Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ՀԵՄ-ի նախաձեռնությամբ` Գյումրիում տեղի ունեցավ «Դրախտի դարպասը» ֆիլմի դիտում և քննարկում ֆիլմի ռեժիսորի հետ։ Ֆիլմի դիտմանը մասնակցում էին Գյումրի քաղաքում գործող տարբեր երիտասարդական կենտրոնների շահառուներ։
Նշենք, որ ֆիլմը առցանց հարթակում չկա, այն հատուկ տրամադրվել էր ՀՅԴ ՀԵՄ-ի Գյումրու մասնաճյուղին՝ դիտելու համար։
«Դրախտի դարպասը» Արցախյան պատերազմին նվիրված խաղարկային լիամետրաժ ֆիլմ է, որը կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը նկարահանել է 2018 թվականին։ Ֆիլմն արտադրվել է Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի հետ համատեղ: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է 2019 թ. հոկտեմբերի 17-ին Երևանում, հոկտեմբերի 19-ին՝ Ստեփանակերտում։
Կարող ենք ասել, որ 2021 թ. մարտի 27-ին ֆիլմի պրեմիերան կայացավ նաև Գյումրիում՝ «Շիրվանյան» երիտասարդական կենտրոնում։
Ֆիլմի ավարտից հետո երիտասարդները հնարավորություն ունեցան տեսակապով միանալու կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանին, տալու իրենց հուզող հարցերը և կիսելու իրենց տպավորությունները։
Ինչպես հետո մեր զրուցակիցն ասաց՝ ֆիլմը պետք է հարցեր առաջացնի: Նա մեծ սիրով պատասխանեց երիտասարդների հարցերին, չնայած ավելի շատ ծափահարություններ էին լսվում։
Առիթից օգտվելով` մենք ևս փոքրիկ հարցազրույց ունեցանք Ջիվան Ավետիսյանի հետ, ով շատ հետաքրքիր և անկեղծ զրուցակից է։ Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրուցից մի քանի հատված։
-Ձեր գործունեությունն ուսումնասիրելիս նկատեցի, որ Ձեր ֆիլմերի մեծ մասը նվիրված է Արցախյան պատերազմին՝ և՛ առաջինին, և՛ ապրիլյանին։ Հետաքրքիր է՝ պատահականությո՞ւն է, թե ՞ Դուք հատուկ հենց այդ թեմաներն եք ընտրում։
-Պատահական չէ, հատուկ ընտրում եմ այդ թեմաները, որովհետև այդ թեմաներն ինձ հոգեհարազատ են, ինձ համար կարևոր են դրանք, և ես իմ ամբողջ կյանքը պատերազմի միջով եմ ապրել, անցել…, և չի կարող պատերազմը իր հետքը չթողնել իմ կյանքի վրա: Դրա համար ես էլ, բնականաբար, պիտի անդրադառնամ ինձ համար ցավոտ կետերին։
-Դուք հարցազրույցներից մեկում ասել եք, որ «ֆիլմ նկարելը ցավեցնելով մարդկանց բուժելն է»։
-Այո։
-Ի՞նչ դժվարությունների եք բախվել «Դրախտի դարպասը» ֆիլմը նկարելիս։
-Գիտեք, դժվար է պատերազմական ֆիլմ նկարել, դժվար է բացասական ֆիլմ նկարել, դժվար է ֆիլմը նկարել միջազգային դերասանական կազմով, դժվար է գտնել միջոցները, հնարավորությունները։ Ընդհանրապես դժվար է արցախյան թեման աշխարհում առաջ տանել՝ քաղաքական ինչ-ինչ պատճառներից ելնելով։
- Կարծես թե Դուք գուշակեցիք իմ հաջորդ հարցը. Մոսկվայի փառատոնի մասին էր հարցս լինելու, երբ «Դրախտի դարպասը» ֆիլմը դուրս մնաց ոչ մրցութային ծրագրից։ Դուք հարցազրույցներից մեկում նշել էիք, որ բողոքարկելու եք։ Ի՞նչ եղավ այդ հարցը։
-Բողոքարկել, բողոքարկում ենք, չենք լռում։ Հատուկ բողոքարկելու որևէ ձև չկա, որ դու բողոքարկում ես, և իրենք ընդառաջում են կամ ոչ։ Այն, որ դու չես լռում, դրա մասին խոսում ես, հենց դա բողոքարկումն է, որն անընդհատ պետք է թմբկահարել, ասել, որ դուք, քաղաքական նպատակներից ելնելով, ֆիլմը դուրս թողեցիք։
-Իսկ ինչպիսի՞ն է դրախտը` Ձեր պատկերացմամբ։
-Դրախտն, իմ պատկերացմամբ, իմ պապական գյուղն է, այն արահետը, որտեղով ես անցել եմ մանկության ժամանակ… այն հարազատ մարդիկ, որոնք ինձ համար թանկ են, կարևոր են և ինձ հետ են։
-Ի՞նչ կասեք հայ կինեմատոգրաֆիայի մասին, ինչպիսի՞ զարգացում կարող է ունենալ։
-Հայ կինեմատոգրաֆիան ունի մեծ ապագա, վստահ եմ։ Ուղղակի պետք է շատ աշխատել և խելոք քայլեր անել։ Պետք է փորձել համագործակցություն ձևավորել խոշոր ընկերությունների հետ, պետք է կարողանալ հայկական թեմաները հետաքրքիր մեկնաբանությամբ ներկայացնել աշխարհին։ Մենք, մեր թեմաներն առաջ քաշելով ու զարգացնելով, կարող ենք միայն կինեմատոգրաֆիայում զարգացում ունենալ։
-Շատ շնորհակալ եմ։ Ընկե'ր Ջիվան, Ձեր կենսագրությունն ուսումնասիելիս տեսա, որ Դուք շատ-շատ մրցանակներ եք ստացել տարբեր ֆիլմերի համար, բայց կցանկանայի՝ դրանցից մեկն առանձնացնեիք, որը Ձեզ համար իրոք յուրահատուկ է։
-Ինչ բարդ հարց տվեցիր… Գիտեք, ամենալավ մրցանակս դուք եք… Մեծագույն մրցանակը ռեժիսորի համար իր հանդիսատեսն է։
-Եվ վերջին հարցը՝ եթե ֆիլմ նկարեիք Արցախյան երկրորդ պատերազմի մասին, ի՞նչ վերնագիր կունենար։
-Մենք հիմա աշխատում ենք Արցախյան երկրորդ պատերազմի մասին պատմող ֆիլմի վրա։ Եվ արդեն վերնագիր ունի։ Ֆիլմն անդրադառնում է 2020 թվականի պատերազմին և շատ հետաքրքիր մեկնաբանություններ ունի, շատ հետաքրքիր պատմություն ունի։ Ֆիլմը կոչվում է«Վերածնվածը». ես վստահ եմ, որ մենք վերածնվելու ենք։ Այս ցավից, այս սգից, այս ողբից դուրս ենք գալու և իրական հաղթանակներ ենք ունենալու։ Մեր մեծ հաղթանակներն առջևում են։ Մեր կորուստը շատ մեծ է եղել, շատ մեծ կորուստներ ենք ունեցել, բայց պետք է արժանի լինենք այդ կորստին և աշխատենք գիշեր-ցերեկ, որպեսզի վերածնվենք։
-Շնորհակալություն շատ, շնորհակալություն նաև փակագծեր բացելու համար։
-Ձեզ շնորհակալություն։
Մեր հարցազրույցի վերջում ընկեր Ջիվանը խոստացավ գալ Գյումրի, իսկ մենք խոստացանք անհամբեր սպասել նման դրական, անկեղծ մարդու և յուրահատուկ կինոռեժիսորի հետ մեր հաջորդ հանդիպմանը։
Պատրաստեց Սեդա Ոսկանյանը (ք. Գյումրի)