կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-01 15:10
Աշխարհ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լելե-Թեփեի գործողության ընթացքում 650 զոհ ենք ունեցել, 44 տանկից 42-ը թողել ենք մարտի դաշտում․ Գեղամ Նազարյան

44 օր տևած պատերազմի ելքը վճռվել է հենց Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ, երբ քաղաքական որոշում է կայացվել առանց տեղանքը հետախուզելու, առանց գնահատելու մեր ուժերը, առանց նախապատրաստության՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմադիր Գեղամ Նազարյանը մամուլի ասուլիսում։

«Անմեղսունակությո՞ւն էր Լելե Թեփեի օպերացիան այդ ձևով իրականացնելը, թե՞  դավաճանությունը, դեռ պետք է պարզել։ Բայց այն, ինչ մենք հասցրել ենք ճշտել լավատեղյակ աղբյուրներից, փաստում է՝ սարսափելի մի բան է եղել»,- ասաց Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին ևս զոհվել է վերջին պատերազմում։

Նա նշեց, որ տեղի է ունեցել մեկ այլ հանցագործություն ևս․ մեր գրոհող զորքը բուն օպերացիայի մասին իմացել է ընթացքի ժամանակ, երբ տանկերով ընթացքի մեջ են եղել․ սա, նրա խոսքով, ոչ թե ռազմական գործողություն է հիշեցնում, այլ դիտավորյալ ցեղասպանություն։

«Ամենամեղմ գնահատականով՝ այդ գործողության ընթացքում 650 զոհ ենք ունեցել, 44 տանկից 42-ը թողել ենք մարտի դաշտում»,-ասաց նա։

Գեղամ Նազարյանի համոզմամբ՝ 42 տանկով կարելի էր վճռել ցանկացած պատերազմի ելք, սակայն այդ  գործողության հետևանքով մի քանի ժամում այդ տանկերը  նվիրվել են թշնամուն։

Նա հրեշավոր է որակում փաստը, երբ գործողության ընթացքում պետության ղեկավարը միջազգային լրատվամիջոցին հարցազրույց է տալիս ու մանրամասնում, որ հարավային ուղղությամբ կարևոր գործողություն է ընթանում։

«Մեր արցախյան աղբյուրները հայտնում են, որ երբ տանկերը Ա կետից Բ կետն էին շարժվում, ամբողջ Ստեփանակերտը խոսում էր, թե մեր զորքերն ուր են գնում։ Բնականաբար, եթե Ստեփանակերտում խոսում էին, եթե Նիկոլ Փաշինյանը RBC-ին պատմում է, ապա դրա մասին իմանում են նաև Ադրբեջանում, Թուրքիայում։ Սրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան»,-ասաց նա։

Զոհված զինծառայողների ծնողները խորհրդարանական խմբակցություններից պահանջում են Լելե Թեփեի օպերացիայի վերաբերյալ լսումներ անցկացնել։ Գեղամ Նազարյանը խոստովանում է՝ գնալով համոզվում է, որ Լելե Թեփեի օպերացիայի նպատակը եղել է ոչ թե քարոզչությունը, այլ հենց բանակի ողնաշարը ջարդելը։

«Զինվորականների, զինվորների, սպայական կոչում ունեցողների հետ երբ մենք խոսում ենք, պարզվում է, որ մի քանի հակահարվածի անհաջող փորձեր են իրականացվել նույն ուղղությամբ էլի մեծ կորուստներով։ Տեղի է ունեցել ցեղասպանություն, մեր երեխաներին տարել են, դիտավորությամբ դրել հարվածի տակ։ Եվ եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ որոշ ժամանակ հետո մենք մոռանալու ենք տեղի ունեցածը, սխալվում են։ Մենք բոլորս՝ առողջ ուժերը, որոնք այս երկորւմ մեծամասնություն են կազմում, պետք է ավելի ակտիվ լինեն, ստեղծեն այնպիսի մթնոլորտ, որ գերագույն գլխավոր կապիտուլյանտը հասկանա, որ ինքը Հայաստանում տեղ չունի, որ ինքը Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունի և իր միակ տեղը բանտախուցն է»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Նա նշեց, որ նահատակված զինծառայողների ծնողների 99 տոկոսը հասկանում է, թե ինչ է եղել, մինչև վերջ հետամուտ են լինելու, որ մեղավորները կրեն ամենախիստ պատիժը։

«Մենք մեր ձեռքերը ծալած չենք նստելու։ Հիմա ուսումնասիրում ենք, թե ինչ հրեշավարություն է տեղի ունեցել Շուշիում։ Դրան հետո կանդրադառնանք»,-ասաց զոհված զինծառայող Աբգարի հայրը։

Նա առնվազն անմեղսունակություն համարեց՝ գնալ, կանգնելը մի մարդու կողքին, որը թշնամուն հանձնել է Շուշին, ով առնվազն հինգ հազար լույս տղերքի զոհվելու թիվ մեկ մեղավորն է։

«Ես հուսով եմ, որ իրենք կանգ կառնեն, կհասկանան։ Ի վերջո, անկախ այն բանից, թե Նիկոլն ինչքան է խոսում, հայտարարություններ անում, լայվեր անում, պատուհանից ինչ է նկարում ու ցուցադրում, նրա ապագան կանխորոշված է։ Ուղղակի դա օրերի հարց է, թե երբ է նա վռնդվելու ու կանգնելու դատարանի առաջ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանի հիմնադրած նախաձեռնության կազմում են պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, պատերազմի մասնակիցները, պատերազմի ընթացքում վիրավորված տղաներն ու նրանց ընտանիքի անդամները։ Երեկ նախաձեռնությունը տարածել էր հայտարարություն՝ պահանջելով հայտնաբերել Լելե Թեփեի գործողության քաղաքական որոշման պատասխանատուին։ Հայտարարության ներքո ստորագրել էին մի քանի տասնյակ զոհված զինծառայողների ծնողներ։ Նազարյանն ընդգծեց, որ տարածած հայտարարությանը մեկ օրում միացել է 150 մարդ, սակայն իրականում իրենց շարքերն ավելի ստվար են։ Նա հույս ունի, որ խորհրդարանական երկու ուժեր՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» կարձագանքեն, վստահ չէ, որ «Իմ քայլից»  կարձագանքնեն հայտարարությանը։

Մանրամասն՝ տեսանյութում․