնազանդ հարսի դերակատարություն է ստանձնել՝ երկյուղելով որևէ թթու խոսք արտաբերել Ալիևի հասցեին։

Այդ նույն Փաշինյանը չէ՞ր, որ պատերազմից առաջ հայտարարում էր, որ եթե սկսի կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, ապա Ադրբեջանի ներքաղաքական վիճակը կապակայունանա։ Այդ դեպքում ինչո՞ւ այդ կոնֆիդենցիալ տեղեկատվությունը այդպես էլ չի հրապարակում։ Լավ, կարող է ասել՝ այն ժամանակ չհասցրեց, իսկ ինչո՞ւ չհրապարակեց այդ ամենը պատերազմի ժամանակ, առավել ևս՝ պատերազմից հետո: Փոխարենը Նիկոլը շարունակում է «բեսեդկայի» մակարդակի բամբասանքներ տարածել իր մրցակիցների հասցեին՝ «եթե»-ներով, «գուցե»-ներով, փողոցային բառապաշարով: Ուրեմն, ինչո՞ւ է այսպես ափերից դուրս գալիս հենց ներքաղաքական հարթության մեջ: Պատասխանը պարզ է՝ նրան այս աշխարհում միայն մեկ բան է հետաքրքրում՝ իր պաշտոնը: Ու հիմա ինքը հիանալի հասկացել է, որ արդեն պարտվել է։

Բոլորն են արձանագրում, որ ազնիվ, արդար ընտրությունների դեպքում նա չի կարող ստանալ 20 տոկոսից ավելի: Ահա, այստեղ էլ սկսվում է ամբողջ «հմայքը»: Եթե պատերազմում կրած պարտությամբ Նիկոլը հպարտ էր, ապա ընտրություններում սեփական պարտությունն արժանապատվությամբ չի ընդունի։ Եթե արժանապատվություն ունենար, պատերազմից անմիջապես հետո հեռացած կլիներ։ Հանուն իշխանության Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է, ամեն ինչի ունակ է, ու դա քանիցս ապացուցել է: Նա կարող է չընդունել իր պարտությունը:

Եվ որպեսզի հիմքեր ստեղծի ընտրություններում իր պարտությունը չընդունելու համար, փորձում է իրեն այս պահից սկսած ապահովագրել և հետընտրական գործընթացների մասով ներքաղաքական առճակատման պայմաններ ստեղծել։ Ստացվում է, որ մի աղետի հետ կապված հարցերը չլուծած՝ Փաշինյանի անձնական ամբիցիաների հաշվին նոր՝ այս անգամ ներքաղաքական աղետի մեջ կարող ենք հայտնվել։

Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է, որ մեր քաղաքացիները իրենց ընտրությունը կատարելիս հաշվի առնեն այս ամենը, կոնկրետ իրողությունները, առկա սպառնալիքները: Մենք իսկապես հուսով ենք, որ մեր գիտակից հանրությունը կմնա իր բարձրության վրա և չի տրվի սադրանքներին՝ Փաշինյանին զրկելով ընտրություններում անգամ 20 տոկոս ձայն հավաքելու, առավել ևս քաղաքացիական բախումներ հրահրելու հնարավորությունից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։