կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-25 17:15
Տարածաշրջան

Էրդողանը ցանկության դեպքում կարող է գրչի մեկ հարվածով լքել Մոնտրյոյի կոնվենցիան

Էրդողանը ցանկության դեպքում կարող է գրչի մեկ հարվածով լքել Մոնտրյոյի կոնվենցիան

Վերջին օրերին Թուրքիայի ընդդիմությունը քննադատում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ոչ այնքան Ստամբուլյան համաձայնագրից դուրս գալու, որքան այն բանի համար, որ Թուրքիայի նախագահը կարողացավ մեկ հրամանագրով դուրս գալ միջազգային կոնվենցիայից՝ համաձայնագիր, որն ընդունվել է երկրի ամբողջ խորհրդարանի կողմից 2014 թ.՝ Էրդողանի կուսակցության նախաձեռնությամբ:

Այս հարցը HaberTürk հեռուստաալիքի հետ հարցազրույցում մեկնաբանել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Մուստաֆա Շենթոփը: Նա ասել է, որ Թուրքիայի նախագահը տեխնիկապես իրավունք ունի դուրս գալու միջազգային ցանկացած պայմանագրից: «Իսկ Մոնտրյոյի կոնվենցիայի՞ց» հարցին՝ պատասխանել է, որ ցանկության դեպքում  Թուրքիան կարող է հրաժարվել նաև դրանից։

«Բայց մի բան է՝ կարողանալ դա անել, մեկ այլ բան՝  «տրամաբանական հավանականությունը», որ դա իրականում կկատարվի»,- հավելել է Շենթոփը:

Մոնտրյոյի՝ 1936 թ. կոնվենցիան, որը գործում է մինչ օրս, ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիան է, որը ենթադրում է, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կա հստակ սահմանափակում՝ միայն մանր և ոչ մեծ տարողությամբ ռազմանավերին է թույլատրվում մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ):

Ի դեպ, Թուրքիան բազմիցս խախտել է այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով: