կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 21:35
Հասարակություն

Շրջանառվում է թեզ, թե իբր ռուսները չեն թողնում, որ մենք զարգանանք. դիտարկում

Շրջանառվում է թեզ, թե իբր ռուսները չեն թողնում, որ մենք զարգանանք. դիտարկում
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.
 
«Մի թեզ է շրջանառվում երկրում, թե իբր ռուսները չեն թողնում, որ մենք զարգանանք: Իբր ռուսները չեն թողնում, որ Իրանից մեր տարածքով նավթ գնա Եվրոպա, թե իբր նրանք չեն թողնում, որ դառնանք տարանցիկ ճանապարհ Հնդկաստան-Եվրոպա առևտրի համար: Թե իբր նրանք չեն թողնում, որ դառնանք Երևմուտք-Արևելք կապող տրանսպորտային հաբ: Ու այսպես լիքը իբրներ:
 
Կարդալ և լսել իմացողները գիտեն, որ Իրանը չէր կարողանում նավթ վաճառել նույնիսկ Հնդկաստանին՝ իր հին գնորդին, քանի որ ԱՄՆ-ի սանկցիաների տակ էր (դեռ է): Կարդալ իմացողները գիտեն, որ Իրանից մեր տարածքով դեպի Եվրոպա առևտուրը չի կայանում հենց արևմուտքի հետ Իրանի շահերի հակասության արդյունքում: Կարդալ իմացողները գիտեն, որ երկաթգծի հյուսիս-հարավ ծրագիր կար, որում ժամանակին ռուսները հետաքրքրված էին, սակայն տարածաշրջանային խնդիրների պատճառով ծրագիրը սառեցվեց, ի դեպ այդ ընկերությունն էլ Հայաստանին դատի է տվել (միջազգային արբիտրաժ է դիմել):
 
Կարդալ իմացողները գիտեն, որ Իսրայելը ադրբեջանական նավթի խոշոր գնորդ է և նաև Իրանին թշնամի է համարում, սրա արդյունքում է նաև, որ մեզ գործիք են օգտագործում Իրանին վնասելու համար: Գրաճանաչները գիտեն, որ իրանական նավթը ամբողջովին պատկանում է պետությանը, ինչը դուր չի գալիս արևմտյան աշխարհին և հակամարտության հիմքը սա է:
 
Կարդալ իմացողները գիտեն, որ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով Արևմուտքի համար ռեսուրս պետություն է դարձել և սա է պատճառը, որ Արցախի շուրջ հակամարտության մեջ Եվրոպայի համար նախընտրությունը Ադրբեջանն է:
 
Կարդալ իմացողները գիտեն, որ մեր երկիրը և այս տարածաշրջանը դարեր շարունակ պատերազմական դաշտ է եղել հենց այն պատճառով, որ մենք չենք գործել և վզներս ծուռ դրսի օգնությանն ենք սպասել:
 
Եվ ընդհանրապես կարդալ և մտածել իմացողները գիտեն, որ աշխարհը մրցում է ռեսուրսների համար, իսկ մենք այդ մրցակցության արանքում ենք՝ մեր կամքից անկախ:
 
Եթե հույսներս մեր վրա ենք դնում, լիքը աճելու և զարգանալու տեղ կա, եթե շարունակում ենք մեղադրել այլոց և երկրի մի մասը բռնում է արևմուտքի պոչը, իսկ մյուսը ՝ ռուսականը, ապա իրար միս ենք ուտում և հետզհետե վերանում: Հիմա սրա ճանապարհին ենք:
 
Միամտություն է կարծել, թե խոհեմություն կիջնի նման մտածողության տեր մարդկանց գլխում և նրանք կդադարեն պառակտում մտցնել մեր մեջ: Միակ հույսը հայկական շահերով առաջնորդվող խելացի տեսակի դիկտատուրայի հաստատումն է երկրում: Կներեք, բայց այլ տարբերակ չկա:
 
Շնորհավոր անկախության՝ առաջին հանրապետության տոնը: Թող որ շուտ գա այն օրը, երբ իրապես անկախ կլինենք մեր մտքերով, գաղափարներով և ծրագրերով, այլ ոչ դատարկ ճառերով»: