կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-16 16:21
Տարածաշրջան

Թուրքիան Հայաստանին մեղադրել է Ղարաբաղի կռիվների ընթացքում մարդու իրավունքների խախտումների մեջ

Թուրքիան Հայաստանին մեղադրել է Ղարաբաղի կռիվների ընթացքում մարդու իրավունքների խախտումների մեջ

Տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների խախտումների հետաքննության հանձնաժողովի նիստը։ Հանդիպմանը, որը վարել է Բուրսայից պատգամավոր Հաքան Չավուշօղլուն, քննարկվել է հանձնաժողովի զեկույցը, որը, ըստ թուրքերի, «արտացոլում է 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից մարդու իրավունքների խախտումները»:

Նշվել է, որ «հանդիպումներ են անցկացվել հայկական բանակի կողմից ադրբեջանական Գյանջա, Թարթառ և Բարդա քաղաքների գնդակոծության արդյունքում զոհված խաղաղ բնակիչների հարազատների հետ» և տեղեկություններ հավաքվել լիազորված անձանցից. «Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական բանակը համակարգված խախտում էր միջազգային իրավունքի նորմերը, կիրառում էր արգելված զենքեր, ներառյալ՝ ֆոսֆորային արկեր, դիտավորյալ կրակում էր բնակավայրերի, գերեզմանատների, դպրոցների, առողջապահական հիմնարկների, մշակութային հուշարձանների ուղղությամբ»:

Ընդգծվել է, որ Հայաստանը ռազմական հանցագործություն է կատարել:

Թուրքերը նաև նշել են, որ 44-օրյա պատերազմը անհանգստություն է առաջացրել Թուրքիայում բնակվող հայ քաղաքացիների շրջանում, հայկական համայնքի վրա ճնշում չի գրանցվել: Կանխվել են որոշ լրատվամիջոցների կողմից իրականացվող սադրանքները, և դրական են գնահատվել կառավարության կողմից հայ քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները:

Նշենք, որ Հայաստանին ուղղված բոլոր մեղադրանքներն իրականում իրականացրել են հենց թուրք–ադրբեջանական զորքերը՝ սկսած մշակութային, առողջապահական օբյեկտները հրթիռակոծելուց մինչև ֆոսֆորային զենքի կիրառում։ Իսկ պատերազմի օրերին թուրքական ընդդիմադիր ԶԼՄ–ները հայտնել են հայկական համայնքի դեմ իրականացված սադրանքների մասին։