կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-24 12:37
Հասարակություն

Լևոն Մկրտչյանը մեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող չհնչեցնել դպրոցի պաշտոնական գրանցված անունը

Լևոն Մկրտչյանը մեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող չհնչեցնել դպրոցի պաշտոնական գրանցված անունը

Հինգշաբթի օրը ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը կառավարության հաստատմանն էր ներկայացրել Սիսիանի թիվ 1 հատուկ դպրոցը կենտրոնի վերափոխելու և դրան ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ տալու մասին որոշման նախագիծ:

Ուշագրավ է, որ մամուլում շահարկումների տեղիք էր տվել այն, որ Մկրտչյանն իր ելույթում օգտագործել էր «մտավոր թերզարգացում ունեցող երեխաներ» տերմինը` ներկայացնելով, սակայն, հաստատության անունը:  

Մկրտչյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ կառավարության նիստում Մկրտչյանը ներկայացրել է կառավարության որոշման նախագիծ, որը վերաբերում էր «Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելուն: «Այսինքն` այդ անվանումը, որպես ՊՈԱԿ-ի անվանում, կար, և հիմա կրթության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը շատ մեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող չհնչեցնել դրա պաշտոնական գրանցված անվանումը, որի վերափոխման հարցով էլ հենց դիմել էր կառավարությանը»,- ասաց Մարգարյանը:

Հիշեցնենք, որ գործադիրի որոշմամբ` Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցը կվերանվանվի Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի:

Հիմնավորման համաձայն՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրմամբ նախատեսվում է համընդհանուր ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդնում:

Այն կնպաստի կրթության ոլորտում սահմանված նպատակների իրականացմանը, մասնավորապես կապահովի հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն բոլոր երեխաների համար: Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի համաձայն՝ այս տարվա ընթացքում նախատեսվում է Սյունիքի մարզում 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում: