Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտանիքների անապահովության գնահատման գործընթացի հետ կապված 2020 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները լիարժեք չեն բավարարվում, ստեղծված չեն պայմաններ՝ հասարակությունում նրանց լիարժեք ինտեգրման համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020 թվականին, սոցիալական աջակցության մարմիններում շարունակվել է անապահով խավի ներկայացուցիչներին բանավոր մերժումների արատավոր պրակտիկան՝ ի սկզբանե անապահովության միավորի չբավարարելու համոզմունքի դրսևորմամբ: Արդյունքում, մարդիկ դուրս են մնում անապահովության համակարգից, զրկվում նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու իրավունքից:
Բացի դրանից, չեն գործում անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող սոցիալական աջակցության տեսուչների գործողությունները գնահատելու պատշաճ վերահսկման մեխանիզմներ։ Այդ պատճառով, չարաշահումներ հայտնաբերելիս պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է նպաստառուի վրա։
Թեև սոցիալական աջակցության տարածքային բաժիններին տրամադրվել են պլանշետներ՝ տնայցերի և դեպքերի վարման գործառույթն ավելի արագ, դյուրին ու թափանցիկ դարձնելու համար, սակայն դա ինքնին չի կարող դառնալ չարաշահումների կանխարգելման և հավանականության կանոնակարգման լծակ: Միայն մեխանիկական մոտեցումներով բավարարվելն անթույլատրելի է:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տարիներ շարունակ արձանագրվող խնդիրներից է սոցիալական կամ ընտանեկան նպաստի իրավունքից զրկվելը՝ սոցիալական ապահովության տրամադրվող միջոցների անհամաչափ փոփոխության պատճառով: Այս հարցը նույնպես արտացոլված է Պաշտպանի 2020 թվականի հաղորդման մեջ:
Օրինակ՝ դիմում-բողոքներից մեկով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը նպաստի իրավունքից զրկվել է հաշմանդամության նպաստը 1000 դրամով բարձրանալու պատճառով: Այս պատճառով, նշված ընտանիքները կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության հաստատված տասներեքերորդ միջոցառման շահառու ևս չեն ճանաչվել:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ առաջարկել է՝
1. ներդնել արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ սոցիալական աջակցության մարմինների նկատմամբ՝ պատշաճ վարչարարություն իրականացնելու, վատ վերաբերմունքի բացառման, խորհրդատվական օգնության համընդգրկուն տրամադրման նպատակով,
2. բարձրացնել համակարգի հասցեականությունը և թափանցիկությունը՝ ներդնելով օրենսդրական և գործնական լիարժեք մեխանիզմներ և այլն: