Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենց կողմից բռնազավթված Շուշիում Թուրքիայի նախագահի այցի ընթացքում նոր դպրոցի հիմքը կդրվի, որի շինարարությունը ֆինանսավորում է Թուրքիան։
«Այս ամիս Շուշիում հայերի կողմից ավերված դպրոցի հիմքը դրվեց: Ծրագրում ներառված է նաև մեկ այլ դպրոցի հիմնարկեքի արարողություն, որը կկատարվի մեր սիրելի եղբայր՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում: Այս դպրոցը Թուրքիայից նվեր կլինի Ադրբեջանին», - հինգշաբթի ասել է Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Թուրքիայի կրթության նախարար Զիա Սելչուկին:
Նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ, ինչպես մյուս ոլորտներում, կրթության ոլորտում ադրբեջանա-թուրքական համագործակցությունը ինտենսիվորեն կզարգանա:
«Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Չկա մի ոլորտ, որտեղ մենք չենք համագործակցում: Բոլոր ոլորտներում մենք համագործակցում ենք փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի հիման վրա՝ որպես երկու եղբայրական երկրներ: Կրթության ոլորտը մեր համագործակցության շատ կարևոր բաղադրիչն է, քանի որ անհրաժեշտ է շատ կարևոր քայլեր ձեռնարկել ինչպես մեր ապագա սերունդների, այնպես էլ նրանց մերձեցման համար»,- շեշտել է Ալիևը։
Հիշեցնենք, որ, ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի, ադրբեջանական դիվանագիտական աղբյուրները հայտնել էին, որ Էրդողանը Շուշի կայցելի հունիսի 16-ին։