կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-03 09:15
Քաղաքական

Փորձում ենք ժողովրդի մեջ արմատավորել վճռականություն և հարատև պայքարի համոզմունք

Փորձում ենք ժողովրդի մեջ արմատավորել վճռականություն և հարատև պայքարի համոզմունք

Եռօրյա այցով Արցախում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Այցի ընթացքում հանդիպումներ են կայացել ՀՅԴ Արցախի ԿԿ, ԱՀ ԱԳ նախարարի, ՀՅԴ անդամների, երիտասարդների հետ: «Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ իր նախորդ այցի հետ համեմատ բնակչության տրամադրության  փոփոխություն է նկատում:

«Ես Արցախում եղել եմ նաև դեկտեմբերին: Այն ժամանակ բոլորն ավելի ընկճված վիճակում էին: Այս անգամ տարբերությունը զգալի է հատկապես Ստեփանակերտում. եռուզեռ կա, մարդկանց վերադարձը նկատելի է: Տա Աստված, որ այդ վերադարձը մշտական բնակության նպատակով լինի և արտագաղթը կասեցվի: Անցյալ անգամ հուսահատություն էի տեսել, հիմա վճռականություն եմ նկատում: Մենք էլ փորձում ենք միջոցներ գտնել, որպեսզի ժողովրդին դուրս բերենք այդ վիճակից և կրկին նրանց մեջ արմատավորենք վճռականությունը և հարատև պայքարի համոզմունքը»,- ասել է Հ. Տեր-Խաչատուրյանը:

Ըստ նրա՝ Դաշնակցության կառույցները, ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները նախորդ ամիսների ընթացքում  աշխատանքներ են ծավալել, որպեսզի համաշխարհային հանրությունը տեսնի, թե ինչպիսին է Թուրքիայի, Ադրբեջանի հարձակողական դիմագիծը և ամուր կանգնի Արցախի կողքին:

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է արտաքին ուժերի հետ աշխատանքների համադրման հարցը:

Արցախ կատարած այցն ուներ նաև ներքին կազմակերպական ուղղվածություն. կայացել է հանդիպում Արցախի կուսակցական շրջանակների հետ:

Ապրիլի 30-ին՝ Արցախ կատարած այցի վերջին օրը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը մասնակցել է նաև Ստեփանակերտում ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողությանը:

«Պատանիներից յուրաքանչյուրի հայացքի մեջ տեսնում եմ վճռականություն, ապագայի նկատմամբ հավատ և իրենց պատրաստակամությունն ամեն գնով աշխատելու, որ Արցախը մնա կանգուն և իրականանա Արցախի ամբողջականության վերականգնումը»,- նշել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Հավելենք, որ Ստեփանակերտում ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ: